«Ջազ-արտի» նախագահ Լեւոն Մալխասյանը վերջերս մեկնել է ԱՄՆ՝ հրավիրելու ջազի աստղերին մասնակցելու Քրիստոնեության 1700-ամյակի տոնակատարություններին։ Վերադարձից հետո հանդիպեցի նրան։
– Հաջողվե՞ց Ձեր ուղեւորությունը։
– Նախ, ինչո՞ւ է մարդկությունը սիրում ջազը։ Որովհետեւ այնտեղ զգում է այն թարմությունը եւ լիառատ կենսական ուժը, որոնք ժամանակակից մեկ այլ երաժշտության մեջ այդքան վառ արտահայտված չեն։ Ջազը ստեղծած ԱՄՆ-ի սեւամորթները, անշուշտ, կատարելությամբ են տիրապետում դրան։ Վերջինս ընթանում է իր ճանապարհով, առանց ուղիներ ընտրելու։ Այսպես է ընթանում նաեւ մեր՝ հայկական ջազը։ Երեւի գիտեք, ավարտել եմ Բրյուսովի անվան ռուսաց եւ օտար լեզուների ինստիտուտը եւ ոչ մի օր չեմ աշխատել մասնագիտությամբ։ Շուրջ 40 տարի ջազով եմ զբաղվում։ Ժամանակը ցույց տվեց, որ «ջազով ապրելը» պատանեկան հետաքրքրություն չէր, դա նախընտրություն էր եւ համոզմունք, ինքնահաստատման ուրույն միջոց։ Երազանքներիցս մեկը կայացավ՝ Երեւանում անցկացվեցին միջազգային ջազ-փառատոներ՝ 1998-ին, 2000-ին։ 99-ին չկայացավ՝ հոկտեմբերի 27-ի տխուր դեպքերի պատճառով։ Երկրորդ երազանքս է հիմնել ջազային դպրոց-ստուդիա, որն ավարտողները կարող են ուսումը շարունակել կոնսերվատորիայի համապատասխան ֆակուլտետում։ Ունեմ մեծ գրադարան, ձայներիզներ, տեսադարան։ Ընդամենը հարկավոր է տարածք։ Կարծում եմ, երազանքս կիրականանա։
Այսօր մխիթարվում եմ մի բանով՝ ջազային երեկոներ են անցկացվում հայտնի «Поплавок»-ում եւ այստեղից հայ ջազմենները, հանձին Վահագն Հայրապետյանի, Խաչատուր Սահակյանի, Արմեն Հյուսնունցի եւ այլոց, մեկնում են, մասնակցում ջազ-փառատոների՝ արժանանալով աշխարհահռչակ ջազմենների բարձր գնահատանքին եւ մրցանակների։ Սա էլ ասեմ. այսօր Հայաստանը սուպեր ջազ աստղերի հրավիրելու պատրաստ չէ։ Դե, գիտեք, ինչ արժե սարքավորումների (լույսեր, հնչյունային վահանակ եւ այլն) բերելը։ Ակնկալելով ձեր հարցի պատասխանը՝ ասեմ, որ սուպերաստղեր Ռեյ Չարլզի, Ալ Ջարոյի, Ջորջ Բենսոնի, Սթիվի Ուանդերի, Ջեմս Բրաունի, Մայքլ Ֆրենցի… հետ ունենք պայմանավորվածություն։ Բնականաբար՝ հասկանալի պատճառներով բոլորին չենք կարող հյուրընկալել։ Բայց, կարծում եմ, մեկ սուպերաստղի պահանջները կարող ենք բավարարել եւ, բնականաբար, հյուրընկալել։ Ես ինձ հետ ԱՄՆ էի տարել տեսաֆիլմեր Հայաստանի մասին, մեր ջազ-փառատոնի տեսաերիզներից։
Կարդացեք նաև
Կարծում եմ, նրանց տպավորությունը Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին մեծ էր եւ ցանկությունը՝ գալ Հայաստան՝ նույնպես, բայց, կրկնում եմ՝ պահանջները բավարարել բարդ է՝ սկսած իրենց երկրի օդակայանից մինչեւ հայոց հող եւ բեմահարթակ։ Այս ամենն իրականացնելու գործում իմ գլխավոր գործընկերն է «Նուշիկյան ասոցիացիայի» պրեզիդենտ Գարեգին Նուշիկյանը, որի հետ միասին փորձում ենք մեր քաղաքը ողողել լույսով, հույսով եւ, իհարկե, ջազային երաժշտությամբ։ Կրկնում եմ՝ «Поплавок»-ից գնում ենք արտերկիր ու պատշաճ ներկայացնում հայկական ջազը, բայց մեզ հիմնավոր կրթություն է հարկավոր, ասել է թե՝ հիմնել ջազային դպրոց-ստուդիա, որի համար ընդամենը տարածք է հարկավոր, իսկ մնացածը՝ մեզ վրա։ Մենք պետք է համաշխարհային մշակույթի հետ երկխոսություն վարենք հավասարի իրավունքով։
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ