Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կառավարության հետ երեկ խորհրդարանի հարցուպատասխանի ընթացքում վեճերը բռնկվում էին, թվում է, ամենաանսպ

Ապրիլ 05,2001 00:00

Գարնանային սրացում խորհրդարանում Կառավարության հետ երեկ խորհրդարանի հարցուպատասխանի ընթացքում վեճերը բռնկվում էին, թվում է, ամենաանսպասելի առիթներով։ Ասենք, չնայած Ռուբեն Գեւորգյանը բազմիցս «կծմծել» է իր հայտարարություններով վարչապետին, թե նա չի կարողանում երկրի վարիչ մարմնի մեքենայի թափքից խցիկ տեղափոխվել եւ այլն, բայց երեկ մի անմեղագույն հարց տվեց ընդամենը։ Նրան անկեղծորեն հետաքրքրում էր, թե այժմ, երբ «հակամարտության խաղաղ կարգավորման հերթական բանակցություններ են ընթանում՝ Ձեր քաղաքական հայացքը, որպես իշխող կուսակցության նախագահ՝ ո՞ւր է սեւեռված։ (…) Դուք, որպես երկրի վարչապետ, համարվելով երկրորդ («երրո՛րդ»,- ուղղեցին նրան տեղից.- Ա. Ի.) ղեկավարը պետության, պետության հողի լուծման խնդրում Ձեզ տեսնո՞ւմ եք լիարժեք իրավունքի տեր՝ անհրաժեշտության դեպքում կարեւորագույն եւ որոշիչ խոսք ասելու ողջ հայ ժողովրդին»։ Անդրանիկ Մարգարյանն ի պատասխան ասաց. «Չէի ցանկանա պրն Գեւորգյանի նման պաթետիկ ճառ ասել այդ նույն ոճով։ Յուրաքանչյուրն իր պատասխանատվությունն ունի, իր իրավունքն ունի վճռորոշ պահերին իր ձայնը բարձրացնելու եւ խոսելու՝ ինչպես կուսակցությունը, այնպես էլ վարչապետը։ (…) Այն, ինչ որ ես արել եմ, ինչ որ անելու եմ, իմ կարծիքով, ձեզանից չէ, որ պիտի թույլտվություն խնդրեմ։ Ձե՛զ չէ, որ պիտի հաշվետվություն ներկայացնեմ։ Երբ որ պահը գա՝ ինքս կորոշեմ, թե ինչ եմ անելու եւ ինչպես եմ արտահայտելու իմ դիրքորոշումը»։ Վարչապետի եւ Ռուբեն Գեւորգյանի՝ վերջում նաեւ սեռական բնույթ ստացած երկխոսությունից հետո հարցի իրավունք ստացավ Դավիթ Հովհաննեսը։ «Ես այդպես էլ գիտեի»,- իր խոսքն այսպես սկսեց նա եւ բարձրաձայն մի քիչ մտորեց իջեցված կամ բարձրացված «փայտիկի» մասին։ Ըստ ամենայնի, քաղաքական գործիչների համար չափանիշների իրոք իջեցված նշաձողը նկատի ուներ։ Հետո հարց ուղղեց կրթության եւ գիտության նախարար Էդվարդ Ղազարյանին՝ վալդորֆյան դպրոցների, այլընտրանքային դասարանների եւ կրթության զարգացման ծրագրի մասին։ Քանի որ այս երկու այրերի փոխշփումները նույնպես նախկինում հրապարակավ բուռն են արտահայտվել՝ գրեթե բնական հնչեց, որ Էդվարդ Ղազարյանը բավական չոր եւ անբարյացակամ արձագանքեց հարցին։ Սակայն Դավիթ Հովհաննեսը վիրավորվեց, թե ինչո՞ւ է նախարարն իր «անմեղ հարցադրումներին շատ գրգռված ենթատեքստերով արձագանքում» եւ ակնկալեց «ավելի հանգամանալից եւ ավելի հարգալից պատասխան»։ Եվ Էդվարդ Ղազարյանն ասաց. «Ինչքան ինձ հայտնի է՝ այդպիսի սարք գոյություն չունի, որով կարող ես չափել գրգռվածության աստիճանը»։ «Բա՞ սանտիմետրը»,- արձագանքեցին տեղից։ Հարցուպատասխանը շարունակվում էր՝ մեկ էլ Էդվարդ Ղազարյանը տեղից վեր թռավ, աղաղակելով՝ «Ես չե՜մ կարող։ Ինձ ահաբեկո՜ւմ են»։ «Ի՞նչ ես ներվային հարսի պես վեր-վեր թռնում»,- գոռաց նրա ետեւում նստած Դավիթ Հովհաննեսը։ Սկիզբ առավ քաշքշուկ, որ մի կերպ հարթվեց կառավարության եւ ԱԺ-ի միացյալ ուժերով։ Պարզվում է, այս «ահավոր կռիվը մեծ» ծագել էր ընդամենն այն պատճառով, որ Դավիթ Հովհաննեսը տեղից էլ էր նախարարին ասել, թե իր հարցերին, ըստ էության, չի պատասխանում, այլ գրգռված ու անձնավորված։ Մինչդեռ դպրոցներում այժմ տիրող անարխիան վատ կարող է վերջանալ։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել