Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն 3 օր է, ինչ դեղագործներն ազատ են պետեկամուտների նախարարին տված առաջին անհրաժեշտության եւ կարեւ

Ապրիլ 03,2001 00:00

«ԲԱԶԱՐԻ», ՈՉ ԹԵ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ Արդեն 3 օր է, ինչ դեղագործներն ազատ են պետեկամուտների նախարարին տված առաջին անհրաժեշտության եւ կարեւորության 300 անուն դեղերի չթանկացման վերաբերյալ իրենց խոստումից, եւ այս օրերին դեղորայքի գների շարժ է սպասվում։ Շարժ է նկատվում ընդհանրապես դեղագործական շուկայում։ Ըստ լուրերի, հայտնի բիզնեսմեն, Մալաթիայի տոնավաճառի, «Լուսաստղ» ռեստորանի սեփականատեր Սամվել Ավետիսյանը (Լֆիկ) սկսել է զբաղվել դեղորայքի ներկրմամբ՝ նախկինում շուկայում «աներեւույթ» «Նատալի ֆարմ» ֆիրմայի միջոցով։ Ըստ այդ նույն լուրերի, պարոն Ավետիսյանը Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջանակներից է, եւ իբր իշխանական օղակները Ս. Ավետիսյանի միջոցով նպատակ ունեն դեղերի ներկրման շահավետ բիզնեսն իրենց ձեռքը վերցնել, եւ իբր մտադիր են դա անել շուկայում էական կշիռ ունեցող, վերջերս առավել ակտիվ, ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալած ԱԺ պատգամավոր Ղուկաս Ուլիխանյանի գլխավորած «Շտապ օգնություն» ընկերությունը շուկայից անօրինականորեն դուրս մղելու միջոցով։ Այս տեղեկությունների վերաբերյալ պարոն Ավետիսյանից պարզաբանումներ ստանալու մեր ջանքերն ապարդյուն անցան, ուստի դրանց իսկությունը փորձեցինք ճշտել այլ աղբյուրներից։ Պետական եկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանը, որ երկար տարիներ բիզնեսի աշխարհում է, որ մեկ-մեկ, իր խոսքերով, պետբյուջեի կարիքների համար խոշոր գործարարներից կանխավճար է խնդրում, ասաց, թե «Սամոյին չեմ էլ ճանաչում»։ Իսկ դեղագործական շուկայում գործող մեր աղբյուրները հաստատեցին լուրը, որ Ս. Ավետիսյանն, իրոք, մուտք է գործում դեղերի շուկա, ընդ որում, ոչ ազնիվ ճանապարհով. «Դեղերի մեծածախ առեւտրով զբաղվող ֆիրմաներին 4-5 հարյուր հազար դոլար կանխիկ գումար է առաջարկել՝ խնդրելով հրաժարվել հայաստանցի իր նախկին գործընկերների հետ աշխատել եւ այսուհետ միայն իրեն դեղորայք վաճառել (Հայաստան ներկրելու համար- Ա. Ֆ.)»։ Առաջարկից հրաժարվել է այդ ֆիրմաների մի մասը միայն։ Սրան ի պատասխան՝ Ա. Մանուկյանն ասաց. «Սամո չէ, Պողոս հայտնվի, եթե մի ապրանքի պահանջարկ կա եւ չի բավարարվում, ու եթե դա բիզնեսի առարկա է, ապա մարդը լիովին իրավունք ունի ներկրել այդ ապրանքը»։ Նախարարն էլ դեղագործներին մեղադրեց, թե «շուկայում դիտավորյալ դեղերի դեֆիցիտ են ստեղծում, որպեսզի դեղորայքը թանկանա եւ կառավարությունը ստիպված լինի կրկին վերացնել ԱԱՀ-ն»։ Սրա վերաբերյալ մեր հարցմանն ի պատասխան, «Շտապ օգնության» սեփականատեր Ղուկաս Ուլիխանյանը տրամագծորեն հակառակ տեսակետը հայտնեց. «Հարցն էլ հենց այն է, որ չնայած փաստացի քիչ է դեղորայք ներկրվել (1 մլն 200 հազար դոլարի դեղ է ներմուծվել այս եռամսյակում, որը կրկնակի քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ), բայց շուկայում ամենեւին էլ դեֆիցիտ չկա»։ Հետեւությունն այն է, որ անօրինականորեն դեղորայք է Հայաստան ներմուծվել։ Մեր մի քանի աղբյուրների վերլուծությամբ, «Նատալի ֆարմը» ներկրվող դեղերի հետ մի քանի «ֆուռ» էլ մաքսանենգ ճանապարհով է բերում, ինչը, բնականաբար, հետագայում կազդի գնի վրա։ Իսկ ՀՀ պետեկամուտների նախարարն ընդհանրապես չբացառեց մաքսանենգության գոյությունը։ Եթե սա այդպես է, ապա հետագայում քանակ կազմելու պարագայում, մանավանդ խոշոր ընկերություններին շուկայից դուրս մղելուց հետո, դեղերի թանկացում, կանխատեսված 20-30%-ի չափով, տեղի չի ունենա, ինչի «շնորհիվ» կառավարությունն ապացուցած կլինի իր կանխատեսումը, իշխանություններն էլ շահավետ բիզնեսի «հունը» իրենց գրպանները կուղղեն։ Դեղորայքի թանկացման վերաբերյալ, սակայն, դեղորայքի շուկայում գործող մեր աղբյուրների մի մասն այլ կարծիքի է, պնդելով, որ գներն, այնուամենայնիվ, կթանկացվեն՝ իրենց շահույթը մեծացնելու համար։ Օրերս «Շտապ օգնությունը» երկար բանակցություններից հետո գրանցվել է Իրաքի առողջապահության նախարարությունում, այդ երկիր դեղեր ներմուծելու թույլտվությամբ։ Իսկ ստուգումները «Շտապ օգնությունում» շարունակվում են եւ, ըստ որոշ լուրերի, լիցենզիայից զրկելու մտադրություն կա, ինչը, սակայն, մասնագետների կարծիքով, հեշտ բան չէ։ Թե արդյոք այս երկու փաստերն իրար հետ կարո՞ղ են կապ ունենալ, ժամանակին կպարզվի, բայց իր ֆիրմայում ստուգումներ անցկացնելու համար քաղաքական ենթատեքստի վերաբերյալ Ղուկաս Ուլիխանյանն էլ իր կասկածներն ունի, որոնք դեռ չեն հաստատվել։ Հաստատվելու դեպքում, ասաց, որ մամուլի ասուլիս կհրավիրի։ Ա. Ֆ . Հ. Գ.- Հարցին, թե ինչպե՞ս են ընթանում ստուգումները Ղ. Ուլիխանյանի ֆիրմայում, պետեկամուտների նախարարն ասաց, որ ՊԵՆ-ը կապ չունի, բայց շուտով իրենք էլ ստուգումներ կսկսեն։ «Ի՞նչ հիմնավորվածությամբ» հարցին Ա. Մանուկյանը պատասխանեց, որ հերթական ստուգումներ կլինեն։ Իսկ թե ինչ արժե մի ֆիրմայի համար տեւական ստուգումները՝ պարզ է։ Ու մինչ «Շտապ օգնությունը» ստուգվում է, մեր տվյալներով, «Նատալի ֆարմն» օրերս 21 տոննա է ներկրել Հայաստան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել