Լրահոս
Օրվա լրահոսը

ասում է Ստեփան Դեմիրճյանը

Ապրիլ 06,2001 00:00

«ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ» ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՄԵՆԱՇՆՈՐՀԸ ՉԷ»,- ասում է Ստեփան Դեմիրճյանը Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը «Միասնություն» դաշինքի լինել-չլինելու հետ կապված իրարանցման մեջ ասաց նաեւ, որ ՀԺԿ-ն գնաց կուսակցությունը պահպանելու ճանապարհով եւ ոչ թե պետության շահերը։ Ասվեց նաեւ, որ ՀԺԿ-ն չի պահպանում դաշինքի ծրագիրը։ Այս առիթով փորձեցինք պարզաբանումներ ստանալ ՀԺԿ նախագահի պաշտոնակատար Ստեփան Դեմիրճյանից։ Վերջինս ասաց, որ ՀԺԿ-ն որեւէ քայլ չի արել «Միասնություն» դաշինքի ծրագրերի դեմ. «ՀԺԿ-ի տեսակետները հստակ են, իսկ պետության շահերի մասին ամեն մեկը իր պատկերացումներն ունի»։ ՀՀԿ անդամները վերջին օրերին հայտարարություններ են անում, թե դիրքորոշումները պետք է հստակեցնի ՀԺԿ-ն եւ ՀԺԿ-ն պետք է որոշի՝ մնում է դաշինքի մեջ, թե ոչ։ Այս առիթով Ստեփան Դեմիրճյանն ասաց. «Ով չի ուզում մնալ «Միասնության» մեջ, իր պրոբլեմն է։ ՀԺԿ-ն «Միասնությունից» դուրս չի գալիս։ Կուսակցությունը դաշինքի ծրագրին դեմ որեւէ քայլ չի արել։ Մեր դիրքորոշումները հստակ են եւ հստակ են եղել միշտ։ «Միասնությունը» որեւէ մեկի մենաշնորհը չէ եւ ճշմարտությունը որեւէ մեկի գրպանում չէ։ Ես չեմ հասկանում, առհասարակ, ի՞նչ հիստերիա է ստեղծվել։ Երբեւէ ՀԺԿ-ի դիրքորոշումը ԲՑ-ների մասնավորեցման մասին գաղտնիք չի եղել։ Մենք որեւէ խնդիր չունենք։ «Միասնությունից» ով ուզում է, թող դուրս գա, ով խոսում է նոր մեծամասնության մասին, ազատ է, կարող է դուրս գալ եւ ստեղծել»։ Բոլոր նրանց, ովքեր խոսում են «Միասնության» պահպանման, ծրագրից շեղվելու եւ այլնի մասին, ՀԺԿ նախագահի պաշտոնակատարը առաջարկեց չմոռանալ, թե ինչպես է ստեղծվել «Միասնությունը», ո՞ւմ շուրջն է համախմբվել։ Ստեփան Դեմիրճյանի պնդմամբ, «ՀԺԿ-ն կողմնորոշվելու խնդիր չունի. թող կողմնորոշվի նա, ով ջղաձիգ շարժումներ է անում։ Եվ առհասարակ, անիմաստ է մեզ հետ վերջնագրով խոսելը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. Հարցազրույցը տեղի է ունեցել «Միասնություն» դաշինքի քաղխորհրդի նիստից առաջ։ Ավելի ուշ պարզեցինք, որ նիստը տեւել է մի քանի րոպե։ Կողմերից որեւէ մեկը նիստի արդյունքների մասին տեղեկատվություն չհաղորդեց։ Մանրամասները՝ վաղվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել