ՄԻՆՉ ՍՏՈՒԳՈՂՆԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ՝ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՆ Երեւանի նախադպրոցական հիմնարկություններում պետական հիգիենիկ համաճարակային ծառայության ստուգումների արդյունքում պարզվել է, որ համայնքներում անցյալ տարի եղել են բազմաթիվ խախտումներ, իսկ այս տարի դրանցից շատերը կրկնվել են։ Այսպես՝ Ավանի թաղապետարանը ամռան ամիսներին սուր վարակիչ հիվանդությունների եւ սննդային թունավորումների կանխարգելման նպատակով որոշել է բուժքույրերին ամռան ամիսներին այլեւս արձակուրդ չտրամադրել, մանկական օբյեկտներում խստացվել է շուտ փչացող սննդամթերքի օգտագործման ժամկետների պահպանման վերահսկողությունը։ Շենգավիթի համայնքում սննդի կազմակերպման եւ մանկապարտեզների շենքային պայմանների բարելավման համար ոչ անցյալ եւ ոչ էլ այս տարի ոչինչ չի արվել։ Քանաքեռ-Զեյթուն համայնքի որոշ մսուր-մանկապարտեզներում ձեռնարկվել են միջոցառումներ խմբերի ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու, ինչպես նաեւ սննդի ամենօրյա ճիշտ կազմակերպման համար։ Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն եւ Դավիթաշեն համայնքներում ոչինչ չի ձեռնարկվում աշխատողներին բժշկական քննությունների ենթարկելու ուղղությամբ՝ պատճառաբանելով ֆինանսների բացակայությունը։ Դեռեւս 2000թ. փետրվար-մարտ ամիսներին Երեւանի գլխավոր պետական սանիտարական բժիշկ Մարիետա Հախվերդյանի առաջարկությամբ եւ քաղաքապետ Ալբերտ Բազեյանի կարգադրությամբ ստեղծվեց քաղաքապետարանի առողջապահության վարչության աշխատակիցներից, հիգիենիկ համաճարակային կենտրոնների մասնագետներից եւ մանուկների ու դեռահասների հիգիենիստներից կազմված հանձնաժողով։ Հանձնաժողովը եռամսյակը մեկ այցելում է նախադպրոցական հիմնարկություններ եւ մանրակրկիտ ստուգումներ անցկացնում սանիտարահիգիենիկ, բուժօգնության սպասարկման, սննդի կալորիականության վիճակի մասին։ Տիկին Հախվերդյանի խոսքերով. «Վերահսկողությունը հիմնականում իրականացվում է երկու ուղղությամբ՝ սանիտարահիգիենիկ եւ համաճարակային ռեժիմների պահպանում։ Հանձնաժողովը ստուգումներից հետո համայնքների ղեկավարներին, նրանց տարածքում գործող մսուր-մանկապարտեզների սանիտարահիգիենիկ վիճակի վերաբերյալ, տվել է գրավոր առաջադրանքներ։ Համայնքների ղեկավարների եւ մսուր-մանկապարտեզների վարիչների մասնակցությամբ անց են կացվել խորհրդակցություններ, որտեղ որոշվել է համաճարակաբանական տեսակետից առավել կարեւոր հարցերին շուտափույթ լուծումներ տալ»։ Պետական հիգիենիկ համաճարակային ծառայության ստուգումներով քաղաքի մանկապարտեզներում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ։ Նախադպրոցական հիմնարկություններում օգտագործվում են մեծ քանակությամբ հին սպասք, խմբերում օգտագործվող խաղալիքները չեն բավարարում երեխաներին, սանհանգույցի զուգարանակոնքերը երբեմն չեն համապատասխանում տարիքային խմբերին, առկա են ջրամատակարարման համակարգի վերականգնման խնդիրներ, խախտումներ են եղել նաեւ մթերքների մշակման գործընթացում, սննդի ռացիոնում (երբեմն այն կազմում է ընդամենը 800-1000 կկալ, այն դեպքում, երբ սահմանված է 1500-2000 կկալ), ճաշացանկը խիստ միատարր է, քիչ է օգտագործվում կաթնամթերք եւ, որ ամենակարեւորն է, մանկապարտեզի աշխատակիցները շատ դեպքերում չեն ենթարկվում բժշկական քննության։ Անցյալ տարի 118 մանկապարտեզ էր տուգանվել, իսկ այս եռամսյակում՝ 37 մանկապարտեզ։ «Տուգանքները մուծելու համար մանկապարտեզի աշխատակիցներից գանձվում է նրանց աշխատավարձի 65-ից 120%-ը, որը կազմում է 1000-ից 2000 դրամ»,-ասաց տիկին Հախվերդյանը։ Մեր այն հարցին, թե արդյո՞ք տուգանքների կրճատումները պայմանավորված չեն նրանով, որ համաձայն վերջերս ընդունված օրենքի, նախքան նախադպրոցական հիմնարկություններ այցելելը, վարիչները երեք օր առաջ զգուշացվում են, տիկին Հախվերդյանը պատասխանեց. «Նախ ասեմ, որ նման օրենքի ընդունումը սխալ եմ համարում, քանզի մեր աշխատանքի արդյունավետությունը հենց հանկարծակի ստուգումներով է պայմանավորված։ Իսկ այս դեպքում մինչ հանձնաժողովը տեղ կհասնի՝ մանկապարտեզը անթերի տեսք կունենա, ուստի որոշումը վերանայելու խնդրանքով վերջերս դիմել ենք ԱԺ»։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ