Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետը չի ենթարկվում դատարանին

Մարտ 31,2001 00:00
grel

Դիմում եմ Ձեզ, քանզի այլեւս դիմելու եւ բողոքելու ուրիշ տեղ չունեմ։ Ոտնահարված, սեւացված ու զրպարտված է իմ բարի անունն ու պատիվը Սիսիանի քաղաքապետ Լավրենտ Սարգսյանի կողմից։

Աշխատել եմ քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ որպես պատմության եւ հասարակագիտության ուսուցիչ։ 1999թ. սկզբին մրցութային կարգով ընտրվեցի նույն դպրոցի գործադիր տնօրեն։ Իմ գործունեության շուրջ 21 ամիսների ընթացքում դպրոցն արձանագրեց լուրջ հաջողություններ։ Սակայն ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ, երբ Սիսիան քաղաքի ղեկավար դարձավ Լ. Սարգսյանը։

Ճիշտ է, նախընտրական արշավի ընթացքում նա տեղի եւ անտեղի տարփողում էր իր անմնացորդ նվիրվածությունը մարդկային եւ համամարդկային արժեքներին ու քարոզում իր անաչառության, ազնվության ու պարկեշտության մասին։

Իրականում, ինչպես ասում են, ուրբաթն ավելի շուտ եկավ, քան շաբաթը։ Վկան՝ քաղաքի օր օրի ապականվող փողոցները, քանդվող եւ այնքա՜ն հազվադեպ կարկատվող փողոցներն ու մայթերը, փակված եւ լքված մանկապարտեզը, գլխատված ու հաշմված քաղաքի ծառերը, մարդկանց դեմքերից բացակայող ժպիտն ու խանդավառությունը։ Քաղաքի բյուջետային կազմակերպությունների աշխատողները ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստանում։ Նման պայմաններում քաղաքապետը բնակչության եւ տարածքի հոգսերը հոգալու փոխարեն հոկտեմբերին անօրինաբար ազատեց ինձ դպրոցի գործադիր տնօրենի պաշտոնից՝ մեղադրելով բազում խախտումների եւ չարաշահումների մեջ։ Իմ ոտնահարված իրավունքները վերականգնեց ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը՝ ս.թ. մարտի 13-ին։ Այդուհանդերձ, քաղաքապետը չարամտորեն հրաժարվում է կատարել դատարանի վճիռը՝ չենթարկվելով օրենքին։ Իմ դեմ հանցանշաններ մոգոնելու նպատակով քաղաքապետը իր արբանյակների միջոցով կեղծ նյութեր պատրաստեց եւ ուղարկեց դատախազություն՝ փորձելով ահաբեկել ու լռեցնել ինձ։ Լ. Սարգսյանի կամքով ինձ ազատեցին նաեւ ուսուցչի պաշտոնից: Մնում է միայն զարմանալ կամ էլ ափսոսալ. ինչո՞ւ են հարկատուների հաշվին պահում մի քաղաքապետարան, որի ղեկավարները, ըստ իրենց քմահաճույքի, չեն կատարում ՀՀ օրենքը եւ իրենց համարում են օրենքից վեր կանգնած մարդիկ։ «Ես օրենքից բան չեմ հասկանում, դրա համար էլ չեմ կատարում»,- ասում է քաղաքապետը եւ քահ-քահ ծիծաղում։

ՎԻԿՏՈՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Վերաքննիչ դատարանը անվավեր ճանաչելով քաղաքապետի թիվ 44 կարգադրությունը, Վիկտոր Պետրոսյանին վերականգնել է նախկին աշխատանքում՝ գործադիր տնօրենի պաշտոնում։ «Սույն վճիռը ենթակա է անհապաղ կատարման»,- ասել է դատարանը, սակայն հաշվի չառնելով տեղական իշխանիկների՝ իրենց օրենքից վեր դասելու հանգամանքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031