Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճշտով՝ ստի մասին»

Ապրիլ 03,2001 00:00

«Ճշտով՝ ստի մասին» Մարդու էության մեջ է դրված ստելու հակումը։ Սուտն ու խաբեությունը, որքան էլ անցանկալի, բայց մարդու մշտական ուղեկիցներն են։ «Գլուխս ցավում է», «Վատ եմ զգում», «Տանը չի, հետո զանգեք», «Դու ես իմ միակը»,- ահա ոչ լրիվ ցանկն այն թվացյալ անմեղ ստերի, որոնց օգնությանն առավել հաճախ են դիմում նրանք, ովքեր այդ պահին ուղղակի ի վիճակի չեն ճիշտն ասելու։ Մեր ժամանակներում, երբ սուտն ուղեկցում է մեզ ամեն քայլափոխի, հեռուստառադիոեթերից, թերթերից, տանը, աշխատավայրերում, իշխանավորների ու մուրացիկների շուրթերից թվում էր, թե բոլորը պիտի հոգնած լինեին ստից ու խաբեությունից։ Բայց ոչ։ Մարդիկ այնպիսի անհամբերությամբ էին սպասում ապրիլի 1-ին՝ «խաբելու օրվան», կարծես ստի քաղցից էին տառապում։ Սակայն խոստովանենք, որ ապրիլմեկյան կատակ- ստերը ամենաանմեղն են։ Ապրիլմեկյան ստերից սիրտ չի կոտրվում, դավաճանության հոտ չի փչում, արտասուք չի հոսում։ Եվ, այնուամենայնիվ, «խաբվե՞լ եք ապրիլի 1-ին» հարցին պատասխանում են շարքային երեւանցիները։ Մարտին Սահակյան, ուսանող- Ինձ խափողը հըլը չի ծնվել, քուրո ջան։ Խի ես ըտե՞նց տղա եմ, որ ընձի խափեն։ Զվարթ Սիմոնյան, «տանտիրուհի» (ըստ երեւույթին ուզում էր ասել՝ տնային տնտեսուհի)- Այս տարի չէ, բայց անցյալ տարի ինձ մի լավ խաբեցին։ Ամուսինս մի տուփ էր բերել՝ գեղեցիկ փաթեթավորված, թե՝ ապրիլի 7-ի առիթով եմ բերել, մի քանի օր շուտ։ Երջանկացած բացեցի, տեսնեմ մեջը մի հատիկ զուգարանի թուղթ է։ Պատկերացնո՞ւմ եք վիճակս։ Հետո ոտքերս ընկավ, թե՝ կատա՜կ էի անում, բայց, էլ վսյո։ Աստղիկ Վարդանյան, ուսուցչուհի- Հա, շատ անտանելի խաբել են, բայց երկու, թե երեք տարի առաջ։ Դասից հետո տուն գնացի, մեկ էլ հաշվապահը զանգեց, թե՝ արի, փող են տալիս։ Լվացք, ճաշ, տուն-տեղ թողած վազեցի դպրոց, պարզվեց՝ խաբել էին։ Երեք ամիս աշխատավարձ չէինք ստացել։ Դաժան կատակ էր, բայց ծիծաղեցինք, սուրճ խմեցինք, անցավ։ Փողի համար չարժե տխրել։ Հրանտ Մուրադյան, թոշակառու- Այ բալե՜ս, ամբողջ օրը խաբում են, դու հարցնում ես՝ ապրիլի 1-ին խաբեցի՞ն։ Չէ, ո՞վ պիտի խաբեր՝ թոռներս, երեխեքս հեռու են. որը ռուսաստաններում, որը՝ Ամերիկա։ Չորս պատի մեջ անտեր-անտեր ես ու պառավս նստած ենք։ Հո իրար չե՞նք խաբելու։ Հենա տելեվիզորը միացրեցինք, գիտենք, որ խաբեցին։ Բոլ չի՞։ Գեւորիկ, 4-րդ դասարան- Ստի մասին պտի ճշտով խոսանք։ Սուտը շա՜տ լավ բան ա։ Փրկարար բան ա։ Որ դասի չեմ գնում, հո չե՞մ ասի՝ դասս չէի սովորել, դրա համար չեկա։ Ասում եմ՝ հիվանդ էի։ Դասատուս ասում ա՝ մի օրո՞վ։ Ասում եմ՝ հա, լուծ էի։ ՆԵԼԼԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել