Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդասիրական օգնությունն ահռելի հրեշ է, որ ուտում է մեր ժողովրդին»,- վերջերս ասաց մի հայ պետական պա

Ապրիլ 03,2001 00:00

Հիմա ո՞վ է առողջ ձի նվիրում «Մարդասիրական օգնությունն ահռելի հրեշ է, որ ուտում է մեր ժողովրդին»,- վերջերս ասաց մի հայ պետական պաշտոնյա։ Մարդասիրական օգնության մասին գրելիս մինչեւ վերջերս շեշտվում էր միանգամայն հակառակը։ Ամենեւին չուրանալով եւ չնվաստացնելով այդ օգնության փրկիչ առաքելությունը՝ հասարակության մեջ սկսել են արդեն խոսել նաեւ դրա բացասական ազդեցության մասին։ Նախ՝ օգնություն ստացածներն իրենք էլ չեն ժխտում, որ վարժվել էին դրան եւ դրա ամենաաննշան ուշացումներն ընդունում էին վրդովմունքով, չէին էլ մտահոգվում պատկերացնելու, թե ինչ կանեն դրա բացակայության պայմաններում։ Եվ այսպես, «երկրորդ ձեռքի» շոր ու կոշիկով, կասկածելի թարմության ձեթ ու ալյուրով մեր ժողովրդի մի ստվար զանգված դարձավ «ուրիշի ձեռքին նայող»։ Սակայն այս՝ առաջին հայացքից անմեղ թվացող հետեւանքը միակը չէ։ Բազմիցս անդրադարձել ենք մարդասիրական խողովակներով հանրապետությունը ողողած ժամկետանց դեղերին։ Այժմ զանազան կազմակերպություններ գումարներ են ծախսում այդ դեղերն իրենց պահեստներում պահպանելու վրա այնքան ժամանակ, մինչեւ գումարներ գտնվեն, օրենսդրական դաշտ մշակվի դրանք ոչնչացնելու համար։ Ասենք, որ «մարդասիրության հոսքը» օգնությունների առաջին տարիներին բավական մեծ էր։ Գնալով այն նվազում է, սակայն ոչ այնքան դրա պահանջարկի նվազմամբ պայմանավորված, որքան այն պատճառով, որ սկսվել է վերահսկվել դրա մուտքը հանրապետություն։ Ինչպես հավաստում է ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային եւ տեխնոլոգիական ապահովման վարչության պետ Ալբերտ Սահակյանը, վերջին տարիներին կարգավորվել է մարդասիրական խողովակով եկող դեղերի ստացման, մուտքագրման, վերագնահատման, բաշխման հարցերը։ Սակայն դրանց ծավալները գնալով նվազում են, ստացվում է դեղերի նույն տեսականին։ Շատ մեծ կարիք կա այն դեղերի, որոնք պետպատվերով հնարավոր չէ ապահովել՝ հակատուբերկուլյոզային, հակաուռուցքային եւ հոգեմետ։ Պատկերացում տալու համար պրն Սահակյանը հայտնեց, որ վերջին՝ մարտի սկզբի չվերթով ստացված դեղերի ցանկը զբաղեցնում է մի տպագիր էջի կեսը, ի հակադրություն անցյալի երեք էջանոց ցուցակների։ Ամենազավեշտալին այն է, որ բարեգործական խողովակներով ստացվում են պլաստիկ փաթեթներ, դույլիկներ՝ օգտագործված ներարկիչների համար եւ այլն, բաներ, որոնք «չեն խանգարում», բայց առաջին անհրաժեշտության չեն։ Դե, ուղարկում են՝ ով ինչից շատ ունի։ Իսկ մենք դեղեր չունենք։ Սակայն ամենակարեւորն այն է, որ այդ ամեն ինչը վերջում գումարային տեսք է ստանում, եւ ամբիոններից ամպագոռգոռ հնչեցվում է, թե «մարդասիրական խողովակներով հսկայական օգնություն է գալիս։ Որտե՞ղ է հիմա այդ օգնությունը»։ Դրանց մեջ հանգստանում են օգտագործված ներարկիչները եւ դեն շպրտված բինտ ու բամբակը։ Տարիներ հետո արդեն այս «պլաստիկ» մարդասիրության ձեռքը կրակը կընկնենք, քանի որ «մարդասեր» արտասահմաններում պլաստիկ շշերի եւ այլ տարաների արտադրությունն ու օգտագործումն այլեւս չի խրախուսվում։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել