Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիս ունեմ, հայե՛ր։ Կարող եք ուրախանալ։ Միայն մեզ մոտ չէ ամեն ինչ այդքան ահավոր ու անտանելի։

Ապրիլ 06,2001 00:00

ՄԵՐՆ ԷՆՔԱՆ ԷԼ ՈՒՐԻՇ ՉԷ Ավետիս ունեմ, հայե՛ր։ Կարող եք ուրախանալ։ Միայն մեզ մոտ չէ ամեն ինչ այդքան ահավոր ու անտանելի։ Միայն մեր նախագահը չի բռնակալության հակումներ ցուցաբերում եւ միայն մեզ մոտ չի, որ մարդկային արյուն է կորում հիվանդանոցից՝ այն էլ սպիդով վարակված։ Ավելի ծանր դեպքեր էլ են լինում աշխարհում։ Գիտե՜մ, գիտե՜մ, հայի «խասյաթով» հիմա կդժգոհեք՝ չէ՜, մեր ցավն ամենաուժեղն է, մեր վիշտն ամենածանրն է, մեր նախագահն ամենատղամարդն է ու մեր կորցրած արյունը ամենասպիդակիրն է։ Չեմ վիճում։ Բայց Թուրքմենիայի նախագահի արածն էլ մի բան չի՝ հրամայել է լիկվիդացնել Թուրքմենիայի օպերայի եւ թատրոնի բալետը։ Եվ ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ. «Բալետը երբեք չի հետաքրքրել թուրքմեններին։ Ինչպե՞ս կարող ենք թուրքմենների մեջ բալետի նկատմամբ սեր նկատել, երբ նրանց արյան մեջ բալետ չկա։ Չի կարելի այլ երկրում, աշխարհի մյուս ծայրում ստեղծված արվեստը սրսկել մեր մեջ։ Պետք է զարգացնել մերը՝ ազգայինը։ Ես չեմ հասկանում բալետը, ուրեմն՝ ինչի՞ս է այն պետք»,- տրամաբանորեն եզրափակել է իր մեկնաբանությունը անկրկնելի Թուրքմենբաշին։ Դա դեռ բոլորը չէ, նա հրամայել է արգելել ծխելը նախարարություններում, գերատեսչություններում, հիմնարկ-ձեռնարկություններում, կազմակերպություններում, զինվորական մասերում, միություններում, բոլոր կրթական հիմնարկներում, թատրոններում եւ կինոթատրոններում, համերգասրահներում, տրանսպորտում, զբոսայգիներում եւ այլ վայրերում, որտեղ հնարավոր է մարդկանց զանգվածային ներկայությունը։ Օրենքը խախտողները կտուգանվեն 500 հազար մանաթի (ավելի քան 90 դոլար) չափով։ Հիմա տեսա՞ք, թե մարդու իրավունքները ոնց են խախտում, թե չէ ամբողջ օրը դարդ ենք անում. «Հայաստանում անընդհատ խախտվում են մարդու իրավունքները, ձերբակալվում եւ խոշտանգվում են անմեղ մարդիկ»։ Դեռ ինքը՝ կոմպլեմենտարիզմի հայր Վ. Օսկանյանն էր ասել, որ ըտենց մանր-մունր բաները մարդու իրավունքների խախտում չեն։ Այ, Թուրքմենբաշու արածը, կոպտագույն խախտում է։ Չհամեմատվե՛ք։ Ինչ վերաբերում է մեր կորցրած վիրուսակիր արյանը։ Բա դա մտածելու բա՞ն է։ Ի՞նչ է պատահել որ՝ մի 10-20 գրամ արյուն է կորել։ Բա որ Մոլդովայում անցած շաբաթ 12 կգ մարդու միս է վաճառվել ու հիմա Քիշնեւի առնվազն 10 ընտանիք հանգիստ կարող է գրանցվել աշխարհի լավագույն հանիբալիստների՝ մարդակերների ցուցակում։ Ինչպես պարզել է Մոլդովայի առողջապահության նախարարության հատուկ այդ գործը քննելու համար ստեղծված հանձնաժողովը. «Մարդկային օրգանների կտորները (այդ թվում՝ կնոջ կուրծք) կողմնակի անձանց մոտ հայտնվել, արդյունքում՝ վաճառվել, ապա եւ՝ սնունդ են դարձել՝ Քիշնեւի ուռուցքաբանական կլինիկայի մորգի աշխատակցուհու անփութության պատճառով։ Վերջինս բիոլոգիական այդ թափոնները լաբորատորիայից չի հասցրել 200 մետր հեռու գտնվող մորգ (որտեղից այդ կտորները պիտի տարվեին քաղաքային գերեզմանոց եւ թաղվեին), այլ նետել է սննդի մնացորդների համար նախատեսված կոնտեյներ, որտեղից էլ «միսը» հայտնաբերել են տեղի բոմժերը եւ հանել վաճառքի»։ Հիմա հասկացա՞ք, որ մեր կորցրած արյունը նրանց կորցրած կրծքի, լյարդի ու թոքի հետ չես համեմատի։ Չէ, մերն էնքան էլ ուրիշ չէ։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել