Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօրվանից «Բուրմունք» օծանելիքի խանութ-սրահներում լավագույն հաճախորդների համար դիմահարդարման անվճար

Ապրիլ 06,2001 00:00

Ֆրանսիական բույրով դեպի ապրիլի 7 Այսօրվանից «Բուրմունք» օծանելիքի խանութ-սրահներում լավագույն հաճախորդների համար դիմահարդարման անվճար սեանսներ կկազմակերպի ֆրանսիական հայտնի «Շանել» ֆիրմայի վիզաժիստ Երվանդ Ինդիկովը։ Այս մասին «Առավոտին» տեղեկացրին «Նուշիկյան» ասոցիացիայից։ Վերջինիս ներկայացուցիչը նշեց նաեւ, որ Երվանդ Ինդիկովը կաշխատի «Շանելի» 2001թ. գարուն-ամառ հավաքածուի արտադրանքով։ Մեր հանրապետությունում որոշակի խավի ջանքերի «շնորհիվ» անհասկանալի խանդ է ստեղծվել ներդրումների եւ ներմուծումների նկատմամբ։ Թերեւս բոլորն են հիշում ներմուծվող եւ տեղական արտադրության ծխախոտների պատերազմի պատմությունը։ Ու եթե այդ ոլորտում ժամանակ առ ժամանակ կարող է որոշակի վեճ ծագել, ապա, կարծում ենք, օծանելիքի արտադրության ոլորտում առաջիկա 100 տարվա ընթացքում Հայաստանին նման «վտանգ» չի սպառնում։ Թեպետ, ով գիտե։ 1921թ., երբ Կոկո Շանելը սկսեց «Շանել N5» հայտնի օծանելիքի մեկնարկը, երեւի ինքն էլ չէր կարող երեւակայել, որ մնայուն արժեք է ստեղծում։ Ի դեպ, «Շանել N5» անվանումը ստացել է այն բանից հետո, երբ 4 տարբեր եղանակներ փորձելով՝ Կոկո Շանելին այդ բույրը կատարյալ թվաց։ Հետաքրքիր է, որ այն ժամանակ բոլորը կարծում էին, թե Կոկո Շանելն այդ բույրին ինչ-որ էկզոտիկ անուն կտա։ Իսկ տիկին Շանելն ընտրեց պարզապես «Շանել N5»։ Հանրապետության շուկաներն այսօր ողողված են, լավագույն դեպքում, արաբա-թուրքական կասկածելի որակի օծանելիքով։ Իսկ շատ հաճախ էլ՝ հայտնի ֆիրմաների արտադրության տեղական կեղծումով։ Սպառողը ոչ մի երաշխիք չունի, թե տոնավաճառներում եւ նույնիսկ խանութներում առաջարկվող ամենատարբեր ու ամենահայտնի ֆիրմաների օծանելիքը, քսուքները, մազի ներկերն ու շամպունները կեղծված չեն։ Իհարկե, նման դեպքերում միշտ նույն «ծանրակշիռ» փաստարկն է բերվում, թե այս երեւույթները հատուկ են անցումային շրջանում գտնվող կամ երրորդ կարգի բոլոր երկրներին։ Սակայն երեւի ժամանակն է արդեն անցնել իսկապես քաղաքակիրթ շուկայական փոխհարաբերությունների։ «Նուշիկյան» ասոցիացիան հանդիսանում է ֆրանսիական մի քանի հայտնի ֆիրմաների դիստրիբյուտորը Հայաստանում։ Այն օծանելիքի պատվերները ներկայացնում է Ֆրանսիայում գտնվող ֆիրմաների կենտրոնակայաններին եւ արտադրանքը ստանում տարածաշրջանային կենտրոնից՝ Մոսկվայից։ Ի դեպ, մեծածախ գնումների դեպքում ասոցիացիան «Շանել» ֆիրմայի արտադրանքը ցանկացած խանութի չի վաճառում։ Սպառողներին տեղեկացնենք, որ «Շանելի» իսկական արտադրանքը կարելի է ձեռք բերել որոշակի պայմանների բավարարող խանութ-սրահներից։ Լ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել