Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվարի

Ապրիլ 06,2001 00:00

ՀՈՒՆԱՆՅԱՆԸ «ԽՆԴՐՈՒՄ Է» ՔՐԳՈՐԾԻ ԱՆՋԱՏՎԱԾ ՄԱՍԸ Փետրվարի 28-ին, ինչպես հիշում եք, Նաիրի Հունանյանը միջնորդեց, որպեսզի իրեն տրամադրվեր քրգործի նյութերը՝ «ծանոթանալու նպատակով», ինչը «Հոկտեմբերի 27»-ի դատաքննությունը վարող դատավոր Սամվել Ուզունյանի կողմից բավարարվեց։ Երեկ բոլոր 11 ամբաստանյալները ճաղավանդակներում էին։ Դատական նիստից բացակայում էին փաստաբաններ Տիգրան եւ Մարինա Ջանոյանները։ Վերջիններս Մոսկվայում էին։ Ամբաստանյալ Աշոտ Կնյազյանի պաշտպան Մարուսյա Չիլինգարյանը հիշեց, որ նախորդ նիստին այդպես էլ «պատճառաբանված որոշում չընդունվեց», եւ կրկին առարկեց այն որոշման դեմ, որով 5 ամբաստանյալներ Նաիրի Հունանյանի ցուցմունքներ տալու ժամանակ պետք է հեռացվեին նիստերի դահլիճից։ Մեղադրողներն իրենց հերթին հիշեցրին, որ կարծիքներն արդեն լսվել են, դատարանը համապատասխան որոշում կայացրել է, հետեւաբար, գտան, որ միջնորդությունը պետք է մերժվի։ Պաշտպան պրն Ստեփանյանը, չգիտես ինչու, մեղադրողից հետո ձայնի իրավունք ստանալով՝ գտավ, որ իր գործընկերոջ միջնորդությունը հիմնավոր է եւ տրտնջաց, թե նախորդ նիստին քրդատօրի 336 հոդ. 8-րդ կետը ճիշտ չի մեկնաբանվել։ Դատարանը երկրորդ անգամ մերժեց վերոնշյալ միջնորդությունը։ Նաիրի Հունանյանի միջնորդությունները Երեկ, փաստորեն, առանց այլեւայլության, դատարանի դահլիճից դուրս պետք է բերվեին 5 ամբաստանյալները եւ Նաիրի Հունանյանն էլ ցուցմունքներ պետք է սկսեր տալ։ Դատավոր Ս. Ուզունյանը փաստաբանների միջնորդություններից հետո անցավ Նաիրի Հունանյանի գրավոր միջնորդությունների հրապարակմանը, որպես ի գիտություն շեշտելով. «Աշխարհն է վկա, որ չխախտվի Ձեր… միջնորդությունները»։ Վկա-աշխարհի առջեւ էլ Ն. Հունանյանը խնդրեց իրեն տրամադրել բոլոր ձայնագրառումները, տեսագրությունները, քննչական գործողություններին կցված հավելվածները։ Ավելին, նա միջնորդում էր, որ իրեն տրամադրվի քրգործից անջատված մասը։ – Ոչ մի բան կուլիսների ետեւում չի լինի,- ասաց նախագահողը, եւ Ն. Հունանյանի միջնորդություններն անվանեց «ոչ ժամանակին արված»։ Հաջորդ իր միջնորդություններում (անգամ իր խափանման միջոցը փոխելու մասին) Ն. Հունանյանն առանձին տեսակցություն էր խնդրում դատավոր Ս. Ուզունյանից՝ «իրավաբանական օգնության համար», ինչը բացառեց դատավորը, ասելով. «Առանձին տեսակցելու հնարավորություն չեմ տալիս» եւ ապա. «Ես պաշտպանում եմ իրավունքը»։ Ինչպես հիշում եք, Ն. Հունանյանն ինքն էր հրաժարվել պաշտպան ունենալուց։ Ամբաստանյալը միջնորդեց իրենց բնակարանից առգրավված ինչ-որ օծանելիքի ապրանքագիտական փորձաքննության անցկացումը։ – Թուրքերի՞ց ստացած օծանելիքի մասին է խոսքը,- հարցրեց մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը։ – Որտեղի՞ց գիտեք, որ թուրքերից է,- հարցին հարցով պատասխանեց Ն. Հունանյանը։ Խոսք գնաց 6 մլն արժողության գունազարդ տիպերի փորձաքննության մասին եւս, ինչը բավարարվեց։ Հրապարակվում են ցուցմունքները, ամբաստանյալները մնում են տեղերում Նաիրի Հունանյանը հրաժարվեց դատաքննության ժամանակ ցուցմունք տալ։ Նա ասաց, որ հրաժարվում է ցուցմունք տալ «այս պահին»։ Յուրի Բախշյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Էդուարդ Աղաջանյանը հարցրեց. «Դուք ո՞ր պահին եք պատրաստ ցուցմունք տալ»։ Հետեւեց. «Այս պահին չեմ կարող պատասխանել»։ Տուժող Խոսրով Հարությունյանը՝ դիմելով դատավորին, ասաց. «Ակնհայտ է, նույնիսկ ամենամեղմ տրամաբանությունը հուշում է, որ ամբաստանյալը փորձում է արհեստական ձեւով պրոցեսը ձգձգել։ Դիմում եմ դատապաշտպանների օգնությանը. կարո՞ղ ենք արդյոք արձանագրել, որ ամբաստանյալ Հունանյանը հրաժարվում է ցուցմունք տալուց»։ Դատավորը հաստատելով (ոչ բացահայտ, իհարկե), որ Խ. Հարությունյանն իրավացի է, հիշեցրեց պարզապես, որ դատական նիստը կշարունակվի՝ հրապարակելով այս դեպքում նրա ցուցմունքները։ Իսկ թե ինչո՞ւ էր հրաժարվում ամբաստանյալը ցուցմունքներ տալ, պատասխանը հետեւյալն էր. «Իմ կարծիքով, ես գտնվում եմ ապօրինի կալանքի տակ»։ Ն. Հունանյանի ցուցմունքները հրապարակել սկսեցին ժ. 14.15-ից, եւ երեկ չավարտվեց։ Մուշեղ Մովսիսյանի, Հայկ Բաբուխանյանի, Հրանտ Մարգարյանի, Սամվել Բաբայանի մասով Նախաքննական ցուցմունքներից այն տպավորությունն էինք ստանում, որ առնվազն վերոնշյալ անձինք տեղյակ են եղել կատարվելիք ահաբեկչության մասին։ Նաիրիի մոտ հայտնաբերվել էր մի գրառում, որի վրա գրված էր «Ռազմիկ Վասիլյան+, Միսակ Մկրտչյան+, Մուշեղ Լալայան+, Էդիկ Գրիգորյան+, Հովակ Հովակիմյան+, Համալսարան-, Ազատ, Արմեն-, Սամվել Բաբայան (Զոյա, Մուշեղ+)»։ Նախաքննական իր ցուցմունքները լսելու պահին Նաիրին տեղից ասաց. «Մուշեղ Մովսիսյանի մասով սուտ է», եւ հայտնեց, որ իր նկատմամբ բռնություններ են կիրառվել։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել