Լրահոս
Օրվա լրահոսը

Զրույց

Ապրիլ 05,2001 00:00

Քրիստոնեությունը՝ կյանքի ճանապարհ Զրույց Հայ Առաքելական եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ – Արդարացա՞ն Ձեր սպասելիքները 1700-ամյակին նվիրված այն միջոցառումների վերաբերյալ, որոնք անց են կացվել առայսօր։ – Եթե երկիրը տնտեսապես, բարոյապես, հոգեբանորեն գտնվեր ավելի բարվոք վիճակում՝ արդյունքը ավելին կլիներ։ Թեպետ պայմանները թույլ չտվեցին իրագործել առավելագույնը, պիտի ասել, որ եւ եկեղեցական հանձնախումբը, եւ անձամբ ես բավարարված ենք։ Արված է բավականին աշխատանք եկեղեցաշինության, հրատարակչության, ուխտագնացության, ցուցահանդեսների բացման եւ այլ ոլորտներում։ Եկեղեցական հանձնախումբը մշակել է միջոցառումների երկու փուլ. մեկը՝ մեր ազգը, մեր եկեղեցին ուրիշ երկրներում ներկայացնելու խնդիրն է, մյուսը՝ հայրենիքում կատարելիք հանդիսություններն են։ – Ի՞նչ տոնակատարություններ են սպասվում Արցախում եւ Ջավախքում։ – Արցախում կազմակերպվում են ծրագրեր ե՛ւ մշակութային, ե՛ւ եկեղեցական կյանքում։ Այնտեղ դրությունը բարվոք է։ Ցավով պիտի նշեմ, որ նույնը չի կարելի ասել Ջավախքի մասին։ Հայ ժողովրդի այդ հատվածը դուրս է մնացել 1700-ամյակի ծրագրերից։ Մենք անորոշության մեջ ենք տեսնում այդ տարածքի քաղաքական, մշակութային, հոգեւոր, տնտեսական կյանքը։ Հարցն այստեղ միայն տոնակատարությունը չէ։ Այնտեղ նոր նշանակված երիտասարդ վարդապետը մտահոգող զեկույց է ներկայացրել մեզ։ Վեհափառն այդ շրջանի համար հեռանկարային ծրագրեր է նախատեսում։ Սակայն տնտեսական, քաղաքական տեսանկյունից տարածքը գտնվում է բարդ իրավիճակում։ Հուսով եմ, որ պետության հետ համագործակցելով հոգեւոր իշխանությունները կկարողանան հասնել իրական արդյունքի, եւ 1700-ամյակը կհանդիսանա սկիզբը Ջավախքի հոգեւոր զարթոնքի։ – Աղետի գոտու եկեղեցիների վերականգնման աշխատանքները մտնո՞ւմ են 1700-ամյակի ծրագրերի մեջ։ – Անկասկած, Վեհափառը հատուկ հոգածություն է ցուցաբերում այդ հարցին։ Նա ապահովում է նաեւ բարերարների գործունեությունը։ Չնայած շրջանի հոգեւոր, եկեղեցական կյանքը հուսալի ձեռքերում է, ինձ՝ որպես հայ մարդ, հայ եկեղեցու սպասավոր, մեծապես ցավ է պատճառում, որ հարկ եղած ուշադրությունը չի ցուցաբերվում շինարարական աշխատանքի, կյանքի նորմալ ընթացքի վերականգնման հարցում։ – Կաթոլիկ եւ մյուս ավանդական եկեղեցիները մասնակցո՞ւմ են ծրագրերին։ – Կոնկրետ համագործակցության առաջարկ չենք ստացել թե ծրագրային, թե տնտեսական բնագավառներում։ Սակայն վստահ ենք, որ բոլոր քույր եկեղեցիներն իրենց մասնակցությունն են բերելու այս տոնին, քանի որ դեռ 301 թվից ի վեր Հայ Առաքելական եկեղեցին ընդունվել է համաշխարհային եկեղեցիների ընտանիքի լիիրավ անդամ եւ այսօր տոնը նաեւ նրանցն է։ Լինելով փոքր երկիր, Հայաստանը, սակայն, ունի այնպիսի հոգեւոր արժեքներ, որոնք հպարտանալու, նաեւ՝ մեծ պարտավորությունների տեղիք են տալիս։ Ռ. ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել