Ազատամարտիկների մշակած տնտեսական ծրագիրը Հարցազրույց «Ազատամարտիկների եւ կանանց վետերանների միություն» ՀԿ փոխնախագահ Հրաչիկ Սարգսյանի հետ: – Անցյալ տարվա նոյեմբերի 28-ին պետական գրանցում ստացած ձեր կազմակերպությունը ինչպիսի՞ առաքելություններ ունի։ – Միությունն ի սկզբանե նպատակադրվել է աջակցել պետականության ուժեղացմանը, իրավական պետության հաստատմանը, սոցիալական արդարության վերականգնմանը, քաղաքացիական հասարակության կայացմանը, երկրի պաշտպանունակության հզորացմանը, նրա զինված ուժերի հետագա զարգացմանը։ Ջանք չենք խնայելու միավորելու հայ ժողովրդի ազատագրական պայքարի մասնակիցներին, Հայրենական մեծ պատերազմի, աշխատանքի վետերաններին, բոլոր առողջ ուժերին։ – Այդ կարճ ժամանակահատվածում հասցրե՞լ եք շատ թե քիչ աչքի ընկնող աշխատանքներ ծավալել։ -Նախ ստեղծեցինք տնտեսական ծրագրերի եւ գործարարության աջակցության խորհուրդ։ Նրա ուժերով արդեն պատրաստ է տնտեսական բավական ծավալուն ծրագիր, որի մի մասը ներկայացված է ՀՀ կառավարություն։ Վարչապետի հանձնարարությամբ ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը, Հայաստանի զարգացման գործակալությունը, արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնը ուսումնասիրում են փաստաթուղթը՝ խնդրին լուծում տալու համար։ Դրական արդյունքի դեպքում մեր կազմակերպությանը հնարավորություն կտրվի տեղական հումքի բազայի վրա կազմակերպել արտադրություններ՝ 700-800 աշխատատեղերով։ Փորձում ենք համագործակցել բազում միջազգային հումանիտար կազմակերպությունների հետ։ – Կանայք ձեր կազմակերպության մաս կազմո՞ւմ են։ – Բավական է նշել, որ միության անդամ է 63 կին-ազատամարտիկ։ Հետեւողական աշխատանք ենք տանելու սոցիալական բոլոր խմբերի կանանց (զինծառայող, հաշմանդամ, բռնադատված, գործազուրկ) աշխատանքի, հանգստի, սոցիալական ապահովության առանձնահատկություններից բխող նորմատիվային ակտերի ստեղծման ուղղությամբ։ Ձգտելու ենք միավորել հանրապետության կանանց այն կազմակերպությունների ուժերը, որոնց գործունեությունը չի հակասում մեր կանոնադրությանն ու ծրագրին։ Պրոֆեսոր Բազիկյանի անվան հանրապետական հակաուռուցքային դիսպանսերի հետ կնքված համաձայնագրի հիման վրա մոտ ապագայում իրականացնելու ենք 25-70 տարեկան կանանց ու աղջիկների բժշկական անվճար հետազոտում՝ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու համար։ ԾՈՎԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ