Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ընդունելության

Ապրիլ 05,2001 00:00

ԱԺ-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՄՏԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ Ընդունելության մենաշնորհը բուհերին հանձնելու ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ ընդունվեց փառահեղ արդյունքներով՝ 83 «կողմ», 6 «դեմ» եւ 10 «ձեռնպահ»։ Սակայն ոչ պակաս փառահեղ արդյունքներով՝ 35 «կողմ», 14 «դեմ» եւ 11 «ձեռնպահ», այն տապալվեց երկրորդ ընթերցմամբ, թեպետ օրինագծից հանված էր քննությունները բուհերին հանձնելու կետը եւ մնացել էր միայն ռեկտորների ընտրությանն առնչվողը։ Մի գիշերվա մեջ մտափոխվելու մեր պատգամավորների «խասյաթը» արդեն ոչ ոքի չի զարմացնում։ Մտափոխվելու պատճառներն էլ հաճախ որեւէ կայուն տրամաբանության չեն ենթարկվում, սակայն երկու քվեարկությունների արդյունքների համեմատությունը ինքնին ուշագրավ է։ Քննությունները բուհերին հանձնելու գաղափարին, կարծես թե, դեմ էին բոլորը, բացի, իհարկե, կողմ քվեարկած պատգամավորներից։ Նույնիսկ բուհերի ռեկտորները միաձայն հրաժարվեցին իրենց տրվող շնորհից՝ թեեւ մասնավոր բուհերի ռեկտորների կարծիքով, հենց պետական բուհերի ռեկտորների լոբբինգի արդյունքն էր այդ նախագիծը։ Սակայն վերջիններս կանգնեցին ԿԳ նախարարի թիկունքին ու պաշտպանեցին քննությունների կենտրոնացված համակարգը։ «Կրթության մասին» ՀՀ օրենքում նախատեսվող երեք (քննությունների, արտոնությունների եւ ռեկտորների ընտրության մասին) փոփոխությունների մասին էլ ՀՀ կառավարությունը բացասական կարծիք էր հայտնել։ Չնայած դրան՝ անգամ կառավարության ղեկավարի հարազատ խմբակցությունը առաջին ընթերցման ժամանակ «կողմ» էր քվեարկել օրինագծին։ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւս «կողմ» էր քվեարկել։ Բնականաբար, «կողմ» էր քվեարկել նաեւ Դավիթ Հովհաննեսը։ Հայտնի է վերջիններիս «ջերմ սերը» Է. Ղազարյանի հանդեպ, այնպես որ, հակառակվելու համար առիթը պիտի որ չկորցնեին։ Այս փաստարկը հավանաբար այնքան ուժեղ է, որ Գալուստ Սահակյանը, մոռանալով իր խմբակցության՝ կառավարությանը թիկունք կանգնելու առաքելության մասին, երկրորդ ընթերցման ժամանակ դարձյալ «կողմ» է քվեարկել, թեեւ հասցրել էր օրինագիծն անհեթեթ որակել։ Դավիթ Հովհաննեսը նախընտրել է բացակայել։ Վերջինիս օրինակին են դիմել նաեւ առաջին քվեարկության ժամանակ «կողմ» քվեարկած 83 պատգամավորներից 28-ը, այդ թվում՝ Արմեն Մխիթարյանը, Արամայիս Ալոյանը, Արշակ Սադոյանը, Մանուկ Գասպարյանը, Հրանուշ Հակոբյանը, Մանվել Բադալյանը, Հերմինե Նաղդալյանը, Էդմունդ Ծատուրյանը եւ այլք։ «Կողմ» քվեարկած պատգամավորներից 5-ը երկրորդ ընթերցման ժամանակ «ձեռնպահ» է մնացել, իսկ 13-ը չի քվեարկել ու օրինագիծն այսպես է տապալվել։ Իրենց կարծիքը կտրուկ փոխած պատգամավորները 8-ն են, այդ թվում՝ Հարություն Ղարագյոզյանը, Մանվել Ղազարյանը, Վարդգես Մաթեւոսյանը, Գագիկ Մելիքյանը, Արմեն Խաչատրյանը, Աշոտ Գալոյանը, Արմեն Հակոբյանը եւ Յուրա Մանուկյանը։ Թե ինչն է ստիպել առաջին քվեարկությանը «կողմ» եղած այս պատգամավորներին երկրորդի ժամանակ «դեմ» քվեարկել՝ միայն իրենք կիմանան։ Իրենց «կողմ» ձայնին հավատարիմ են մնացել միայն 27-ը։ Փոխարենը «կողմ» են քվեարկել առաջին քվեարկության ժամանակ չքվեարկած Սասուն Միքայելյանը, Լեւոն Սարգսյանը, Վարազդատ Զատիկյանը, «ձեռնպահ» մնացած Վարդան Այվազյանը, Մյասնիկ Մալխասյանը, «դեմ» քվեարկած Գեւորգ Հակոբյանը, բացակայած Սամվել Սաղաթելյանն ու Ղուկաս Ուլիխանյանը։ Հարազատ խմբակցությունից նաեւ այս դեպքում աջակցություն չստանալով՝ օրինագծի հեղինակ Վ. Բաղդասարյանը դուրս եկավ «Միասնությունից»։ Վերջինից միայն 6 պատգամավոր է «կողմ» քվեարկել։ Այս տրամաբանությամբ՝ Վ. Բաղդասարյանը հավանաբար կմտնի «Հայաստան», «Օրինաց երկիր» կամ «Կայունություն» խմբակցության մեջ, քանի որ վերջիններս ակտիվորեն «կողմ» են քվեարկել օրինագծին։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել