«Հեղաշրջումը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին» Վերսկսվեց «Հոկտեմբերի 27»-ի գործի դատաքննությունը։ Դրսում կրկին մարդիկ էին հավաքվել։ Նախորդ դատական նիստերի համեմատ բազմությունը մի փոքր նոսր էր, բայց վրդովված ելույթների պակաս չկար։ Հիմնականում խոսում էին կանայք։ Այս անգամ վերջիններս խիստ հարձակողական էին տրամադրված լրագրողների հանդեպ։ Մի կին գրեթե խլում էր լուսանկարչական սարքս՝ ոչ մի կերպ չհասկանալով, որ դա տեսախցիկ չէ։ Կինը բղավում էր. «Եթե Քոչարյանի լրագրողն ես, կորի էստեղից»։ Դատավարությանը դրսից հետեւում էին նաեւ մի շարք քաղաքական գործիչներ։ Վահան Շիրխանյանը եւս ներկաների մեջ էր եւ կրկին ասաց, որ «հեղաշրջումը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին եւ ավարտվել է 27-ին։ Այսօր իշխանությունները շարունակում են մնացած խնդիրները լուծել Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի թիմի հետ կապված»։ Արամ Սարգսյանը եւ Ալբերտ Բազեյանն ասացին, որ իրենք չեն կազմակերպում մարդկանց հավաքվելը դատարանի մոտ՝ մարդիկ իրենց նախաձեռնությամբ են հավաքվում։ Բազմաթիվ էին նաեւ Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները։ «Հոկտեմբերի 27»-ի մասին նոր հայտարարություններ չարվեցին։ Որպես «Միասնություն» դաշինքի ակունքներին մոտ կանգնած քաղաքական գործիչներ՝ ի՞նչ են մտածում «Միասնություն» դաշինքի շուրջ առաջացած իրարանցման մասին Ալբերտ Բազեյանը եւ Արամ Սարգսյանը։ Վերջինիս պնդմամբ՝ «շատերն են շահագրգռված, որ «Միասնությունը» քանդվի»։ Արամ Սարգսյանը նույնիսկ միտում է տեսնում ՀԺԿ-ն ՀՀԿ-ի դեմ հրահրելու, ՀՀԿ-ն՝ «Հանրապետություն» կուսակցության։ Արամ Սարգսյանի կարծիքով, ոմանք հենց այդ հրահրողների ջրաղացին են ջուր լցնում, երբ ինչ-ինչ քայլեր են անում դաշինքի դեմ։ Անձամբ Արամ Սարգսյանը չի ուզում, որ դաշինքը քանդվի եւ անհիմն է համարում այն պնդումները, թե դաշինքը գաղափարական հիմք չունի։ Նախկին վարչապետն ընթացող պրոցեսներում մեղադրեց նաեւ իշխանամետ մամուլին եւ հեռուստատեսությանը։ Պրն Սարգսյանը մասնավորապես դժգոհեց Հանրային հեռուստատեսությունից, «որը կարծես ուրախանում է, հրճվում է, եւ կարծես հնարավորություններն օգտագործելով հրահրում է այդ վեճը։ Ընդհանրապես Հանրային հեռուստատեսությունը հրճվում է խորհրդարանի վրա։ Չգիտեմ, գուցե իրեն ավելի վեր է դասում խորհրդարանից, հետեւաբար, ավելի մեծ հենարան ունի, քան խորհրդարանը»: Ալբերտ Բազեյանի դիտարկմամբ՝ այն, ինչ այսօր կատարվում է «Միասնություն» դաշինքի ներսում եւ նրա շուրջ, հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետեւանքով առաջացած իրավիճակի արդյունք է։ Բազեյանը չի ընդունում, որ դաշինքը գաղափարական հիմք չունի. «Մշակվել է դաշինքի միասնական ծրագիր։ Երկու կուսակցություններն էլ կենտրոնամետ են, մեկը՝ ձախակենտրոն քաղաքական ուժ է, մյուսը՝ աջակենտրոն. այնպես որ, որոշակի ընդհանրություններ կային»։ Դաշինքում առաջացած տարաձայնության առիթ ԲՑ-ների մասնավորեցման հարցի վերաբերյալ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահն ասաց. «Վազգեն Սարգսյանն այսպիսի սեփականաշնորհման կողմ չէր կարող լինել։ Ներկայումս ՀԲ-ն, եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի իր դիրքորոշումներով նաեւ թելադրում է, թե ով պետք է լինի սեփականատեր»։ Պարոն Բազեյանը «Հոկտեմբերի 27»-ի բացահայտման մասին կրկնեց ավելի վաղ ասված իր միտքն այն մասին, որ եթե իշխանությունները չկարողանան հետամուտ լինել գործի բացահայտմանը, ապա այն կբացահայտվի քաղաքական իրավիճակի փոփոխության արդյունքում։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ