Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎ ԿԱՆԱՅՔ

Ապրիլ 05,2001 00:00

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՆԱՅՔ Խոյերը ուզում են երեւալ ծանրակշիռ եւ հագուստն էլ ընտրում են այդ ցանկությունից ելնելով։ Ավելի լավ է նախապատվությունը տալ սպորտային ոճին, ջինսերին, ամենօրյա եւ տոնական ազատ բլուզներին, գործնական կոստյումներին՝ կիսաշրջազգեստով կամ անդրավարտիքով։ Քանի որ Խոյերը ժամանակի մեծ մասը անցկացնում են աշխատատեղում, հանգստանում սրճարանում կամ էլ ռեստորանում, ապա նշված դեպքերի համար շատ տեղին կլինի էլեգանտ զգեստը։ Կոշիկները պետք է լինեն կայուն, ոչ շատ բարձր կրունկներով։ Պետք է օգտագործել նվազագույն քանակի զարդեղեն։ Ցուլ կանայք ծնվել են սեփական արժանապատվության գիտակցությամբ։ Նրանց կեցվածքը հպարտ է։ Անգամ հասարակ զգեստը նայվում է արքայավայել։ Հակացուցված են ժապավենները, ավելորդությունները, ծալքերը։ Սիրում են թանկարժեք արդուզարդ։ Լավ են նայվում թավշից, ծանր մետաքսից եւ նուրբ տրիկոտաժից կարված զգեստները, որոնք ընդգծում են նրանց կանացիությունը։ Նախապատվությունը պետք է տալ միատոն գույներին։ Ուշադրություն պետք է դարձնել ձեռագործ օձիքներին եւ գլխաշորերին։ Բազմադեմ Երկվորյակներին ամեն ոճ էլ սազում է։ Միայն պետք չէ մոռանալ ուր եւ ինչ նպատակով եք գնում։ Հոյակապ տեսք են ունենում սպորտային հագուստում։ Գործնական կոստյումները, բլուզները, սվիտերները, կարճ կամ երկար կիսաշրջազգեստները, բոլոր ձեւերի եւ գույների շրջազգեստները եւ նույնիսկ խալաթը Երկվորյակների պարագայում նայվում են այնպես, կարծես դրանով էլ ծնվել են։ Քանի որ ամեն ինչ շուտ է հոգնեցնում, նրանք սիրում են նոր իրեր գնել, բայց շուտ են հետաքրքրությունը կորցնում այդ հագուստի նկատմամբ։ Զարդերը պետք է մանրակրկիտ ընտրել, որպեսզի ներդաշնակ լինեն զգեստների հետ։ Խեցգետիններն էությամբ տնակյաց են։ Զգեստապահարանը հարուստ չէ, բայց մտածված է ամեն մանրուք. գործնական ոճը՝ աշխատանքի համար, սպորտային հագուստը՝ բնության գրկում հանգստանալու համար։ Տոնական զգեստը կարող է լինել մեկը, բայց ավելի հաճախ հագնում են տնային խալաթ։ Զգեստի ընտրության ժամանակ ղեկավարվում են անհրաժեշտությունից եւ գործնականությունից։ Մոդան նրանց տարերքը չէ։ Առաջնությունը տալիս են թանկ ու ծանրակշիռ զգեստներին, որոնք կրում են երկար եւ խնամքով։ Նրանց համար պակաս կարեւոր չէ, որ ճաշակով հագնված լինեն երեխաներն ու ամուսինը։ Առյուծները սիրում են հագնել վառ, գեղեցիկ եւ աչք ծակող զգեստներ։ Աշխատում են հետեւել նորաձեւությանը։ Հագուստը Առյուծի համար միջոց է նյութական վիճակը, արժանիքները եւ անձնական հմայքը ցուցադրելու համար։ Ուշադրություն պետք է դարձնել հագուստի գույներին, ճիշտ համադրմանը։ Չափից ավելի պերճանքի զարդերով պետք չէ հրապուրվել, հիշեք, որ ճաշակով է այն, ինչ պարզ է, իսկ հագնվելու շնորհքը մեծ տաղանդ ու հնարամտություն է պահանջում։ Կույսը սառը եւ նույնիսկ մի քիչ չոր նշան է ու զգեստապահարանն էլ այդպիսին է։ Գծերի խստություն, պարզություն ու համեստություն։ Նվազագույն քանակի զարդարանքներ՝ այն էլ միայն թանկարժեք։ Չարժե հագնել ազատ հագուստներ, չափից ավելի կարճ կիսաշրջազգեստներ, խոր բացվածքով զգեստներ, դրանք կկաշկանդեն ու շփոթմունքի մեջ կգցեն ձեզ։ Լավ են նայվում անդրավարտիքները կարճ պիջակի կամ ժիլետի հետ, իսկ երկար կիսաշրջազգեստները՝ ազատ բլուզի հետ։ Անհեթեթ են նայվում ժապավեններն ու փոթերը։ Կշեռքների հագուստները միշտ ունենում են ավարտուն տեսք։ Գերապատվությունը տալիս են ոչ վառ ու ցայտուն գունային երանգների համադրությանը։ Ընտրում են նորաձեւության մեկ ոճ եւ մինչեւ վերջ հետեւում դրան։ Միգուցե արժե ինչ-որ բան փոխել, մի քիչ համարձակություն կիսաշրջազգեստի երկարության, զգեստի բացվածքի եւ գունային երանգների ընտրության հարցում եւ դուք նոր տեսք կընդունեք ու կփայլեք ձեր շրջապատում։ Կարիճները միշտ ձգտում են թանկարժեք հագուստների։ Նրանց զգեստապահարանը հարուստ եւ մեծաքանակ է։ Չեն վախենում փորձարկումներից, նույնիսկ իրենց արտաքինի եւ հագուստնի հարցում։ Այն ամենը, ինչ ուրիշների համար անհեթեթ է, Կարիճների դեպքում փառահեղ է։ Զարդեղենը միայն թանկարժեք է։ Խորհուրդների կարիք չեն զգում, որովհետեւ հոյակապ ներքին զգացողություն ունեն եւ հետեւում են դրան։ Աղեղնավորները նորաձեւության հետ ընկերություն են անում։ Հնարավորության դեպքում կարող են ինչ-որ նոր բան ստեղծել իրենց հագուստներից։ Հագնվում են հասարակ ու գործնական։ Ռոմանտիկ են, ընտրում են սպորտային ոճը, որը տարիների ընթացքում սահուն անցնում է ռոմանտիկ նրբագեղի։ Լինում են դեպքեր, երբ ճաշակը դավաճանում է։ Կարող են խախտել գույների ներդաշնակությունը։ Հաճախ կարող են չափն անցնել, բայց դա ոչ թե գռեհիկ, այլ ընդհակառակը, հաճելի է նայվում։ Այծեղջյուրները գերապատվությունը տալիս են դասական ոճին։ Անգլիական կոստյումը, նեղ կիսաշրջազգեստները, փողկապները, օսլայած օձիքները, պարզ ժիլետները երեւի թե Այծեղջյուրների ստեղծագործության արդյունք են։ Խորհուրդ չի տրվում հագնել ժապավեններով, փոթերով եւ ռոմանտիկ ձեւերով հագուստներ, դրանք ծիծաղելի կդարձնեն ձեզ։ Զարդեղենի նկատմամբ Այծեղջյուրները անտարբեր են։ Ջրհոսները սիրում են ապշեցնել հասարակությանը ե՛ւ իրենց պահելաձեւով, ե՛ւ արդուզարդով։ Բոլոր վառ, համարձակ, անսովոր հագուստները գրավում են նրանց։ Եթե դուք տեսնեք ապշեցուցիչ հագուստով ու արդուզարդով կնոջ՝ դա Ջրհոսն է։ Ավելի շատ ճաշակ, իսկ գլխավորը չխախտել չափի զգացողությունը եւ դուք մրցակից չեք ունենա նորաձեւության ասպարեզում։ Ձկներն անսովոր կանայք են։ Գեղեցիկի բնածին զգացողությունը օգնում է նորաձեւության հարցերում։ Կենդանակերպի մյուս նշանները չունեն այնպիսի ոճերի, ուղղությունների, գույների, զարդեղենի բազմազանություն, ինչպես Ձկները։ Նրանք միատեսակ գեղեցիկ են ջինսերում, նրբաճաշակ՝ երեկոյան զգեստում, ռոմանտիկ՝ սարաֆանում, դասական՝ գործնական կոստյումում։ Զգեստների ընտրության հարցում ավելի համարձակ կանանց դժվար թե գտնեք, քան Ձկներն են։ Կարող են կրել կիմանո, սաֆարի, զինվորական համազգեստ եւ բոլորի համար էլ ճաշակով ընտրված կլինեն զարդերը, պայուսակը, գոտին, կոշիկները եւ այլ մանրուքներ։ Անսահման բարձր ճաշակի տեր են։ ՆԱՐԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել