Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի

Ապրիլ 06,2001 00:00

«Տաղարանը» հովանավորներ չունի Հայաստանի հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը ստեղծվել է 1981-ին, իր առջեւ խնդիր ունենալով՝ վերծանել եւ տարածել հնագույն եւ միջնադարյան հոգեւոր եւ ժողովրդական երգերը։ Երաժշտագետների կարծիքով, «Տաղարանն» իր ստեղծագործական բարձունքին հասավ 1987-ից՝ Երվանդ Երկանյանի ղեկավարությամբ։ Այսօր համույթը ղեկավարում է Ե. Երկանյանի եղբայրը՝ Սեդրակ Երկանյանը։ Ներկայացնում ենք մեր թղթակցի հարցազրույցը նրա հետ։ – Ե՞րբ եք սկսելու նոր համերգաշրջանը։ – Ապրիլի 17-ին կկայանա մեր առաջին համերգը՝ Պյորսել, Բախ, Հենդել ծրագրով։ Մայիսի վերջին կամ հունիսի սկզբին նախատեսվում է երկրորդ համերգը։ Ապա կլինի հայկական հոգեւոր եւ աշխարհիկ երաժշտության շարք։ Այս տարի կրկին ուզում ենք ներկայացնել մեր ամերիկյան նեգրոսպիրիչուելսները։ Եվ ամենակարեւորը. աշնանը ուզում ենք կազմակերպել «Տաղարանի» 20-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո։ Մտահղացում կա անդրադառնալ նաեւ ֆրանսիական միջնադարյան կամ ժամանակակից երաժշտությանը։ Եվ եթե մեր մտահղացումները համապատասխան աջակցություն ստանան, հավանաբար կգտնենք եւ մեր չինական ծրագիրը։ Ուզում եմ նշել նաեւ մեր շուրջ 5 տարվա պայքարը՝ ֆինանսական աջակցություն ստանալու համար, որպեսզի իրականացնենք «Հռիփսիմե» օպերայի բեմադրությունը։ Եթե նույնիսկ Քրիստոնեության 1700-ամյակի առթիվ հոգեւոր թեմայով առաջին օպերան («Հռիփսիմե») չհովանավորեն, ես պետք է աբսուրդ օպերա բեմադրեմ, որը գրված է մեզ համար եւ վերնագրված՝ «Անվերնագիր»։ Սա օպերա է մեր իրականության մասին՝ մարդորսության մասին… Որպեսզի գոյատեւենք՝ պետք է մարդ ուտենք։ – Ի՞նչ կարող եք ասել ձեր հյուրախաղերի մասին։ – Ապրիլ ամսին ես երկու մենակատարների հետ մեկնում եմ Կորեա, ապա՝ Լեհաստան՝ փառատոնին մասնակցելու նպատակով։ Ի դեպ, ե՛ւ հրավերը, ե՛ւ ֆինանսական ծախսերի հետ կապված հարցերը հոգում են կորեացիները։ Հյուրախաղեր են սպասվում Բեյրութում եւ Իտալիայում։ Իսկ մինչ այդ շատ հրավերներ ստիպված ենք եղել անպատասխան թողնել՝ պետության՝ մեր հանդեպ անուշադրության պատճառով։ Նույնիսկ դեպքեր են եղել, երբ նախարարները մեր անվան տակ ուրիշներին են արտասահման ուղարկել։ – Հովանավորներ չունեք։ Ինչո՞ւ։ – Կառավարության կողմից իրականացվող որսից հետո՝ այն անհատների եւ ընկերությունների նկատմամբ, որոնք փորձում էին մեզ հովանավորել, այլեւս դժվար է գտնել բարերարներ։ Ներսի փողատերերը, եթե ինչ-որ մեկին հովանավորում են, ապա՝ վերեւներից եկող կարգադրությամբ եւ, որպես կանոն, դա լինում է սպորտի բնագավառում։ Իսկ դրսից… Օրինակ՝ Լուիզ Սիմոն Մանուկյանը որքա՞ն կարող է հովանավորել։ Փաստորեն ստացվում է այնպես, որ բոլոր բարերարները դրսից են։ Ե. Երկանյանի օրոք հովանավորներ գտնվեցին եւ թողարկվեց «Տաղարանի» լազերային ձայնասկավառակը, սակայն շատ շուտով հովանավորողներին «հոշոտեցին»… Երբեմն հովանավորություն է լինում այս կամ այն դեսպանատան կողմից, որոնք համերգներ են պատվիրում տարին 1-2 անգամ։ – Ի՞նչ նպատակներ էր «Տաղարանը» դրել իր առաջ ի սկզբանե, որո՞նք են իրականացվել։ – Չգիտեմ, թե ինչ կոնկրետ ծրագրեր է ունեցել համույթի առաջին ղեկավարը, բայց հիմնական նպատակը եղել է լուսաբանել հայկական միջնադարյան երաժշտությունը։ Մատների վրա կարելի է հաշվել, թե որքան տաղ եւ շարական գիտի մեր ժողովուրդը։ Այսինքն, այդ վիթխարի երաժշտական ժառանգությունը դեռ պետք է մատուցենք ժողովրդին, դարձնենք նրա սեփականությունը։ Սա՝ դեռ միայն հայկականը։ Ծրագրավորել ենք նաեւ ֆրանսիականը, իսպանականը, նիդեռլանդականը, անգլիականը, չինականը… Վերջին տարիներին ավելացրինք նաեւ չինական, ամերիկյան (սպիրիչուելսներ) երաժշտություն եւ անգամ ջազային կտորներ։ Հրաշալի երգչուհիներ ունենք, օրինակ, Լուսինե Մարկոսյան, Թամարա Տաթոյան, Տաթեւիկ Բաղդասարյան… Եթե հաստիքները ավելացնեն, կունենանք նաեւ երգիչներ։ Զրուցեց ԼԻԼԻԹ ԲԵԿՉՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել