Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղկաձորի

Ապրիլ 03,2001 00:00

Ո՞Վ ԿԼԻՆԻ ԱՌԱՋԻՆ ԵՐՋԱՆԻԿ ՀԱՅԸ, ՈՐԸ ԿԴԻՄԻ ԵԴ Ծաղկաձորի «Ադիգազ» հանգստյան տանը մարտի 31-ից ապրիլի 2-ը Հայաստանի առաջին ատյանների, վերաքննիչ, վճռաբեկ դատարանների դատավորները մասնակցում էին «Մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերը եւ դրանց կիրառումը Հայաստանի դատական իշխանության կողմից» օրակարգով կոնֆերանսին։ Մեր սիրասուն դատավորներից բացի՝ մասնակցում էին ՀՀ-ում ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության առաքելության տնօրեն Քեյթ Սիմոնսը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Ուիլլի Ֆուրմանը, կազմակերպիչներից՝ Ջեք Մքմեհոնը։ Չնայած օրակարգում նախատեսված էր արտգործնախարարի տեղակալի ելույթը, սակայն լրատվամիջոցներս չտեսանք նրան։ Ամերիկացի Քեյթ Սիմոնսը, որի պետությունը Եվրոպայի խորհրդի անդամ չէ, իր խոսքում ասաց, թե կողմնակից է այն սկզբունքներին, որոնց «հավատարիմ են մնում անդամ երկրները՝ Եվրոպայի խորհրդի պահանջով»։ Մեր հյուրը նշեց, որ Հայաստանի դատական մարմինները գտնվում են գործադիր մարմինների ազդեցության տակ ու մեր դատավորների ամոթխած դեմքերին էլ նայելով՝ ավելացրեց «շատ հաճախ» մեղմացուցիչ բառակապակցությունը։ Նրա ելույթն ուղղված էր արդարադատության գերակայությանն ու դատավորների անկախությանն ընդհանրապես։ ԱԽ-ն դատավորների պրոֆմիություն չէ Դատական համակարգի անկախության մասին շեշտեց նաեւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։ «Դատավորը չպետք է անկախ լինի օրենքից»,- ասում էր նա՝ կարեւորելով պատասխանատվության համակարգի ստեղծման անհրաժեշտությունը, «այնպիսի համակարգի, որ դատավորին չթվա, թե ինքն անկախացել է արդարադատությունից»։ Օրինակ բերվեց Լեհաստանի արդարադատության խորհրդի աշխատաոճը, որը վերածվել է… «դատավորների կամ դատարանների պրոֆմիության»։ Գագիկ Հարությունյանը խոսեց վարչական արդարադատության, քաղաքացիների ՍԴ դիմելու, ինստիտուցիոնալ համակարգի մասին եւս։ Թե դատավորներին, թե կոնֆերանսի մասնակից լրագրողներին բաժանվեցին «Մարդու իրավունքների վերաբերյալ ՀՀ մասնակցությամբ միջազգային պայմանագրեր» փաստաթղթերի ժողովածուն, ՍԴ նախագահի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանի «Միջազգային պայմանագրերի կնքման եւ կատարման տեսական եւ գործնական մի քանի հարցեր» ուսումնասիրությունը եւ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կանոնակարգը» գրքերը։ Այս 3 գրքերի հրատարակումը հովանավորվել է ամերիկյան իրավաբանների ընկերակցության (CEELI) ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից։ Իսկուհի Վարդանյանն իր ականջակալն է տալիս «Առավոտին» Բոլոր դատավորներն ապահովված էին ականջակալներով։ Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատավոր Իսկուհի Վարդանյանը, հավանաբար, անգլերեն լեզուն եւ մարդու իրավունքներն անթերի գիտեր եւ «Առավոտիս» անականջ վիճակը տեսնելով, սիրահոժար իրեն տրամադրած ականջակալը տվեց ինձ։ Լրագրողներին տրվեց «իրավունք»՝ հարցեր ուղղել կոնֆերանսը վարողներին։ Հարցերը վերաբերում էին ԵԴ դիմելու կարգին, դատարանի ծանրաբեռնվածությանը։ «Մենք, ճիշտ է, ունենք 12 հազար դիմում, յուրաքանչյուր դիմումատու վստահ է, որ իր դիմումը կվերանայվի առնվազն 2 տարվա ընթացքում։ Ցանկացած մարդ իրավունք ունի դիմել ԵԴ, եթե համոզված է, որ խախտվել է իրավունքը երկրի իշխանությունների կողմից եւ որ այլ իրավական պաշտպանության միջոց չի մնացել Հայաստանում»,- ասում էին մեր հյուրերը։ Ո՞վ կլինի այն հայ լրագրողը, որը կլուսաբանի ԵԴ նիստը ՍԴ նախագահի տեղակալը տեղեկացրեց, որ 3-4 ամսվա ընթացքում կթարգմանվի եւ կհրատարակվի «Եվրոպական դատարանի որոշումները»։ Կարծում ենք, այն կհետաքրքրի նաեւ այն լրագրողներին, որոնք, չի բացառվում, առաջիկայում իրենց անդրանիկ դատական ռեպորտաժները կուղարկեն Ստրասբուրգից։ Հետաքրքիր է, որ ԵԴ կանոնակարգի (որին կանդրադառնանք վաղվա «Առավոտում») 33 կանոնն է սահմանում «դատական քննության հրապարակայնությունը»։ Ըստ որի, «Մամուլին կամ հանրությանը կարող է թույլ չտրվել ներկա գտնվելու լսումների ողջ ընթացքին կամ դրանց մի մասին՝ ելնելով ժողովրդավարական հասարակությունում բարոյականության, հասարակական կարգի կամ պետական անվտանգության նկատառումներից, ինչպես նաեւ, երբ դա պահանջում են անչափահասների շահերը կամ կողմերի անձնական կյանքի պաշտպանությունը կամ այն չափով, որքանով, Պալատի կարծիքով, դա խիստ անհրաժեշտ է հատուկ հանգամանքների պարագայում, երբ հրապարակայնությունը կխախտեր արդարադատության շահերը»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել