Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՖՐՈ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ

Ապրիլ 03,2001 00:00

ԱՖՐՈ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ ապրիլի 2-6-ը Երեւանում կանցկացվեն Աֆրո-ամերիկյան մշակույթի օրեր։ Ինչպես նշեց ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մայքլ Լեմոնը. «Այս միջոցառումը նպատակ ունի արձագանքել 1926-ից ի վեր ԱՄՆ-ում յուրաքանչյուր փետրվար ամսին նշվող աֆրո-ամերիկյան մշակույթի միամսյա նշանավորմանը։ Այս ծրագիրը հնարավորություն կտա ավելի լավ պատկերացում կազմել աֆրո-ամերիկյան արժեքների եւ ավանդույթների մասին, ծանոթանալ նրանց արվեստին, մշակույթին, գրականությանն ու պատմությանը»։ ԱՄՆ դեսպանությունը Հայաստան է հրավիրել Վիրջինիայի համալսարանի պրոֆեսոր Չարլզ Ռովելին, որը դասախոսությունների միջոցով կներկայացնի աֆրո-ամերիկյան մշակույթի զարգացումը։ Նա երեկ ԵՊՀ-ում անցկացրած դասախոսության ժամանակ ներկայացրեց նրանց գրականությունը, ընթերցեց հատվածներ աֆրո-ամերիկյան պոեզիայից։ «Չկա տարբերություն սեւերի եւ սպիտակների միջեւ։ Թեեւ քաղաքակիրթ աշխարհում ամեն բան արվում է այդ խտրականությունը վերացնելու համար, այդուհանդերձ, դեռ պրոբլեմներ կան»,- ասաց Չ. Ռովելը։ Նա գոհունակությամբ ավելացրեց նաեւ, որ այսօր աֆրո-ամերիկյան մշակույթն այնքան է զարգացել, որ «անգամ Գերշվինն ու այլ կոմպոզիտորներ իրենց ստեղծագործություններում օգտագործել են աֆրոամերիկյան տարրեր»։ Ըստ պրոֆեսորի, աֆրոամերիկացիները ստեղծել են միայն իրենց հատուկ երաժշտությունը, որը սակայն սիրել եւ ընդունել է ողջ աշխարհը։ Հիշենք նրանց ռեփն ու ջազը։ Իսկ ԱՄՆ դեսպան Մ. Լեմոնը նշեց, որ այժմ ապրում ենք ռասայական խտրականություններից գրեթե զերծ ժամանակաշրջանում. «Երբ ես դպրոց էի գնում, մեզ առանձին ավտոբուսով էին տանում, սեւամորթներին՝ առանձին։ Մեզանից 25 մղոն հեռու մի դպրոց էին տանում։ Ես ուրախ եմ, որ իմ երկիրը հիմա այնքան հզոր է, որ այդ խնդիրները վերացել են եւ ստիպված չեմ 5-ամյա որդուս կրկին ինչ-որ բաներ այդ առնչությամբ բացատրել»։ Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել