Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՋԱՆՑՔՆԵՐԻ՞ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ

Ապրիլ 06,2001 00:00

ՄԻՋԱՆՑՔՆԵՐԻ՞ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ Ամենատարբեր աղբյուրներ պնդում են, թե Քի Ուեսթ մեկնած պատվիրակությունների կազմում այլեւայլ խորհրդական-օգնական-փորձագետների հետ միասին ընդգրկված են նաեւ քարտեզագրողներ։ Իհարկե, այս տեղեկատվությունը թեեւ վստահություն է ներշնչում, այդուհանդերձ պաշտոնական չէ։ Հայաստանյան լավատեղյակ աղբյուրները ահազանգում են, թե քիուեսթյան բանակցությունների սեղանին հայտնված այն նոր ծրագիրը, որին ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը, իր իսկ խոսքերով, փիլիսոփայական գնահատական է տվել, ներառում է Հայաստանի եւ Ղարաբաղի տարածքում միջանցքների ցանց ձեւավորելու գաղափարը։ Ի դեպ, նկատենք, որ, թերեւս, հասարակությանը նախապատրաստելու համար այդ միջանցքները հիմա շատ նրբորեն «հաղորդակցության ուղիներ» են անվանվում։ Այդ նոր ծրագիրը, որը հակամարտությունների կարգավորման պրակտիկայի տեսանկյունից հիշեցնում է բոսնիական տարբերակը, ավելի քան իրական է թվում։ Այսպես, լավատեղյակ աղբյուրները չեն բացառում, որ Քի Ուեսթում բանակցությունների սեղանին է դրվել մի տարբերակ, որով նախատեսվում է առանց նախապայմանների վերադարձնել հայկական ուժերի կողմից գրավված ադրբեջանական 7 շրջանները։ Իսկ ահա Հայաստանը Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքին զուգահեռ ադրբեջանական կողմի պնդմամբ բացվելու է նաեւ մյուս՝ Ադրբեջանը Նախիջեւանին կապող Մեղրիի, այսպես կոչված, «հաղորդակցության ուղին»։ Ընդ որում, ավելի քան հավանական է, որ միաժամանակ քննարկման առարկա կդառնա նաեւ Հայաստանի տարածքում գոյություն ունեցող անկլավները միջանցքների վերածելու դրույթը։ Հակամարտության կարգավորումն ամերիկյան ձեւով ենթադրում է ԼՂՀ-ի տարածքում Շուշի-Աղդամ կապի ընձեռում։ Հայաստանի տարածքում այդօրինակ միջանցքներն անհամեմատ ավելին են լինելու։ Այս իմաստով դիտորդները նշում են, թե խոսքը տվյալ դեպքում վերաբերում է Քյարքի-Նախիջեւան, Արծվաշեն-Վահան, Ոսկեպար- Ասկեպար, Բարխուդաղլու-Ղազախ բնակավայրերին։ Թե բանակցություններն ի՞նչ արդյունք կարձանագրեն՝ դժվար է ասել անգամ դրանց ավարտից հետո։ Բանն այն է, որ Քի Ուեսթում Մինսկի խմբի ԱՄՆ եռանախագահող պարոն Քավանոն հայտարարել է, թե բանակցություններին մասնակցող եւ միջնորդող բոլոր կողմերը համաձայն են պահպանել բանակցությունների գաղտնիությունը եւ չհրապարակել որեւէ մանրամասն, կոնկրետ արդյունք։ Հստակ է միայն մի բան. եթե, հավատանք մեր աղբյուրներին, եւ, եթե Քի Ուեսթում վերը նշված դրույթներն են նաեւ քննարկման առարկա դառնալու, կնշանակի, որ բանակցությունների սեղանին դրված է հատկապես Հայաստանի քարտեզը։ «Բանակցությունների նման զարգացման դեպքում ոչ միայն Ղարաբաղ-Ադրբեջան, Ղարաբաղ-Հայաստան, այլեւ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանի վերահսկողությունը կստանձնեն միջազգային խաղաղապահ ուժերը»,- մեր զրույցի ժամանակ ահազանգեց դիտորդներից մեկը։ Վերջինիս կարծիքով, այսօր ԼՂՀ հիմնախնդիրը, ինչպես Դավիթ Շահնազարյանն էր պնդում, կարող է լուծվել արդեն Հայաստանի ինքնիշխանության հաշվին։ Դիտորդներից մեկն էլ մտահոգություն հայտնեց, թե Մեղրի-Նախիջեւան միջանցքի բացումը եւ այնտեղ արեւմտյան խաղաղապահ ուժեր տեղակայելը՝ Հայաստանին կներքաշի Արեւմուտքի կողմից Իրանի դեմ հնարավոր սանկցիաների կիրառման մեջ։ Մեր այն հարցին ի պատասխան, թե իրականում Քոչարյանն արդյո՞ք պատրաստ է գնալ նման քայլի, դիտորդներից մեկն ասաց. «Արեւմուտքը կփորձի ստիպել Քոչարյանին՝ Մեղրին պատանդի կարգավիճակում թողնել։ Դա կարող է ծանրակշիռ լծակ լինել նաեւ Հայաստանում արտաքին քաղաքական կողմնորոշումներ վերսկսելու իմաստով»։ Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել