«ԷԴ ՄԱՐԴՈՒՆ ԽՄԵԼԸ ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ Ա» Շաբաթ օրվա «Ազդակ» ակումբի հյուր Մանուկ Գասպարյանը փորձ արեց պաշտպանել ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի «ստրիպտիզասիրությունը», բայց՝ կարծես թե հակառակը ստացվեց։ Մեջբերենք Մ. Գասպարյանի ասածը, դատեք ինքներդ։ Նախ, Մանուկ Գասպարյանն ասաց, թե դժգոհ է վարչապետից եւ, որ միակ աշխատող մարդը կառավարությունում Վարդան Խաչատրյանն է, հետո էլ անդրադարձավ նրան, որ վերջինիս արտաշխատանքային պահվածքը որոշ թերթեր քննադատել են. «Գրել են, որ ստրիպտիզում եսիմ ինչ ա արել ստրիպտիզի աղջիկներին։ Բա նա ընտանիք ունի, չէ։ Բա որ կինը բաց թողնի էդ մարդուն։ Ասենք թե արել է մեկ-երկու անգամ, հետո՞»։ Տեղից՝ թող թաքուն աներ. «Թաքուն տեղերում ա արել, բայց մարդ ա պատահել։ Հիմա ի՞նչ անենք։ Ես ուղղակի ինքս գտել եմ, որ էդ մարդուն խմելը հակացուցված ա»։ Իր այս խիստ խորաթափանց մտքից հետո Մ. Գասպարյանը որոշում է մինչեւ վերջ «պաշտպանել» «էդ մարդուն»։ Մեջբերենք հակիրճ, որովհետեւ ինքներդ էլ հասկանում եք, թե հաճախ որքան խճճված կարող է լինել վերոհիշյալ անձնավորության խոսքը. միտքն այն է, որ ստրիպտիզից հետո Վ. Խաչատրյանին տարել են մեկ այլ տեղ եւս, իսկ հաջորդ օրն առավոտյան կամ հենց գիշերը այս ամենի մասին իմացել է նախագահը։ Եզրակացությունը հետեւյալն է. «Այ, էսքան շպիոնամանիան մեզ մոտ զարգացած է»։ Վերջում Մ. Գ.-ի եզրակացությունը. «Չի կարելի մարդուն մեկ-երկու էպիզոդիկ անձնական կյանքի երեւույթը, ընտանիք ունեցողի հատկապես, հանել, էդպես բան»։ Կարծում ենք, ընդհանուր միտքը մոտավորապես հասկանալի է եւ հարկ չկա Մանուկ Գասպարյանին թարգմանել հայերեն։ Սեփ. լր.