Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե բաշխիչ էներգետիկ ցանցերը չսեփականաշնորհվեն, «կշարունակվի նման իրավիճակը՝ այսինքն տարեկան միլիոնն

Ապրիլ 05,2001 00:00

ՉԿԱ ՄԱՐԴ՝ ՉԿԱ ԿՈՌՈՒՊՑԻԱ Եթե բաշխիչ էներգետիկ ցանցերը չսեփականաշնորհվեն, «կշարունակվի նման իրավիճակը՝ այսինքն տարեկան միլիոնների վնասի կուտակում, համակարգի հետագա մաշում եւ, ինչու չէ, նաեւ տեխնիկական պարամետրերի վատթարացում, որը հղի է այնպիսի հետեւանքներով, ինչպիսիք են էներգամատակարարման անընդհատության խիստ կասկածելի լինելը եւ սպասարկման որակի էլ ավելի վատթարացումը»։ Այս, թող թույլ տրվի ասել, սպառնալիքները տեղաց «Հակաստվեր» հասարակական կազմակերպության «ԶԼՄ-ներն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի հերթական հյուրը՝ ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ Վարդան Մովսեսյանը (հանձնաժողովի անունը՝ ըստ իրենց տրամադրած տեղեկանքի)։ Ժողովրդի մեջ ամենակոռումպացվածի համբավ ունեցող ոլորտն ինքնին այսօր այն մեծ հետաքրքրությունը չի ներկայացնում, որքան առանձին վերցված՝ բաշխիչ ցանցերն ու դրանց սեփականաշնորհումը։ Բնականաբար, պրն Մովսեսյանը ԲԷՑ-երի սեփականաշնորհման դեմ «կոմունիստական շարժումը» դրական չի գնահատում, եւ ԱԺ-ի արտահերթն էլ «իր որոշ բացասական ազդեցությունը կունենա գործընթացի վրա, մասնավորապես սա մեկ անգամ եւս պոտենցիալ հավակնորդներին կստիպի էլ ավելի կշռադատել իրենց կողմից դրան մասնակցության հարցն ընդհանրապես եւ որոշակի լրացուցիչ ռիսկերից ապահովագրման հարցը»։ Ռիսկերից ապահովագրվելը լավ բան է, մեզ էլ չէր խանգարի։ ԲԷՑ-երի՝ սեփական ուժերով վերանորոգելու հնարավորության մասին նախկին վարչապետ Արամ Սարգսյանի կարծիքի վերաբերյալ Վ. Մովսեսյանն ասաց. «Տարիների փորձը ցույց է տալիս, որ մենք այնքան էլ չենք կարողանում արդյունավետ կազմակերպել մեր աշխատանքը, եւ ամբողջ աշխարհի փորձն է, որ մասնավոր բիզնեսը շատ ավելի կազմակերպված եւ արդյունավետ է, քան պետականը»։ (Ամբողջ աշխարհի փորձը ցույց է տալիս նաեւ, որ պետությունը մասնավորի արդյունավետ բիզնեսի կարգավորողն ու երաշխավորողն է, առանց որի մասնավորը փորձանք է դառնում ժողովրդի գլխին- Ա. Գ.)։ Անմիջապես էլ պրն Մովսեսյանը բերեց թվեր՝ ապացուցելու իրենց աշխատանքի անարդյունավետությունը։ Եվ այսպես, տարեկան 25-35 մլն դոլարի գերկորուստներ է տալիս համակարգը, որի 95%-ը «սուբյեկտիվ» պատճառներով՝ մարդկային գործոնով պայմանավորված։ Եվ համակարգում ներդրումների անհրաժեշտությունը պրն Մովսեսյանը հիմնավորում է «այս պրոցեսում մարդկային գործոնի առավել բացառման» նպատակահարմարությամբ։ Այսինքն, մարդկանց վրա վերահսկողություն իրականացնելուց հույսներն արդեն կտրել են, մնացել է համակարգում նրանց գոյությունը բացառելու տարբերակը։ Էներգետիկայի կարգավորման հանձնաժողովի նախագահին չի հաջողվում իմանալ այն, ինչ Արթուր Բաղդասարյանին հայտնի է դարձել Գերմանիայում։ Այսինքն, Ադրբեջանն իր ԲԷՑ-երը սեփականաշնորհելու փոխարեն, դրանք հանձնում է կոնցեսիոն հիմունքներով կառավարման, որը բավական ընդհանրություններ ունի վարձակալության հետ։ Սակայն Հայաստանը չունի կոնցեսիոն պայմանագրերի վերաբերյալ օրենք եւ ԲԷՑ-երի չսեփականաշնորհման դեպքում ՀՀ կառավարությունը պետք է համապատասխան որոշում կայացնի։ Փոխարենն ինչ-ինչ մեթոդներով կատարված փորձագիտական հաշվարկներով պրն Մովսեսյանին հաջողվել է պարզել, որ «Էլեկտրաէներգիայի մատակարարման բնագավառում յուրաքանչյուր միավոր ստվերային շրջանառությունը բերում է 8-10 միավոր ստվերային շրջանառության»։ Ի դեպ, «Հայաստանի գազամատակարարման դադարեցման՝ Իտեռայի սպառնալիքներ» արտահայտությունը պրն Մովսեսյանը «մի քիչ չափազանցված» համարեց եւ այս հանգամանքի ու ԲԷՑ-երի սեփականաշնորհմանը մասնակցելու հնարավորություն չունենալու միջեւ անմիջական կապ չտեսավ։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել