Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռեպորտաժ Նոր Նորքի ծերանոցից

Ապրիլ 05,2001 00:00

Այսպիսի կյանք միայն կարելի է երազել Ռեպորտաժ Նոր Նորքի ծերանոցից «… Գալիս, նստում ենք էստեղ (պատշգամբում) մի քիչ օրերս անցնում է… Առաջ արեւ չկար, ցուրտ էր, սենյակից դուրս չէինք գալիս… հա, ժամանակին կերակրում են, բայց՝ ձավար, ձավար, ձավար… առավոտ՝ ձավար, ճաշին՝ ձավար, իրիկուն՝ ձավար… Էնենց են եփում, չես կարա ուտես… ձավարի մեջ ախար յուղ պիտի, սոխ պիտի… չկա, յուղ գոյություն չունի»,- ընդամենը այսքանով սահմանափակվեց իմ, այսպես ասած, անկեղծ զրույցը Նոր Նորքում գտնվող ծերանոցի բնակիչների հետ, քանի դեռ չէր հայտնվել տնտեսուհի Գայանեն։ «Առանց տնօրենի թույլտվության ընդունված չէ հանդիպել ծերերի հետ, այդպիսի օրենք չկա»,- ասաց նա։ Խիստ զարմացած տնտեսուհու այդ խոսքերից, փորձեցի տնօրեն Անդրանիկ Դանիելյանից ճշգրիտ տեղեկություն ստանալ՝ ծերանոց մուտք գործած օրենքի մասին։ Վերջինս բացառեց նման երեւույթը եւ տնտեսուհու խոսքերը մեկնաբանեց այսպես. «Դե գիտեք, այստեղի բնակիչներից շատերը ոչ նորմալ հոգեվիճակում են եւ կարող են ձեզ ոչ օբյեկտիվ ինֆորմացիա տալ։ Ուստի ավելի ճիշտ կլինի, որ ձեզ ուղեկցի աշխատակիցներից որեւէ մեկը»։ Ու թեեւ տնօրենը խոստացավ ինձ մենակ թողնել բնակիչների հետ ազատ եւ անկաշկանդ զրույց վարելու համար, բայցեւայնպես դրժեց այն։ Նորքի ծերանոցում կամ Նորքի ինտերնատում, ինչպես պրն Դանիելյանն ասաց, բնակվում է շուրջ 220 ծեր։ Նրանց մեծ մասը փախստականներ են (91 հոգի)։ Ա. Դանիելյանը այդպես էլ չցանկացավ պրոբլեմներից խոսել։ Դատելով նրա խոսքերից, կարելի է միայն կարծել, որ ծերանոցը շատ բարվոք վիճակում է, իսկ պրոբլեմները, ինչպես ինքն ասաց՝ «ոչ այնքան էական»։ Միակ պրոբլեմը, որ կարողացավ հիշատակել պրն Դանիելյանը, շենքի վերանորոգման հարցն է, իսկ ինչ վերաբերում է ծերերին, ապա՝ «ծերերի հետ ոչ մի խնդիր չունենք, թե՛ մենք, թե՛ ղեկավարությունը»։ Ըստ Ա. Դանիելյանի, մյուս խնդիրն էլ բնակիչների բնավորությունների անհամատեղելիության խնդիրն է։ Այս առումով տնտեսուհի Գայանեն նշեց, որ ծերանոցի հոգեբանը հոգացել է, որպեսզի սենյակներում ապրող բնակիչների բնավորությունները համընկնեն եւ ինտելեկտով բարձր մարդիկ իրար հետ լինեն։ Ինչ վերաբերում է ժամանակին սնվելուն, հանգիստները կազմակերպելուն եւ այլնին, տնօրենն ասաց, որ նման պայմաններ, ինչպիսին ծերանոցում է, շատ տներում միայն կերազեն։ «Երեք անգամ են սնվում, սնվում են բավական լավ, ես կասեի, եթե ես այդպես սնվեի՝ անպայման կչաղանայի… Սպիտակեղենը հնարավորության սահմաններում փոխվում է… Ամեն հարկում երկու «Արիստոն» կա։ Իհարկե, կան նաեւ պրոբլեմներ՝ 10 տարի է շենքը չի վերանորոգվել»։ Ըստ տնօրենի, այս տարի վիճակը կտրականապես փոխվել է։ Մթնոլորտը առողջացել է. «Առաջին եռամսյակը մենք ֆինանսավորվել ենք 100%-ով։ Անցած տարի մի կերպ յոլա գնացինք, մինչեւ որոշ փոփոխություններ եղան»։ Տնօրենի խոսքերով՝ ինչքան պայմանները վատ են, այնքան ծերանոց եկողների թիվն ու հերթերը շատանում են։ Ծերանոցի բնակիչ Նելլի Խաչատրյանը, որը երկուսուկես տարի է, ինչ ծերանոցում է բնակվում, խոստովանեց, որ ծերանոց է եկել վախը սրտում, բայց հետո դա անցել է. «Ճիշտ է, երբեմն մարդիկ դժգոհում են, թե յուղ չկա, քիչ է, բայց ես գտնում եմ, որ շատ յուղ պետք էլ չի»։ Ըստ Դանիելյանի, անցած տարվա համեմատ ծերանոցում քիչ մարդիկ են մահացել։ Մինչդեռ նշենք, որ միայն անցած ամիս մահացել է չորս հոգի։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել