Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաց դռների օրը» բաց էր

Ապրիլ 03,2001 00:00

«Բաց դռների օրը» բաց էր Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը Նոր Նորք համայնքի բնակչության համար մարտի 31-ին, ժամը 10-15-ը կազմակերպել էր «Բաց դռների» օր։ Նպատակն անվճար, բարձրորակ մասնագիտական բժշկական օգնություն ցույց տալն էր։ Պետք է նշենք, որ այդ օրը 507 քաղաքացի այցելեց թիվ 14 պոլիկլինիկա՝ ստանալով հումանիտար դեղորայք, ենթարկվելով լաբորատոր-գործիքային հետազոտությունների։ Թիվ 14 պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Նազիկ Մաթեւոսյանից մենք տեղեկացանք, որ 15 օր առաջ հայտարարություններ են արվել, բժիշկների միջոցով հիվանդները տեղեկացվել են «Բաց դռների» օրվա մասին։ Ընդունելությանը մասնակցեցին քաղաքի գլխավոր մասնագետները՝ աչքի, քիթ-կոկորդի, նեւրոպաթոլոգ, էնդոկրինոլոգ, սրտաբան, թերապեւտ, երիկամային հիվանդությունների… «Պոլիկլինիկայի կաբինետները մեծամասամբ անվճար են, միայն լաբորատոր-գործիքային ծառայություններն են վճարովի (ռենտգեն, ԷԿԳ…)։ Սոցիալապես անապահով հիվանդների համար պոլիկլինիկայում ընդհանրապես կանաչ ճանապարհ է»,- ասաց գլխավոր բժիշկը։ «Առավոտը» հետաքրքրվեց նաեւ հումանիտար դեղորայքի բաշխմամբ եւ հատկապես, թե «ի՞նչ դեղերի պահանջ ներկայացրին հիվանդները» հարցով։ Ն. Մաթեւոսյանն ասաց, թե նախկինում հումանիտար դեղորայք տալիս էին առողջապահության նախարարության բակից։ «Այսօր 6 պոլիկլինիկաներում տեղադրել են դեղորայքի բաշխման կետեր։ Տեսականին վատ չէ»,- նշեց Ն. Մաթեւոսյանը եւ ապա տեղեկացրեց, որ հիվանդները հիմնականում պահանջում էին սրտային դեղորայք, ճնշումն իջեցնող, հոդացավերի, ստամոքսի, ինչն իրենց մոտ ստացվել էր եւ բաժանվել հիվանդներին։ «Մի քիչ դժվար է հոգեմետ դեղերի պարագայում»,- ասում էին բժիշկները, ովքեր ունեն էպիլեպսիայով տառապող հիվանդներ. գրպանները ծակ, դեղերը… թանկ։ Ի դեպ, 507 քաղաքացիներից երկուսն են դժգոհել գլխավոր մասնագետներին, այն էլ, թե՝ «ինչո՞ւ լավ դեղորայք չեք ուղարկում Մասիվ»։ Հիվանդներին չի լինում 100%-ով բավարարել եւ պոլիկլինիկայի բուժանձնակազմը փորձում է բուժսարքերով (հին, մաշված) հոգալ բնակչության առողջապահական հարցերը։ Ի դեպ, թիվ 14 պոլիկլինիկան 10 ամիս է, ինչ աշխատավարձ չի ստացել։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել