«Աղետի գոտի» հասկացության վերացումն էր հանրապետության նախագահի նախընտրական խոստումներից մեկը։ Վերացե՞լ է աղետի գոտին, երբ այդ խոստումից արդեն տարիներ են անցել։ Չէ, հաստատ չի վերացել։
88-ի երկրաշարժից 12 տարի է անցել, սակայն այդ տարիների ընթացքում քաղաքի բնակմակերեսը վերականգնվել է ընդամենը 30%-ով։ Անցած սեպտեմբերին Սպիտակում երկրաշարժից հետո առաջին անգամ մարդահամար է անցկացվել, որի տվյալներով գրանցվել է 12% արտագաղթ։ Ինչպես նշեց Սպիտակի համայնքի թաղային կոմիտեի նախագահ Հայկ Սիսակյանը, մեկնողների 60- 70%-ը երիտասարդներ են եւ գնում են հիմնականում գործազրկության պատճառով։ «Աշխատանք չունեն, օրվա հացի փողը վաստակելու հնարավորություն անգամ չկա, ինչն էլ նրանց ստիպում է լքել քաղաքը։ Գնում են արտերկիր, հիմնականում Ռուսաստան, գործ գտնելու ակնկալիքով»,- ասաց Հ. Սիսակյանը։
Այնինչ, մինչեւ երկրաշարժը Սպիտակն ունեցել է կոշիկի, վերելակների, ռետինատեխնիկական իրերի, շաքարի մեծ գործարաններ, հացամթերքի կոմբինատ, ուր տասնյակ հազարավոր սպիտակցիներ են աշխատել։ Այդ արտադրական ձեռնարկությունները հիմնականում չեն վերականգնվել։ Աշխատող ձեռնարկություններն էլ մասամբ են շահագործվում։
Սոցիալական, տնտեսական ծանր վիճակը, բնականաբար, իր անմիջական ազդեցությունն է ունենում քաղաքի մշակութային կյանքի վրա։ Վերջին մի քանի տարիների ընթացքում այստեղ մշակութային որեւէ լուրջ միջոցառում չի կազմակերպվել։
Կարդացեք նաև
– Ի՜նչ մշակութային կյանք։ Մշակութային կյանքը կինոն է, թատրոնը, համերգը. դրանք այստեղ չլսված բաներ են։ Սպիտակին քաղաք ենք ասում, բայց ամենաչզարգացած գյուղից էլ այստեղ վիճակը ավելի վատ է, բոլոր առումներով,- ասում է սպիտակցի մի երիտասարդ։
Ապրում են հիմնականում հող մշակելու ու անասնապահության միջոցով։ Իսկ անցած տարվա երաշտը չշրջանցեց Սպիտակը։ Թեեւ քաղաքապետարանի նախաձեռնությամբ քաղաքի մշակույթի տան շինարարական աշխատանքները դեռ անցած տարի են ավարտվել, այդուհանդերձ այն գրեթե չի շահագործվում, ֆինանսական սղության պատճառով միջոցառումներ չեն կազմակերպվում։ Արդեն գործում է «Սուրբ Հարություն» նորակառույց եկեղեցին, որը միակն է քաղաքում։ Իսկ Կարմիր խաչի հովանավորությամբ Սպիտակի 215 բնակարանների կառուցման ծրագիրը պետք է իրականացվի այս տարվա առաջին 6 ամսվա ընթացքում։
Այսպիսին է «վերականգնվող» կենտրոնական աղետի գոտու մոտավոր պատկերը։ Ասել է, թե մյուս հատվածներում ավելի լավ վիճակի ակնկալիք ունենալը սխալ է։
Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ