Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցազրույց

Ապրիլ 05,2001 00:00

ԿԵՂՏՈՏ ՁԵՌՔԵՐՈՎ ՄԻ ՄՈՏԵՑԵՔ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-ԻՆ Հարցազրույց Դեմիրճյանների շահերի պաշտպան Աշոտ Սարգսյանի հետ -Պրն Սարգսյան, վերսկսվեց «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարությունը։ Դուք բացառո՞ւմ եք, որ կրկին որեւէ միջնորդության պատճառով դատավարությունը կհետաձգվի։ – Մենք պետք է պատրաստ լինենք, որ Նաիրի Հունանյանը նորից պատրվակ է փնտրելու դատը հետաձգելու համար։ Դա ակնհայտ է, դա հասկանալի է։ Միջնորդությունները օրինական կլինեն, թե անօրինական՝ ես այս պահին չեմ կարող ասել, բայց եթե անօրինական լինեն, նորից առարկելու եմ՝ անկախ որոշ մարդկանց կարծիքներից։ Կամ լինելու է երկրորդը՝ ինչ-որ նյութերի թերությունները պատճառաբանելով, փորձելու է հրաժարվել ցուցմունք տալուց։ Եթե անօրինական պահանջներով նա բռնի ցուցմունք չտալու դիրքը (քանի որ ակնհայտ է նաեւ, նա կուզի լսել մնացած ամբաստանյալների ցուցմունքները եւ հետո կողմնորոշվել), այդ դեպքում ես պնդելու եմ հրապարակել նախաքննության ժամանակ տրված ցուցմունքները։ Ես գիտեմ, որ նա եկել է ցուցմունքներ տալու։ Նա ձգտելու է իր կատարած ոճրագործությունը քաղաքականացնել։ Միակ անձը, որ ցանկություն ունի քրգործը, նախաքննությունը եւ դատաքննությունը քաղաքականացնել եւ դրանով իսկ փորձել խուսափել պատասխանատվությունից, ամբաստանյալ Նաիրի Հունանյանն է։ – Գործից անջատվել է մաս՝ հնարավոր դրդիչների, կազմակերպիչների եւ օժանդակողների մասով։ Այս հարցը շատ է շահարկվում։ – Ես չեմ կարող չվստահել նախաքննության տվյալներին եւ ինքս ծանոթանալով գործին, ավելի հակված եմ այն վարկածին, որ, իրոք, «Հոկտեմբերի 27»-ը եղել է կազմակերպված հանցագործություն։ Ահաբեկիչների՝ դահլիճում կատարած գործողությունների բնույթից եւ հետագայում նրանց դրսեւորած վարքագծից եկել եմ այն եզրակացության, որ իրոք կազմակերպիչներ եղել են։ Օրինակներ չբերեմ քրգործից։ Մի մասը պնդում է, թե հինգն են կամ յոթն են, մի մասը հակված է այն վարկածին, որ կան կազմակերպիչներ։ Այս ենթադրությունները շատ բնական են։ Բայց կա նաեւ երրորդ կարծիքը, որը կազմակերպիչների անուններ է տալիս։ Այ, սրանից խորհուրդ կտամ զերծ մնալ։ Ոչ ոք թող ցույց չտա, թե ինձանից եւ տուժողներից ավելի է շահագրգռված կազմակերպիչներին եւ օժանդակողներին բացահայտելու հարցում։ Այս ողբերգությունը շահարկել եւ փորձել դրանից օգուտ քաղել՝ անբարոյական եմ համարում։ Այն ուժերը, որոնք ինչ-ինչ նպատակներով փորձում են իրենց հարցերը լուծել՝ օգտագործելով հոկտեմբերի 27-ի ողբերգությունը, այդպիսով միայն աջակցում են ամբաստանյալներին։ Եթե այդ ուժերը խնդիրներ ունեն պարզելու միմյանց կամ ուրիշների հետ, ապա թող իրենց համար այլ հարթություն ընտրեն։ Ենթադրություններով հանցագործության ճշմարիտ եւ օբյեկտիվ բացահայտմանը օգուտ չի տրվի։ Եթե որեւէ մեկը նոր ապացույցներ ունի, ապա թող դիմի դատարան կամ նախաքննության մարմնին։ Ճիշտ ճանապարհը սա է։ Եվ ոչ ոք թող չփորձի իր կեղտոտ ձեռքերով մոտենալ «Հոկտեմբերի 27»-ին։ – Պրն Սարգսյան, «Հոկտեմբերի 27»-ի դատավարության ընթացքում մարդիկ հավաքվում են դատարանի մոտ եւ դրսից են հետեւում դատական պրոցեսին։ Ձեր կարծիքն այս մասին։ – Ժողովուրդն առաջին օրվանից էլ տեր է կանգնել հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտմանը։ Նախաքննության ամբողջ ընթացքում ոչ տուժողների նախաձեռնությամբ, ոչ էլ՝ ժողովրդի, հանրահավաքներ կամ երթեր չեն կազմակերպվել։ Ժողովուրդը համբերատար սպասել է նախաքննության ավարտին։ Սակայն նախաքննության ընթացքում վայրիվերումների պատճառով եւ արդյունքում ներկա մեղադրանքի ծավալով եւ մեղադրյալների շրջանակով քրգործը դատարան ուղարկելով, ժողովրդի մեջ անվստահություն առաջացավ գործի օբյեկտիվ եւ ամբողջական բացահայտման հարցում։ «Հոկտեմբերի 27»-ի շուրջ հասարակությունը բաժանվել է երկու մասի։ Եվ այսօր Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում քաղաքացիական պատերազմ «Հոկտեմբերի 27»-ի շուրջ։ Մարտի դաշտ առայժմ ընտրված է մամուլը եւ հեռուստատեսությունը։ Աստված չանի, որ հանկարծ այդ մարտի դաշտը տեղափոխվի փողոցներ։ Պետությունը պետք է շահագրգռված լինի կանխելու այս բաները։ Այս ահաբեկչության բացահայտմամբ միակ շահողը լինելու է պետությունը։ Պետությունը առաջինը պետք է շահագրգռված լինի, որպեսզի ահաբեկչությունը իր երկրում իսպառ վերանա, այսինքն՝ բացահայտվի ահաբեկչական այն ոհմակը, որը ստեղծել է «Հոկտեմբերի 27»-ը, եւ վերացվի։ Մենք պետք է չմոռանանք, որ 61 հոդվածը վերաբերում է իշխանությունը քայքայելու կամ թուլացնելու նպատակով պետական կամ հասարակական գործչի կամ իշխանության ներկայացուցչի սպանությանը, որ կատարվել է նրա պետական կամ հասարակական գործունեության կապակցությամբ։ Պետությունը բոլոր միջոցները պետք է օգտագործի ահաբեկչությունը որպես երեւույթ մեր երկրից արմատախիլ անելու համար։ Սակայն դատելով Հանրային հեռուստատեսության եւ որոշ լրատվամիջոցների կեցվածքից, համենայնդեպս, ես չեմ գալիս այդ համոզման։ Խիստ բեւեռացված է ժողովրդի եւ նման հրապարակումների հեղինակների կամ դրանց պատվիրատուների վերաբերմունքը հոկտեմբերի 27-ի ողբերգության հանդեպ։ – Դուք ի՞նչ հարաբերությունների մեջ եք Սարգսյանների շահերի պաշտպան Տիգրան Ջանոյանի հետ։ Համագործակցո՞ւմ եք, թե՞ որոշ տարաձայնություններ կան։ – Ոչ մի տարաձայնություն չունենք։ Նորմալ, աշխատանքային հարաբերություններ են։ Բոլորիս նպատակը մեկն է՝ այնպես անել, որ գործը դատական պրոցեսում օբյեկտիվ քննվի, խախտումներ չլինեն։ – Դեմիրճյանների շահերը պաշտպանելու ժամանակահատվածում Ձեզ վրա ճնշումներ զգացե՞լ եք։ – Ճնշում են այն մարդուն, որը ճնշմանը կենթարկվի։ Ինձ վրա ճնշում գործադրելը ապարդյուն է։ – Դատական պրոցեսի այս երկարատեւ ընդմիջման ժամանակ որոշ լրատվամիջոցներում Ձեր դեմ ուղղված հրապարակումներ եղան։ Դուք կարծես թե չպատասխանեցիք որեւէ հրապարակման, ինչո՞ւ։ – Ձեր նշած հրապարակումներում այնպիսի անհեթեթ մեղադրանքներ էին ներկայացված, որոնց պատասխանելը լուրջ չէր լինի։ Եվ հետո՝ ժամանակ չունեմ ամեն անհեթեթության պատասխանել։ Ես ժամանակն ավելի ճիշտ եմ օգտագործում՝ պատրաստվում եմ գործին։ Դա ավելի արդյունավետ է եւ օգտակար։ Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել