«ՆԱԽԿԻՆՆԵՐԸ» ՆԱԵՎ ՀԱՂԹԱՆԱԿ ԵՆ ԱՊԱՀՈՎԵԼ Իշխանություններին սատարող քարոզչամիջոցները, թերեւս, կարծում են, որ քաղաքական ընդդիմադիր դաշտում հայտնված «Ազգային համաձայնության ճակատին» վարկաբեկելու ամենակարճ ճանապարհն այն ՀՀՇ-ի հետ կապելն է։ Փաստն այն է սակայն, որ Ճակատի անդամ կուսակցություններից միայն «Մտավորական Հայաստան» եւ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցություններն են, որ երբեւէ ՀՀՇ-ից պոկվել են։ Այս իմաստով Ա.Մանուչարյանը հիշեցրեց, թե հիշյալ երկու կուսակցություններն էլ դեռ տարիներ առաջ Էդվարդ Եգորյանի գլխավորությամբ դուրս են եկել ՀՀՇ-ից, որտեղ մինչեւ 97թ.-ն փորձել են պայքարել այդ կուսակցության վարած քաղաքականության դեմ։ Ի դեպ, ժամանակին այդ քաղաքականությունն Էդ.Եգորյանն առաջինը լինելով որակել է իբրեւ նոմենկլատուրային կապիտալիզմ եւ դեռ 97 թ.-ին ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամներին կոչ արել դուրս գալ խմբակցությունից։ Նույն խնդրին անդրադառնալով «Մտավորական Հայաստան» կուսակցության նախագահ Հովհաննես Թոքմաջյանը մասնավորապես ասաց. «Յուրաքանչյուր իշխանություն ունենում է մեծ եւ փոքր սխալներ։ Մենք կարող ենք ե՛ւ ներկա, ե՛ւ նախկին իշխանությունների գործած բազում սխալներ մատնանշել։ Բայց ինձ համար անընդունելի է, երբ նախկին իշխանությունների մասին խոսելիս փորձ է արվում վարկաբեկել նաեւ նրանց օրոք մեր հաղթած պատերազմը կամ անկախ պետականության կերտումը։ «Նախորդների» սխալների մասին շատերն են խոսում եւ հաճախ նաեւ անհիմն։ Բայց այդ «նախկիններն» ունեն մի մեծ մեղք, որ ավելին է, քան սխալը ու չգիտեմ, Աստված ներելո՞ւ է նրանց այդ մեղքը։ Դա ներկայիս իշխանությունների ծնունդն է»։ Իսկ ինչպե՞ս կարելի է գնահատել, ինչպես Արշակ Սադոյանն է սիրում ասել, այն «մութ ու խավար» տարիները, եթե ոչ՝ «նախորդների» գործած հանցագործություն։ Պարոն Թոքմաջյանն, անդրադառնալով այս հարցադրմանն ասաց. «Ցանկացած հանցագործություն պետք է բացահայտվի եւ պատժվի իրավապահների եւ արդարադատության կողմից։ Ինչ վերաբերում է այդ տարիներին, ապա նույն ժամանակահատվածում մեր երկիրը պատերազմել եւ այն հաղթանակով է ավարտել։ Իսկ դա դեռեւս լուրջ քննարկման եւ գնահատման կարիք ունի»։ Սեփ. լր.