Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտի»

Ապրիլ 03,2001 00:00

ՃԱԿԱՏԻՆ՝ ՔՐՏԻՆՔ, ԴԵՄՔԻՆ՝ ԺՊԻՏ, ԱՅԳՈՒՄ՝ «ՏԵԽՆՈՊԱՐԿ» «Առավոտի» մարտի 30-ի համարում տպագրել էինք Աջափնյակ համայնքի բնակիչներից մեկի մտահոգությունը Թումանյանի անվան զբոսայգում կառուցվելիք Ինտերնետային համալիրի առնչությամբ։ Բնակիչն անհանգստանում էր՝ արդյոք այդ կենտրոնը չի՞ խաթարի այգու էկոլոգիական հավասարակշռությունը, չի՞ վերանա կանաչ զանգվածը։ Եվ, ընդհանրապես, ավելի ճիշտ չէ՞ր լինի «Տեխնոպարկը» կառուցել ոչ թե պատրաստի այգում, այլ վերցնել անխնա մի տարածք՝ կանաչապատել եւ կառուցել իրենց ուզածը։ Հոդվածի վերջում ավելացրել էին նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի պարզաբանումն այս առնչությամբ, որից հետեւում էր, որ այդ տարածքի կանաչ զանգվածի համար անհանգստանալու հարկ չկա։ Սակայն հիշյալ «Տեխնոպարկի» պոտենցիալ կառուցողն ու տերը՝ «Էպիջի Լաբս» ընկերությունը, չէր բավարարվել Ն. Սարգսյանի պարզաբանմամբ եւ երեկ «Առավոտին» հրավիրել էր իրենց ծրագրերին իրազեկելու։ Ընկերության նախագահն ու գլխավոր տնօրենը ամերիկահայ գործարար եւ բարեգործ, ՀԲԸՄ-ի խորհրդի անդամ Սեմ (Սամվել) Սիմոնյանն է։ Իսկ մեզ հետ լայն բացատրական աշխատանք էր տանում ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Հարություն Աքիլյանը։ Սեմ Սիմոնյանի առաքինությունները թվարկելուց եւ նկարագրելուց զատ, պրն Աքիլյանը մեզ գրեթե համոզեց, որ «Տեխնոպարկի» կառուցումը ոչ միայն չի վնասի այգուն, այլեւ հակառակը. կբացվի նվազագույնը 500 աշխատատեղ (խոսվում էր նաեւ «1000 եւ ավելի աշխատատեղի» մասին- Մ. Բ.), երեխաները փողոցից կկտրվեն, կսովորեն համակարգչի հետ աշխատել, այգին կխնամվի, ավելի բարեկարգ տեսք կունենա եւ այլն, եւ այլն։ «Էպիջի Լաբսի»՝ Երեւանում «Տեխնոպարկ» ստեղծելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Նյու Յորքում՝ Սեմ Սիմոնյանի եւ ԱԳ նախարար Վ. Օսկանյանի միջեւ կնքված պայմանագրի համաձայն։ 1998-ից «Էպիջի Լաբսը» հաստատվել է Հայաստանում եւ այսօր գիտահետազոտական աշխատանքներ է կատարում բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ 125 աշխատակիցներով (միջին աշխատավարձը 750-800 դոլար)։ Արդեն իսկ ՀՀ կառավարության եւ «Էպիջի Լաբսի» միջեւ կնքված է երկու պայմանագիր. ներդրումային (որով ընկերությունը պարտավորվում է 20 մլն դոլարի չափ ներդրում կատարել «Տեխնոպարկի» ստեղծման եւ այգու բարեկարգման աշխատանքներն իրականացնելու համար) եւ հողահատկացման, որի համաձայն Կիեւյան կամուրջից Հալաբյան փողոցով մինչեւ մետրոյի նոր կանգառի կիսակառույցը ձգվող տարածքը (ընդհանուր մակերեսը՝ 21 հա), 99 տարի ժամկետով վարձակալության է տրվում «Էպիջի Լաբսին»։ Աշխատանքներն, ըստ պրն Աքիլյանի, կսկսվեն հուլիսից՝ «եթե դժվարություններ չլինեն»։ Դժվարություններ, եթե լինեն էլ, զուտ տեխնիկական բնույթ կունենան։ Աշխատանքներն առայժմ դանդաղ են ընթանում, քանի որ եղել են որոշակի անճշտություններ գեոդեզիական չափումների մեջ։ Ծրագիրը պիտի դեռ էկոլոգիական փորձաքննություն անցնի։ Սակայն պրն Աքիլյանը վստահ էր մի բանում. «Այգին հաստատ չի փչանա, դեռ հակառակը՝ ավելի կբարեկարգվի։ Երեխաները զբաղվելու տեղ կունենան, մարդիկ՝ աշխատանք։ Սեմ Սիմոնյանի սկզբունքն է, որ մարդկանց ճակատին քրտինք տեսնի, երեսներին՝ ժպիտ»։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել