Լրահոս
Օրվա լրահոսը

Նախորդ շաբաթ քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Համլետ Միրզոյանը լրագրողներին ներկայացրել

Ապրիլ 03,2001 00:00

Բժիշկը՝ մեզանից, իսկ դեղերը՝ ձեզանից Նախորդ շաբաթ քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Համլետ Միրզոյանը լրագրողներին ներկայացրել էր դպրոցներում առողջապահական խնդիրների լուծման իրենց ջանքերը։ Մասնավորապես հավաստիացրել էր, թե յուրաքանչյուր դպրոցում կենտրոնացրել են հերթապահ բժիշկներ ու բուժքույրեր։ «Առավոտը» փորձեց դպրոցներից տեղեկանալ, թե որքանո՞վ են արդյունավետ այդ միջոցառումները եւ ի՞նչ է փոխվել դպրոցների՝ անմխիթար վիճակում գտնվող բուժկետերում։ Դատելով մեր հարցումների արդյունքներից՝ դպրոցներն առանձնապես տեղյակ չեն քաղաքապետարանի ձեռնարկած նոր քայլերի մասին, քանի որ աշխատում են այնպես, ինչպես նախկինում։ Միայն թիվ 43 դպրոցի տնօրեն Ռուզաննա Մուրադյանն առանձնացավ իր պատասխանով։ Ըստ նրա՝ դպրոցների տնօրեններին նախապես հրավիրել էին այս հարցով ժողովի, տեղյակ պահել, որ դպրոցներ են ուղարկելու բժիշկներ եւ հրահանգել նրանց աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել։ Փետրվարի 15-ից հերթով դպրոց են այցելում տարբեր պրոֆիլի բժիշկներ եւ ստուգում երեխաների առողջական վիճակը։ Սկզբում տնօրինուհին ասաց, թե այցելում են ամեն օր, բայց, դպրոցի բուժքրոջ հետ ճշտելուց հետո ուղղեց՝ շաբաթը մեկ անգամ։ Մյուս դպրոցների տնօրենները պնդում էին, որ արդեն մի քանի տարի է, որ շաբաթը մեկ դպրոց է այցելում դպրոցին կցված պոլիկլինիկայից որեւէ բժիշկ։ Սակայն թիվ 43 դպրոցի տնօրենի ներկայացմամբ՝ երբեմն գալիս էին, բայց դեռ չէր եղել, որ այսպես պարբերաբար այցելեին եւ դասարան առ դասարան ստուգումներ անցկացնեին։ Բժիշկները բավարարվում են միայն հիվանդությունները բացահայտելով՝ բուժումը, հավանաբար, համարելով ծնողների խնդիրը։ Բժիշկները 6-րդ մանկական պոլիկլինիկայից են։ Այդ նույն պոլիկլինիկան ապահովում է նաեւ դպրոցի բուժկետը՝ առաջին անհրաժեշտության դեղերով։ Նման բարեբախտությամբ մյուս դպրոցները հպարտանալ չէին կարող, քանի որ դպրոցի ու աշակերտների ուժերով են բուժկետն ապահովում առաջին անհրաժեշտության դեղերով ու պիտույքներով։ Թիվ 173 դպրոցը ոչինչ չի ստանում բուժկետի համար եւ դպրոցական ֆոնդի միջոցների հաշվին է լուծում այդ խնդիրը։ Դպրոցի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը նույնպես որեւէ նորություն չի արձանագրել. երեք տարի տնօրեն է եւ երեք տարի հարեւան պոլիկլինիկայից շաբաթը մեկ այցելում է բժիշկը, դպրոցի բուժքրոջ հետ շրջում են դասասենյակներում եւ ստուգում երեխաների առողջական վիճակը։ Տարածված հիվանդություններն են կարմրուկը, ջրծաղիկը, խոզուկը եւ հատկապես ոջլոտությունը։ Թիվ 52 դպրոցում եւս ամեն ինչ ընթանում էր այնպես, ինչպես նախկինում։ Ըստ տնօրեն Լյուբա Բլեյանի՝ «ունենք շատ լավ բուժքույր, բայց երեխաները շատ են, 1100 աշակերտ»։ Պոլիկլինիկայից ամեն հինգշաբթի այցելում է այս դպրոցին կցված բժիշկը, իսկ դեղորայքի հարցը իրենց ուժերով են լուծում։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել