Լրահոս
Օրվա լրահոսը

«Միասնություն»

Ապրիլ 06,2001 00:00

«ԱՅԴՔԱՆ ՇՈՒՏ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԹԱՂԵԼ «ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ» «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի այս արտահայտությունը թերեւս բավարար պիտի լիներ, որ լրագրողները դադարեցնեին փորձերը պարզելու, թե որոնք են այն քաղաքական ուժերը, որոնց միջեւ, ըստ վարչապետի, կարող է «համաձայնություն» կայանալ։ Նա այդ բառը նախընտրեց՝ «քաղաքական նոր մեծամասնության» արտահայտության փոխարեն։ Սա արդեն հին ու բարի ավանդույթ է դառնում՝ հենց որ ԲԷՑ-երի առնչությամբ «Միասնության» հակադիր տեսակետները քվեարկությամբ ի հայտ են գալիս՝ ԱԺ-ի այլ կազմավորումները հերթ են կանգնում խորհրդարանական նոր մեծամասնությանը մաս կազմելու համար։ Նախադեպը վկայում է, որ իզուր է հերթ կանգնելը. միմյանց նյարդային բջիջների մի որոշակի քանակ ոչնչացնելուց հետո ՀՀԿ-ն ու ՀԺԿ-ն, ի վերջո, որոշում են շարունակել խաղաղ գոյակցել։ Բայց արդյոք նախորդ փորձը դաս էր դարձել եւ խորհրդարանական ուժերը այժմ չեն փորձում նույն հերթում էլի տեղ գրավել։ Ըստ ԱԺՄ վարչության անդամ Սեյրան Ավագյանի՝ հետագա համախմբումների եւ դաշինքների առնչությամբ «դեռեւս ամեն մի կուսակցության մեջ դիրքորոշման հստակեցման կարիք կա եւ այսօր, կարծում եմ, հենց դա է տեղի ունենում»։ Փոքր-ինչ մանվածապատ պատասխան տվեց «Կայունություն» խմբի անդամ Վարդան Այվազյանը.- «Չեմ կարող ասել, թե տեղ գրավելու կամ զբաղեցնելու մրցավազքում ակտիվ մասնակցություն ունենք»։ Եվ հետո էլ պարտադիր համարեց այդ խնդրի մեկ տարվա տեղապտույտից դուրս գալը եւ հստակ այն հարցին պատասխանելը, թե արդյոք փաստացի գոյություն ունի՞ քաղաքական մեծամասնություն։ Մինչդեռ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն արդեն իսկ հստակ որոշում փոխանցեց. «Հնարավոր նոր մեծամասնությանը «Օրինաց երկիրը» չի մասնակցելու»։ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանին այդ հարցը տալը թերեւս բավական հռետորական կհնչեր, քանզի նախապես հայտարարեց. «Այս Ազգային ժողովը ոչ այլ ինչ է, քան ազգային ամոթ։ Եվ այս ԱԺ-ում բացարձակապես հնարավոր չէ առողջ հիմունքների վրա համագործակցել որեւէ քաղաքական ուժի հետ»։ Հնարավոր նոր… լավ, թող լինի «համաձայնության» առումով խիստ բացասական էին ե՛ւ Կոմկուսի, ե՛ւ «Հայաստանի» դիրքորոշումները։ Նախ ՀԿԿ խմբակցության ներկայացուցիչ Յուրի Մանուկյանն ասաց, թե թվաբանական մեծամասնությունը չի կարող փոխարինել ընտրություններից հետո ստեղծվածին։ Հետո «Հայաստան» խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանն ասաց. «Որպեսզի ԱԺ-ն կարողանա շարունակել իր աշխատանքները՝ պետք է ունենա մեծամասնություն։ Իսկ դրա անունն ինչ էլ դնեն՝ համաձայնությո՞ւն, թե՞ մեծամասնություն՝ կարծում եմ, անընդունելի է, որովհետեւ մեծամասնությունը պիտի մինչեւ ԱԺ գալը ձեւավորվի»։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանն իր հերթին բացահայտեց, թե նոր մեծամասնության շուրջ որեւէ քննարկում առայժմ նախաձեռնված չէ։ Նախորդ փորձն այս դեպքում դաս էր դարձել եւ պրն Վարդանյանը պնդեց, թե նոր ուժերի դաշինքի մասին կխոսեն միայն այնժամ, երբ ՀԺԿ-ն եւ ՀՀԿ-ն կհայտարարեն, թե «դաշինքի մահվան մասին լուրերը չափազանցված չեն» եւ «Միասնությունն» այլեւս գոյություն չունի։ Վերջապես խոսքը տանք օրվա հերոսին՝ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին. «Խիստ դատապարտում եմ այն ուժերին, որոնք, այս էլ որերորդ անգամ, հանրապետության նախագահի բացակայության պայմաններում, երբ շատ կարեւոր խնդիրներ պիտի լուծվեն պետության համար՝ լարվածություններ են ստեղծում։ Ինձ մնում է եզրակացնել, որ ուղղվածությունը ոչ թե ՀՀԿ-ի, «Միասնության», իշխանության դեմ է, այլ ընդհանրապես՝ պետության դեմ»։ Լարվածության առաջացման մեջ ՀԺԿ-ից բացի մեղադրվեց մասնավորապես Կոմկուսը, որ, ըստ պրն Սահակյանի, ոգեւորված իրենց համագումարից եւ «իրենց հյուր՝ աշխարհի թիվ 1 կոմունիստից», ցանկացան երկրի քաղաքական կարգը փոխել։ Իսկ հնարավոր նոր «համաձայնության» վերաբերյալ Գալուստ Սահակյանի պատասխանները փոքր-ինչ անսպասելի հնչեցին. «Չեմ տեսնում նոր մեծամասնության ձեւավորում» ու նաեւ «ես այդքան շուտ չեմ ուզում թաղել «Միասնությունը»։ Գալուստ Սահակյանը բոլորին կոչ արեց. «Եկեք ժամանակից շուտ գերեզմանափորի դեր չկատարենք»։ Նա հստակ նշեց, թե ՀԺԿ-ից ապահարզանի խնդիր չկա. «Մենք ակնկալում ենք որոշակի տեսակետ, դիրքորոշում՝ դիմությո՞ւն եք, թե՞ ընդդիմություն։ Ամենակարեւորը. ոչ միայն ՀԺԿ-ն, այլ այն կուսակցությունները, որոնք մինչեւ այսօր «խաղում են»՝ նաեւ նրանց մոտ արտահայտվի, որպեսզի քաղաքական դաշտի խճանկարը պարզորոշ դիտելի լինի հասարակության համար»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել