Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 6-ին ՀՀ կառավարության որոշմամբ արդեն վաղուց գործող «ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական եւ գիտատեխնիկական

Ապրիլ 03,2001 00:00

ՌՈՒՍԱՑ ԼԵԶՈՒՆ՝ ՎԱՌԵԼԻՔԻ ՓՈԽԱՐԵՆ Մարտի 6-ին ՀՀ կառավարության որոշմամբ արդեն վաղուց գործող «ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի» հայկական մասի անհատական կազմում տեղի է ունեցել փոփոխություն։ Մինչ այդ հիշյալ հանձնաժողովը համանախագահում էին հայկական կողմից Դավիթ Զադոյանը, ռուսական կողմից՝ Ադամովը։ Հիշեցնենք, որ այդ ժամանակահատվածում Դ.Զադոյանը զբաղեցնում էր ՀՀ էներգետիկայի, իսկ Ադամովը՝ ՌԴ ատոմային էներգետիկայի նախարարների պաշտոնները։ Հայ-ռուսական տնտեսական համագործակցության հանձնաժողովի փոփոխությունն այս իմաստով այն է, որ հիշյալ հանձնաժողովի համանախագահ Դավիթ Զադոյանին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի առաջարկով փոխարինել է Սերժ Սարգսյանը։ Փոփոխության պատճառների մասին ՀՀ կառավարության պաշտոնական պատասխանն այս է, քանի որ հայ-ռուսական համագործակցությունը խորացնելու տրամադրություն կա, ուստի պետք է ընդլայնվեին նաեւ հիշյալ հանձնաժողովի ընդգրկման ոլորտները։ Այդ պարագայում նպատակահարմար է համարվել, որ հատկապես Սերժ Սարգսյանը գլխավորեր հանձնաժողովը։ Այս փաստարկը, կարծում ենք, այնքան էլ հիմնավոր չէ՝ հաշվի առնելով Ս.Սարգսյանի զբաղեցրած պաշտոնը՝ ստացվում է, որ հանձնաժողովը ղեկավարելու են մի կողմից ատոմային էներգետիկայի, մյուս կողմից՝ պաշտպանության նախարարները։ Ավելին, մեր տեղեկությունների համաձայն, վարչապետ Ա.Մարգարյանը ՌԴ կառավարությանն առաջարկել է, որպեսզի ռուսական կողմից հանձնաժողովի համանախագահ նշանակվի ամենաքիչը ՌԴ փոխվարչապետ՝ հավանաբար, կարծելով, թե Ս.Սարգսյանը Հայաստանում ավելի մեծ կշիռ ունի, քան Ադամովը Ռուսաստանում։ Հանձնաժողովի համանախագահի կարգավիճակում Ս.Սարգսյանի վերջերս կատարած այցը Մոսկվա, «Առավոտի» տեղեկություններով, անհաջող էր։ Իր այն ժամանակվա գործընկեր Ադամովի հետ հանդիպման ժամանակ Ս.Սարգսյանը փորձել է կարգավորել Հայաստանի ատոմակայանի գործարկման համար Ռուսաստանից ներկրվող ատոմային վառելիք ստանալու հարցը։ Ռուսական կողմի դիրքորոշումն ինչպես այլ, այնպես էլ այդ մի հարցում կոշտ էր. նա պահանջել է մինչեւ մայիս ամիսը վճարել նախ արդեն մատակարարված վառելիքի դիմաց գոյացած 32 մլն դոլար պարտքը։ Հակառակ դեպքում, ռուսական կողմի հավաստիացմամբ, ՀԱԷԿ-ն այլեւս վառելիք չի ստանա։ Եթե ռուսների այդ մտադրությունը ոչ թե հերթական սպառնալիք է, այլ լուրջ որոշում, նշանակում է ԱԷԿ-ը, մայիսին նախատեսված հերթական պրոֆիլակտիկ վերանորոգումից հետո, այլեւս լուրջ պրոբլեմներ է ունենալու։ Ըստ մեր աղբյուրների, ռուսական կողմը նաեւ դժգոհություն է հայտնել, որ ժամանակին Հայաստանի կառավարությունը չի համաձայնել ԱԷԿ-ը, ԲԷՑ-երն ու ընդհանրապես էներգոհամակարգը հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն դարձնելու իր առաջարկին։ Ս.Սարգսյանի այն պարզաբանմանը, թե այդ դեպքում միջազգային ֆինանսական կազմակերպությունները չէին ֆինանսավորի ԱԷԿ-ի անվտանգության համար տրամադրող մի քանի միլիոն դոլարը, Ադամովը լուրջ չէր համարել։ Ս.Սարգսյանն, ի վերջո, վստահեցրել է, թե ատոմային վառելիքի դիմաց կուտակված 32 մլն դոլարը Հայաստանը կմարի։ Իսկ եթե ռուսները դժգոհ են, որ ՀՀ ԱԺ-ում վերջերս տապալվել է ռուսաց լեզուն Հայաստանում իբրեւ երկրորդ լեզու ամրագրելու մասին օրինագիծը, ապա պաշտպանության նախարարը խոստացել էր օրինագիծն անպայման ընդունել տալ։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել