«ԿՈՄԿՈՒՍԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԱՐԺԱՆԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ» Այսպես բնորոշեց ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը ԲԷՑ-երի մասնավորեցման մասին օրենքի գործողությունը դադարեցնելու՝ ՀԿԿ խմբակցության նախաձեռնությամբ կայացած արտահերթ նիստը։ Այս թեման զարգացնելով՝ այլ պատգամավորներ էլ հետո կոմունիստներին շնորհավորեցին քաղաքական մեծամասնության դեմ տարած փայլուն հաղթանակի համար։ Թեեւ այդ հաղթանակը ժամանակավոր էր՝ ի վերջո օրինագիծը մերժվեց ստանալով 41 «կողմ», 35 «դեմ» եւ 2 «ձեռնպահ» ձայներ։ Սակայն իրոք «Միասնության» հանգրվանային պարտության վկայությունն էր, որ չնայած գրեթե ամբողջ խմբակցությունը չմասնակցեց արտահերթ նիստ հրավիրելու քվեարկությանը, այնուամենայնիվ 45 հոգի «կողմ» քվեարկեցին ԲԷՑ-երի մասնավորեցման օրենքի առնչությամբ արտահերթ նիստ գումարելուն, որը տեւեց ճիշտ մինչեւ կեսգիշեր։ Ըստ Արթուր Բաղդասարյանի հաշվարկների՝ սա 5-րդ փորձն էր այս հարցով քննարկում անցկացնելու։ Այս մեկը հաջողվեց, քանի որ արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությանը միացան նաեւ «Հայաստան» խումբը եւ «Օրինաց երկիրը»։ Այս հանգամանքը ոգեւորեց ՀԺԿ-ականներին։ Ու թեեւ նախապես ՀԺԿ-ի ցուցակով ընտրված պատգամավորներից «կողմ» էին քվեարկել միայն Արամայիս Բարսեղյանը, Սերգեյ Իսրայելյանը եւ Գուրգեն Եղիազարյանը, քվեարկությունից անմիջապես հետո Ստեփան Զաքարյանը լրագրողներին հայտնեց, որ ՀԺԿ-ն կմիանա այս նախաձեռնությանը։ Նաեւ, որ թեեւ «Միասնության» նիստում այդ մասին այլ որոշում է ընդունվել, բայց ՀԺԿ քաղաքական խորհրդի որոշումն իրենց համար ավելի կարեւոր է։ Կոմունիստների տապալված օրինագիծը նախապես բավական քննադատվեց պատշաճ տեսքի բացակայության համար (անվերնագիր էր, նշված չէր, թե երբ է ուժի մեջ մտնում եւ այլն)։ Օրենքի նախագծում մասնավորապես նշված էր՝ «Հաշվի առնելով հանրապետության տնտեսական կյանքում էլեկտրական բաշխիչ ցանցերի բացառիկ ռազմավարական նշանակությունը եւ այն, որ դրանց սեփականաշնորհումը օտարերկրյա կազմակերպություններին անմիջական վտանգ է սպառնում մեր երկրի ազգային եւ պետական ինքնիշխանությանը»՝ անհրաժեշտ էր համարվում ուժը կորցրած համարել ԲԷՑ-երի մասնավորեցման մասին 2000թ. հուլիսի 28-ի օրենքը։ Սեյրան Ավագյանի դիտողությունն էր, որ եթե անգամ այս օրինագիծն ընդունվեր էլ՝ ԲԷՑ-երը կսեփականաշնորհվեին ոչ թե առանձին իրենց համար գրված օրենքով, այլ «Սեփականաշնորհման մասին» ընդհանուր օրենքով։ Ուստի առավել եւս հասկանալի չէր, թե այդ նախաձեռնությունը տվյալ փուլում ինչ խնդիր էր լուծում։ Օրինագծի կողմնակիցների փաստարկներից դատելով՝ նրանք ընդհանրապես կողմ էին, որ էլեկտրացանցերը չսեփականաշնորհվեն։ Թեեւ շատերն էին վստահ, որ եթե ԲԷՑ-երի գնորդների մեջ լիներ նաեւ ռուսական որեւէ ընկերություն՝ կոմունիստները եւ քաղաքական այլ ուժեր կանտեսեին ԲԷՑ-երի վերագրվող կամ իրական ռազմավարական նշանակությունը։ Բարձրաձայն հնչեցին այլ կասկածներ, թե կառավարությունն իրականում կողմ է, որ էլեկտրացանցերը չվաճառվեն։ Այս տեսակետը պնդող պատգամավորների համար հիմք էր դարձել այն իրողությունը, որ այս քննարկման ժամանակ կառավարության լիազոր ներկայացուցիչը էներգետիկայի փոխնախարար, մրցութային հանձնաժողովի քարտուղար Արեգ Գալստյանն էր։ «Նմանատիպ ֆորմատով ներկայանալն առնվազն միամտություն է կամ հակառակ արդյունք ստանալու միտում»,- ասաց Գուրգեն Արսենյանը։ Իսկ Հմայակ Հովհաննիսյանը Արեգ Գալստյանին անվանեց «երկրորդական կարգի փոխնախարար», նշելով, թե վարչապետը պիտի ներկայացներ կառավարության դիրքորոշումը։ «Վարչապետն էլ գար՝ կասեիք, ճնշում է գործադրում»,- առարկեց նրան ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը։ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը բնորոշեց, թե ինչպես անցան քննարկումները՝ «միայն լաքեյներին բնորոշ գոռգոռոցով եւ համառությամբ»։ «Հարգելի ռադիոլսողներն են մեղավոր»,- արմատը մատնացույց արեց «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ որոշ պատգամավորներ հանրահավաքի են վերածում ամեն ինչ, հենց տեսնում են, որ իրենց լսում են։ Քվեարկության արդյունքները շատերին հետաքրքրում էին գլխավորապես նրա համար, որ տեսնեն, թե ինչպես է քվեարկելու մեծամասնությունը։ «Կիմանանք, թե «Միասնությունը» քանի հոգուց է բաղկացած»,- նախապես ասել էր Վահան Հովհաննիսյանը։ ՀՅԴ-ն ողջ կազմով քվեարկեց «դեմ»։ Այդքան միանշանակ էին մեկ էլ Հանրապետական կուսակցության պատգամավորների քվեարկությունները։ ԱԺՄ-ից Սեյրան Ավագյանն ու Ֆիլարետ Բերիկյանը նույնպես «դեմ» քվեարկեցին, Սեմյոն Բաղդասարյանը չէր քվեարկել։ Բացառությամբ Համլետ Հարությունյանի, որը չէր քվեարկել՝ օրինագծին «կողմ» էին ե՛ւ ՍԻՄ-ի, ե՛ւ «Ազգային միաբանության» պատգամավորները։ Կոմունիստներին անդրադառնալ չարժե՝ նրանց դիրքորոշումը հայտնի է։ Այս անգամ միակամություն դրսեւորեցին նաեւ «Օրինաց երկրի» պատգամավորները, թեեւ էլեկտրացանցերի մասնավորեցման մասին օրենքին ժամանակին Արծրունի Աղաջանյանն ու Գեղամ Գասպարյանը «դեմ» էին։ Առավել հետաքրքրական էր «Հայաստան» խմբի պատգամավորների ազատ քվեարկությունը։ Մի մասը՝ ասենք, Ղուկաս Ուլիխանյանն ու Ռուբեն Գեւորգյանը քվեարկել էին «կողմ», իսկ, ասենք, Մյասնիկ Մալխասյանն ու Արա Կետիկյանը չէին քվեարկել։ Նման խառը քվեարկությունները միշտ վկայում են, թե որոշակի փոխպայմանավորվածություններ են ձեռք բերվել կամ, կոպիտ ասած, առեւտուր է ընթացել։ Եվ վերջապես օրվա հարցը՝ ինչպես քվեարկեց ՀԺԿ-ն։ Հակառակ Ստեփան Զաքարյանի հավաստիացումների՝ բոլորը չէ, որ «կողմ» էին քվեարկել։ Այսպես՝ Արմեն Խաչատրյանը քվեարկել էր «ձեռնպահ», իսկ Գագիկ Ասլանյանն ու Վլադիմիր Բադալյանը չէին քվեարկել։ Թերեւս հենց ՀԺԿ-ին էին ուղղված երեկ հնչած բազմակի կոչերը, թե վերջապես որոշեք՝ ո՛րն է ձեր տեղը, քաղաքական մեծամասնությանը ներսից սնանկ մի՛ դարձրեք, տե՛ր կանգնեք ձեր պատասխանատվությանը։ Այլապես, մեղմ ասած, անհասկանալի է, որ կառավարության ծրագրին քվեարկելով «կողմ»՝ դեմ են դուրս գալիս մասնավորեցման ծրագրային դրույթներին։ Սա սկզբունքային մոտեցում չէ։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ