Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրակա՞ն են վտանգավոր զարգացումների մասին կանխատեսումները

Ապրիլ 05,2001 00:00

Լոռիի մարզպետը մեկնել է Քի Ուեսթ Իրակա՞ն են վտանգավոր զարգացումների մասին կանխատեսումները «Սնարք» գործակալության տեղեկությունների համաձայն, Քոլին Փաուելի կարծիքով, երկու երկրների նախագահների ամենաարդյունավետ հանդիպումը տեղի է ունեցել Փարիզում։ Նրա խոսքերով, նախագահներին հաջողվել է ինչ-որ ընդհանուր հիմք գտնել, թեեւ դեռեւս գոյություն ունեն տարաձայնություններ։ ԱՄՆ պետքարտուղարը միաժամանակ ասել է, թե դիրքորոշումների մերձեցմանը կօգնեն Մինսկի խմբի համանախագահները, որոնք այդ հարցում հանդես են գալիս միասնական դիրքերից։ Նա նաեւ վաղաժամ է համարել խոսել Քի Ուեսթյան հանդիպման հաջողության դեպքում Քոչարյանի եւ Ալիեւի Վաշինգթոն մեկնելու եւ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ հանդիպելու մասին։ Պետքարտուղարը հասկացնել է տվել, որ ԱՄՆ նախագահի հետ հանդիպում տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ կողմերը համաձայնության գան։ Քոլին Փաուելը նաեւ ակնարկել է, թե կողմերին հակամարտության կարգավորման առնչությամբ որոշակի առաջարկություններ են արվել։ Իհարկե, դրանց բնույթի վերաբերյալ նա որեւէ մանրամասն չի հայտնել։ Սա տեղեկատվություն էր Քի Ուեսթից։ Իսկ Հայաստանում նախագահ Քոչարյանի մեկնումից առաջ քաղաքական շրջանակներում ծավալված ակտիվ բանավեճն ու կանխատեսումները փոխարինվել են սպասողական տրամադրություններով։ Այդուհանդերձ, հավանաբար անզգուշաբար, դուրս սպրդած այն լրահոսը, թե նախագահ Քոչարյանին ուղեկցող շքախմբում է Լոռիի մարզպետ Հենրիկ Քոչինյանը, փոքր-ինչ խառնեց սպասողական տրամադրություններ ունեցողների խաղաթղթերը։ Ոմանց համար, պարոն Քոչինյանի ընդգրկումը հայաստանյան պատվիրակության կազմում կարող է տարօրինակ թվալ։ Մինչդեռ, քաղաքական բծախնդիր դիտորդները նաեւ այս հանգամանքն են փորձում վերլուծել։ Նախ հիշեցնենք, թե բացի Լոռիի մարզպետ լինելուց, որն առերեւույթ, որեւէ կապ չունի ղարաբաղյան հակամարտության լուծման բանակցային գործընթացի հետ, ինչ պաշտոններ է զբաղեցրել պարոն Քոչինյանը։ Քաղաքական շրջանակներում ոմանք նրան հիշում են դեռ պոլիտեխնիկական ինստիտուտից, ուր նա ճանապարհաշինության եւ կամրջաշինության լավագույն մասնագետներից էր եւ ամբիոնի վարիչ։ Ավելի ուշ, լինելով ՀՀ տրանսպորտի նախարարը, Հենրիկ Քոչինյանը 98-ի հունվարի 8-ին նախագահին կից անվտանգության խորհրդի նիստում ներկայացրել էր շրջափակման պատճառով Հայաստանի տնտեսությանը հասցված վնասների վերաբերյալ խոսուն տեղեկանք։ Ավելին, ՀՀ նախկին իշխանությունները նրան էին վստահել եւ լիազորել ՏՐԱՍԵԿԱ ծրագրի շրջանակներում ներկայացնել եւ հիմնավորել այդ ծրագրին Հայաստանի մասնակցության շահավետության մասին Հայաստանի պաշտոնական տեսակետները, որոնց համահեղինակներից մեկն, ի դեպ, ըստ հավաստի տեղեկությունների, նաեւ պարոն Քոչինյանն էր եղել։ Նաեւ այդ տեղեկությունների վրա են խարսխված դիտորդների այն կանխատեսումները, թե պարոն Քոչինյանի այսչափ լավատեղյակությունը տրանսպորտի եւ ճանապարհաշինության ոլորտում կարող էր անհրաժեշտ լինել, թերեւս, մի դեպքում… Ըստ էության, դա այն դեպքն է, որի վտանգավորության մասին զգուշացնում էին քաղաքական որոշ ուժեր. Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում Քի Ուեսթում, ըստ ամենայնի, քննարկման առարկա է դառնալու Հայաստանի տարածքի հաշվին միջանցքների մի ամբողջ ցանցի բացման հարցը, իսկ պարոն Քոչինյանն այս հարցում լավագույն փորձագետն է։ Թե կոնկրետ ի՞նչ միջանցքների մասին է խոսք գնում՝ կխոսենք առաջիկայում։ Ավելացնենք, որ քաջատեղյակ աղբյուրների պնդմամբ, ԱՄՆ-ում Քոչարյանն արգելել է այս երկրում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Կիրակոսյանին մասնակցել բանակցություններին, ավելին՝ հայկական պատվիրակության հետ մեկնել Քի Ուեսթ։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել