Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ին

Ապրիլ 05,2001 00:00

«ՊՈՌՈ» ԽՈՍԱՑՈՂՆԵՐԻ ՎԵՐՋԸ ՀՀԿ-ին կարելի է հասկանալ՝ ՀԺԿ-ի պես դաշնակից ունենալով, ստիպված են լինում կառավարության համար ամեն վճռորոշ քվեարկության ժամանակ անկախ պատգամավորներին, «Կայունությանը» եւ ՀՅԴ-ին դիմել, նրանց հույսին մնալ։ Եվ թերեւս այդ էր պատճառը, որ ՀՀԿ խորհրդի փոխնախագահ Տիգրան Թորոսյանն «Առավոտի» հարցին՝ մի՞թե ՀՀԿ խորհրդի նախորդ օրվա նիստում նման որեւէ տեսակետ չի հնչել, թե հանուն դաշինքի պահպանման աչք փակենք տեղի ունեցածի վրա, պատասխանեց. «Ո՛չ, աչք փակելու վերաբերյալ որեւէ առաջարկություն չի եղել։ Ճիշտ հակառակը, գրեթե բոլորը պահանջել են կարգավորել, ասել են, որ նման ձեւով շարունակել չի կարելի»։ Այսուհանդերձ, ՀՀԿ խորհրդի նախորդ օրվա նիստում կոնկրետ քայլեր անելու վերաբերյալ, ըստ պրն Թորոսյանի, որոշում չի կայացվել. «Բայց քայլերի անհրաժեշտությունը բոլորի համար ակնհայտ էր»։ Տիգրան Թորոսյանը վիճարկեց, թե բաշխիչ էլեկտրացանցերի հարցում ՀԺԿ-ն չէր փոխել իր դիրքորոշումը. «Երբ «Միասնություն» դաշինքի քաղաքական խորհրդում քննարկվում էր այն հարցը, թե նաեւ ԲԷՑ-երին առնչվող տարբեր միջոցառումների մասնակցող Արամայիս Բարսեղյանն արդյոք ՀԺԿ-ի՞ տեսակետն է ներկայացնում, ասվեց, որ ՀԺԿ-ի տեսակետը հետեւյալն է՝ չի կարելի ամիսը մեկ նույն հարցը քննարկել։ Եթե համակողմանի քննարկել եւ որոշում է ընդունվել, ապա պետք է հարգել այդ որոշումը եւ հետեւել, որ կատարվի ճշտորեն։ Սա է եղել դիրքորոշումը եւ այս առումով կարծում եմ, որ 6-7 ամիս առաջ տեղի ունեցած քվեարկությունը դիրքորոշման փոփոխության հիմնավորում բերելն անհիմն է»։ Պրն Թորոսյանն ուշադրություն հրավիրեց մի նրբերանգի վրա. «ՀԺԿ-ի գրեթե կեսն այլ մոտեցում ուներ։ Նրանք, ովքեր չէին քվեարկում եւ այլն՝ ակնհայտ է, թե կողմ չէին, որ ցանցերը հանվեն մասնավորեցման ցանկից։ Եվ ի տարբերություն ամռանը ստեղծված իրավիճակի՝ այստեղ մի նուրբ պահ կա եւ համապատասխան դիրքորոշում է պետք»։ Արտահերթ նիստից ստեղծված իրավիճակին անդրադարձավ նաեւ վարչապետ, ՀՀԿ խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանը։ Նա եւս վկայեց, թե ՀՀԿ խորհրդի նիստում «բոլորը վրդովված էին ՀԺԿ կուսակցության դիրքորոշումից, պահվածքից»։ Ստեփան Դեմիրճյանի հետ իր հանդիպման առնչությամբ հայտնեց. «Առաջարկել եմ, որ ՀԺԿ-ն ներկայացնի իր դիրքորոշումները՝ ինչպես են տեսնում հետագայում «Միասնություն» դաշինքի շարունակությունը, գոյությունը։ Ի՞նչ էին մտածում, երբ փորձում էին արտահերթ նիստում պաշտպանել կոմունիստների նախաձեռնությունը, որն ուղղակի հարվածի տակ էր դնում պետության տնտեսական քաղաքականությունը։ Նրանք իրենց խորհրդի նիստում որոշում կկայացնեն, մեզ կասեն, որից հետո ՀՀԿ-ն կորոշի իր անելիքները»։ Անդրանիկ Մարգարյանը նաեւ պատմեց, որ «Միասնություն» դաշինքի քաղխորհրդի նիստում որոշվել էր. «Եթե խնդիրներ առաջանան, տարբեր դիրքորոշումներ լինեն, պարտավոր ենք դրանք իրար փոխանցել, քննարկել եւ մեկ ընդհանուր դիրքորոշման գալ։ Սա խախտեց ՀԺԿ-ն»։ Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ ամբիոնից վարչապետը չբավարարվեց միայն ՀԺԿ-ին անդրադարձով։ Նշեց, թե որոշ պատգամավորներ եւ խմբակցություններ սկսել են մի գործընթաց, որով փորձում են «10 տարիների ընթացքում պետության վարած տնտեսական քաղաքականությունը 180%-ով շեղել, փոխել։ Եվ դա չի վերաբերում կոմունիստական կուսակցությանը (…)։ Խոսքս վերաբերում է մնացած կուսակցություններին, որոնք իրենց համարում են ազատական քաղաքականության շարունակողներ։ Հարկ եղած դեպքում կարելի է ասել, որ նրանց 90%-ն այս տարիներին օգտվել են սեփականաշնորհման գործընթացից։ Եվ այսօր փորձում են սեփականաշնորհման վերաբերյալ… չեմ ասում դեմագոգիայի… այլ որոշակի խնդիրներ լուծելու համար ԲԷՑ-երի սեփականաշնորհման գործընթացը հետ են ցանկանում տանել։ Մոռանալով հանդերձ, որ այդ քաղաքական ուժերի մեծ մասն անձամբ ինձ են դիմել 2-3 ամիս առաջ գոնե մեկ էլցանցում պետ կամ պետի տեղակալ, կամ տեղամասի պետ ունենալու համար։ Այն բոլո՛ր կուսակցությունները եւ պատգամավորները, ովքեր մեծ-մեծ խոսում էին էլցանցերի գողության, թալանի մասին։ Ես ուղղակի ստիպված եմ լինելու այն բոլոր դիմողներին, ում խնդրանքով ես առաջարկել էի էներգետիկայի նախարարությանն այդ հարցը քննարկել եւ մասնագետներին նշանակել՝ ուղղակի ցուցակ ներկայացնել գերկորուստների վերաբերյալ, որ այդ մարդիկ ունեցել են։ Եվ կներկայացնեմ ԱԺ խմբակցություններին, որից հետո կտեսնենք, թե, ինչպես լենինականցիներն են ասում՝ «պոռո խոսացողների» վերջն ինչ է լինելու»։ «Առավոտի» հարցին, թե որո՞նք են այն կուսակցությունները, որոնք իրեն են դիմել էներգահամակարգում պաշտոնների ակնկալիքով, վարչապետը պատասխանեց. «Երբ որ նրանք կբողոքեն, որ աշխատանքից ազատել ենք՝ կիմանաք»։ Այս ամենի շնորհիվ նաեւ բացահայտ դարձավ, որ վարչապետը միջնորդում է… էլցանցերի տեղամասերի պետեր նշանակելու եւ նրանց աշխատանքից հեռացնելու համար՝ եթե այդ է պահանջում քաղաքական նպատակահարմարությունը։ «Անդրանիկը մելկի բազարներով է զբաղված»,- կասեր Ռոբերտ Քոչարյանը։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել