Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԶՈՀԱԲԵՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Մարտ 31,2001 16:45

Ճշմարտությունը խաղաղ բանակցությունների մասին

Դա ավելին է, քան հանցագործությունը, դա սխալ է:

Նապոլեոն Բոնապարտ

Ինչո՞ւ հայ-ադրբեջանական պատերազմում հաղթական ռազմական գործողությունների ավարտից 7 տարի անց պատերազմի կամ խաղաղության միջեւ ընտրությունը կրկին դարձավ մեր հասարակական բանավեճի առարկան: Դժվար է այս հարցին հեշտ պատասխան գտնել. Ղարաբաղի ճակատագիրը, հայ եւ ադրբեջանական ժողովուրդների համար խաղաղություն կամ պատերազմ վճռող բանակցությունները միշտ կրել են գաղտնի բնույթ եւ հասարակությունը դրանց մասին համարյա ոչինչ չի իմացել: Անհրաժեշտ այդ գաղտնիությունը, ցավոք, հաճախ օգտագործվել է հանուն նեղ անձնական կամ կուսակցական քաղաքական նվաճումների: Բայց հայտնի է. «ոչինչ չկա ծածուկ, որ չհայտնվի, եւ թաքուն բան, որ չիմացվի»:

Եվ ահա վերջապես վերջերս հրապարակվեցին մինչ այդ գաղտնի պահվող Մինսկի խմբի առաջարկները եւ Հայաստանի պաշտոնական պատասխանները Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ: Ինչպես խոստովանեց նախագահ Քոչարյանը, դա իր համար անսպասելի էր: Ես կասեի ավելին՝ դա անցանկալի էր իր համար: Եվ ոչ թե որովհետեւ կոնֆիդենցիալ բանակցությունների բովանդակության վաղաժամկետ հրապարակումը կարող է վիժեցնել կարգավորման որեւէ հնարավորություն: Իրականում Քոչարյանի համար սարսափելի է մեկ այլ հանգամանք: Վերջապես թաքնված դիվանագիտական աշխատանքի արդյունքները բացվեցին հասարակության առջեւ եւ պարզ դարձավ, որ ոչ միայն կեղծ էին պնդումները «Ընդհանուր պետություն» կոչված դիվանագիտական հաղթանակի մասին, այլ նաեւ բացահայտվեց, որ հայաստանյան դիվանագիտությունը խոշոր նահանջներ է արձանագրել բոլոր առանցքային դիրքերում:

Այսպես, պարզվում է հետեւյալը.

1. Բազմիցս թմբկահարված «Ընդհանուր պետություն» տարբերակը

– փուլային է, հակառակ Քոչարյանի պնդումների, որ նա ընդունում է միայն փաթեթային լուծում,

– բնույթով փուլային լինելով հանդերձ, ամրագրում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ի տարբերություն 1997թ. փուլային տարբերակի, որը դա չէր անում,

– Ղարաբաղի կարգավիճակի սահմանման հարցում՝ 1997թ. փաթեթային տարբերակի համեմատ էապես թուլացնում է Ղարաբաղի փաստացի անկախությանը վերաբերող դրույթները,

– ոչ միայն չի ապահովում «հորիզոնական» կապ Ադրբեջանի հետ, այլ հակառակը՝ մտցնում է «ուղղահայաց» ենթակայության էական դրույթներ, որոնք չկային 1997թ. փաթեթային տարբերակում:

2. Մինսկի խմբի երեք առաջարկներին հայկական դիվանագիտության պատասխանները ցույց են տալիս, որ

– Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք հայկական դիվանագիտությունը հետեւողականորեն մերժել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը վերաբերող որեւէ դրույթ ցանկացած դիվանագիտական փաստաթղթում,

– մինչդեռ Ռոբերտ Քոչարյանի օրոք հայկական դիվանագիտությունը համաձայնել է մի փաստաթղթի, որով Լեռնային Ղարաբաղը ճանաչվում է Ադրբեջանի մաս:

3. Չնայած այն զիջումներին, որոնց գնացել է Հայաստանը՝ ընդունելով «Ընդհանուր պետության» տարբերակը, որը նահանջ է եւ՛ 1997թ. փաթեթայինի, եւ՛ 1997թ. փուլայինի նկատմամբ, Ադրբեջանը միայն ավելի է կոշտացրել իր բանակցային դիրքերը: Մասնավորապես

– Ադրբեջանը այսօր հրաժարվում է ընդունել 1997թ. եւ՛ փաթեթային, եւ՛ փուլային այն լուծումները, որոնց նախկինում համաձայնություն էր տվել,

– Ադրբեջանը հրաժարվել է անգամ «Ընդհանուր պետության» տարբերակից, որը Ղարաբաղի ուղղահայաց ենթակայության տարրեր է պարունակում,

– Ադրբեջանը 1997թ. հունիսին ընդունում էր այն առաջարկը, որը ամրագրում էր Ղարաբաղի փաստացի անկախությունը, իսկ այսօր չի ընդունում, մինչդեռ Հայաստանն ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որն առաջ չէր ընդունում:

Օգտվելով այն հանգամանքից, որ հայ հասարակության լայն շերտերը բավարար չափով հմտացած չեն, որ կարողանան մասնագիտական դիվանագիտական նուրբ խճողումների ետեւում տեսնել իրերի էությունը, պետական քարոզչությունը եւ իշխանություններին սատարող քաղաքական ուժերը փորձում են թաքցնել վերջին երեք տարվա հայկական դիվանագիտության ողբալի հետեւանքները, եւ անգամ մատուցել այսօր արդեն բացահայտված իրականությունը որպես նվաճում: Այս հոդվածի նպատակն է` մանրակրկիտ վերլուծել հրապարակված փաստաթղթերը եւ մատչելի կերպով ներկայացնել այն, ինչ իրականում թաքնված է դրանց մասնագիտական ձեւակերպումների ետեւում: Հեղինակը պատրաստ է հրապարակային բանավեճի՝ այսօրվա իշխանությունների ցանկացած ներկայացուցչի հետ, որը տիրապետում է հրապարակված փաստաթղթերին եւ ի վիճակի է հակափաստարկներ ներկայացնել:

Ինչո՞վ է տարբերվում փաթեթային մոտեցումը փուլայինից

Ղարաբաղի հակամարտության առանցքային անհամաձայնությունը վերաբերում է Ղարաբաղի եւ այն Հայաստանին կապող Լաչինի կարգավիճակներին: Այս հարցում կողմերը տրամագծորեն հակադիր դիրքորոշումներ ունեն. Ղարաբաղը պահանջում է լիակատար անկախություն եւ Լաչինի ընդգրկում Ղարաբաղի տարածքի մեջ, իսկ Ադրբեջանը պահանջում է վերականգնել իր ինքնիշխանությունը Ղարաբաղում եւ Լաչինում:

Այս երկու անհամատեղելի դիրքորոշումների առկայությամբ գոյություն ունի ըստ էության լուծման միայն երկու տեսակ: Կամ՝ պետք է գտնվի փոխզիջումային կարգավիճակ, որը կլինի երկու հակադիր պահանջների մեջտեղում, բավարարելով երկու կողմերին էլ միայն մասամբ: Կամ՝ համարելով, որ կողմերի անզիջում դիրքորոշումների պատճառով նման կարգավիճակ հնարավոր չէ գտնել, պետք է կնքել խաղաղություն` առանց կարգավիճակները վերջնականապես սահմանելու: Առաջին մոտեցումը դիվանագիտական «ժարգոնով» կոչվում է փաթեթային, որովհետեւ նախատեսում է բոլոր վիճարկվող հարցերի լուծում մեկ «փաթեթում»: Այդ փաթեթը Ղարաբաղյան խնդրի դեպքում կազմվում է երկու մասից.

1. Ղարաբաղի եւ Լաչինի կարգավիճակների սահմանում,

2. զինյալ հակամարտության դադարեցման մասին համաձայնագիր (զորքերի դուրս բերում ադրբեջանական գրավյալ տարածքներից, շրջափակումների վերացում, բաժանող գոտիների ապառազմականացում եւ ԵԱՀԿ-ի զինյալ ուժերի տեղաբաշխում, փախստականների վերադարձ եւ այլն):

Պարզ ասած` Հայաստանը, Ադրբեջանը եւ Ղարաբաղը կնքում են միջնորդների կողմից երաշխավորված խաղաղություն, հիմնված Ղարաբաղի եւ Լաչինի կարգավիճակների վերջնական ճշտման վրա: Փուլային մոտեցմամբ՝ ի տարբերություն փաթեթայինի, նույնպես կնքվում է խաղաղություն, այսինքն՝ իրագործվում է փաթեթայինի երկրորդ մասը (զինված կոնֆլիկտի դադարեցումը), սակայն ոչ բոլոր հարցերն են լուծվում, եւ Ղարաբաղի ու Լաչինի կարգավիճակին վերաբերող որոշ` առավել վիճարկելի հարցերը շրջանցվում են եւ թողնվում որպես ապագայի բանակցությունների առարկա: Ըստ էության, այդ հարցերի լուծումը հետաձգվում է անորոշ ժամանակով:

Փուլային տարբերակի թերությունն այն է, որ մնում են չլուծված հարցեր, որոնք բավարար երաշխիքների բացակայության պարագայում կարող են ապագայում նորից հանգեցնել հակամարտության:

Մյուս կողմից` փուլայինի առավելությունն այն է, որ այն ավելի իրատեսական է, քանի որ թույլ է տալիս կողմերին շրջանցել համաձայնագրի մեջ անցանկալի դրույթների ամրագրումը: Դիմելով փուլային տարբերակին՝ կողմերը փաստորեն պահպանում են status quo-ն (ներկա փաստացի կարգավիճակը) չլուծված հարցերում, սակայն` գոնե փոխարինելով պայթունավտանգ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» (այսինքն, ընդամենը զինադադարի) իրավիճակը` միջազգային համայնքի կողմից երաշխավորված խաղաղությամբ:

Այս անհրաժեշտ տեսական դիտարկումներից անցնենք Մինսկի խմբի երեք առաջարկների մանրամասն քննարկմանը:

1997 թ. փաթեթային տարբերակ

Ինչպես արդեն ասվեց, փաթեթային տարբերակը ենթադրում է կողմերի համաձայնություն Ղարաբաղի եւ Լաչինի կարգավիճակների վերաբերյալ: Ղարաբաղի կարգավիճակի հարցում բանակցությունները հիմնականում կենտրոնացան այն ոսկե միջինի վրա, որը՝ մի կողմից ապահովում է Ղարաբաղի ձեռք բերած փաստացի անկախությունը, մյուս կողմից՝ թույլ է տալիս Ադրբեջանին ձեւականորեն վերականգնել Ադրբեջանի իրավազորությունը (յուրիսդիկցիան) Ղարաբաղի վերաբերյալ: Միջազգային պրակտիկայում նախադեպը չունեցող այս լուծումը դիվանագիտական շրջանակներում հայտնի դարձավ իր` «de jure՝ Ադրբեջանի կազմում, de facto՝ անկախ պետություն» բանաձեւով: Բանաձեւը մի կողմից թույլ էր տալիս պահպանել միջազգային հանրության կողմից պարտադրվող տարածքային ամբողջականության սկզբունքը, մյուս կողմից՝ ամրագրել ղարաբաղյան ազատագրական պայքարում փաստացիորեն իրականացված ինքնորոշումը:

Ուստի, 1997թ. փաթեթային փաստաթղթում Ղարաբաղի կարգավիճակը սահմանող դրույթները բաժանվում են երկու խմբի:

Առաջին խումբը` բանաձեւի de jure մասը, կազմված է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը սահմանող երկու կետերից.

«I. Հակամարտության բոլոր կողմերը ճանաչում են Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անխախտելիությունը:

II. Լեռնային Ղարաբաղը պետական եւ տարածքային կազմավորում է Ադրբեջանի կազմում եւ իր ինքնորոշումը կներառի ներքոշարադրյալ իրավունքներն ու արտոնությունները այնպես, ինչպես ձեւակերպվելու են Ադրբեջանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջեւ համաձայնագրում, ընդունվելու են Մինսկի կոնֆերանսի կողմից եւ ընդգրկվելու են Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանադրություններում»:

Ղարաբաղի կարգավիճակին վերաբերող կետերի երկրորդ խումբը (բանաձեւի de facto մասը) կազմված է այն դրույթներից, որոնք սահմանում են Լեռնային Ղարաբաղի փաստացի անկախությունը: Թվով տասներեք այդ կետերից մեջբերեմ միայն մի քանի դրույթներ, որոնք առավել պերճախոս կերպով են սահմանում Ղարաբաղի անկախությունը.

«V. Լեռնային Ղարաբաղը կունենա սեփական սահմանադրություն, որ կընդունվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից հանրաքվեով: … Լեռնային Ղարաբաղը կունենա սեփական դրոշը, զինանշանը եւ օրենքները:

VI. Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա գործում են Լեռնային Ղարաբաղի սահմանադրությունը եւ օրենքները. Ադրբեջանի օրենքները, կանոնները եւ գործադիր որոշումները գործում են Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա, եթե դրանք չեն հակասում վերջինիս Սահմանադրությանը եւ օրենքներին:

VII. Լեռնային Ղարաբաղը ինքնուրույն է ձեւավորում իր օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինները: …

XII. Լեռնային Ղարաբաղը կունենա Ազգային գվարդիա եւ ոստիկանական ուժեր…

XIII. Ադրբեջանի բանակը, անվտանգության ուժերը եւ ոստիկանությունը իրավունք չեն ունենա մտնել Լեռնային Ղարաբաղի տարածք առանց Լեռնային Ղարաբաղի իշխանությունների թույլտվության»:

Այս մի քանի դրույթների թվարկումն անգամ բավարար է` եզրահանգելու, որ չնայած փաստաթուղթը ձեւականորեն հռչակում է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, խոսքն իրականում այդ «մասի»՝ միջազգային իրավունքում նախադեպը չունեցող փաստացի անկախության մասին է: Միայն լիակատար անկախ պետություններն են

– ինքնուրույն ձեւավորում իրենց տարածքում գործող բոլոր տեսակի իշխանությունները, այդ թվում բոլոր տեսակի ուժային համակարգերը,

– որոշում ընդունում իրենց տարածքում այլ պետությունների ուժային կառույցների գործունեության մասին,

– օգտվում այլ իրավական ակտերի վերաբերյալ սեփական օրենքների առաջնայնությունից:

Իհարկե, փաստաթղթում ամրագրված կարգավիճակով` Լեռնային Ղարաբաղը չի ճանաչվում միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ, սակայն ներքին կառավարման ոլորտում այս փաստաթղթով Ղարաբաղը ըստ էության ձեռք է բերում բոլոր այն իրավասությունները, որոնք հատկորոշ են անկախ պետություններին:

Ինչպե՞ս արձագանքեց հայկական դիվանագիտությունը փաթեթային տարբերակին

Չնայած Մինսկի համանախագահների ներկայացրած 1997թ. փաթեթային առաջարկը, որն ընդունում էր Ղարաբաղի փաստացի անկախությունը, կարելի էր մեծագույն դիվանագիտական հաղթանակ համարել, Հայաստանը բավականին կոշտ դիրքորոշում ընդունեց առաջարկի վերաբերյալ: Թեեւ Հայաստանը ընդունեց առաջարկը որպես հիմք` ապագա բանակցությունների համար, սակայն բավականին կոշտ ձեւով մերժեց ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Պաշտոնական Երեւանի պատասխանում մասնավորապես նշվեց, որ

«Հայաստանը, ինչպես հայտնի է, չի կարող հարցի կարգավորման հիմք ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը այնքան ժամանակ, քանի դեռ չեն ճշգրտվել Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ հարաբերությունները եւ չի հստակեցվել Լեռնային Ղարաբաղի քաղաքական իրավիճակը… …

Ինչպես նշել ենք վերեւում, Հայաստանը չի կարող հարցի կարգավորման հիմք ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, հետեւաբար, համաձայնագրի նախագծում տեղ գտած I եւ II հոդվածները (տես վերեւում – Լ. Զ.) Հայաստանի համար քննարկման ենթակա չեն»:

Պատասխանում Հայաստանը նաեւ մի շարք այլ վերապահումներ ընդգրկեց, որոնցից նշեմ առավել կարեւորները: Հայաստանը մասնավորապես առաջարկեց.

– օժտել Ղարաբաղին նաեւ արտաքին քաղաքականություն վարելու իրավունքով. «անհրաժեշտ ենք համարում ամրագրել նաեւ Լեռնային Ղարաբաղի իրավունքը՝ այլ երկրների հետ քաղաքական կապեր հաստատել եւ դրանց վարման համար ապահովել համապատասխան ներկայություն»,

– «ամրագրել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի օրենքների, նորմատիվ ակտերի եւ գործադիր որոշումների առաջնայնությունը, այլ դրանց բացառիկ գործարկումը Ղարաբաղի տարածքում»,

– «որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները ունենան երկքաղաքացիության իրավունք», ինչը թույլ կտար Ղարաբաղի բնակչությանը հրաժարվել Ադրբեջանի անձնագրերի օգտագործումից եւ օգտագործել Հայաստանի անձնագրերը,

«միանշանակորեն հանել Լեռնային Ղարաբաղի բազմազգ գաղափարը եւ հստակորեն ամրագրել, որ Լեռնային Ղարաբաղի պաշտոնական լեզուն հայերենն է»:

Ադրբեջանը, փաստորեն, հանդես գալով պատերազմում պարտված կողմի դիրքերից, նույնպես համաձայնեց ընդունել Մինսկի խմբի փաթեթային առաջարկը՝ որպես հիմք բանակցությունների համար:

Թվում էր, թե կհաջողվի հայկական կողմի համար առավել բարենպաստ այս փաստաթուղթը դնել բանակցությունների հիմքում: Սակայն Քոչարյանը եւ իր թիմակիցները Լեռնային Ղարաբաղում մերժեցին առաջարկը, որի պատճառով, ինչպես մենք հետագայում կտեսնենք, ընդհանրապես վիժեցվեց փաթեթային տարբերակի իրագործումը ղարաբաղյան կարգավորման գործընթացում:

Վերապատմելով այս ընթացքը, ես՝ որպես բազմաթիվ կարեւորագույն բանակցությունների եւ քննարկումների մասնակից, ցանկանում եմ շեշտել, որ բացարձակ կեղծ է այն ստեղծված միֆը՝ իբր Քոչարյանը փաթեթային տարբերակի կողմնակից է եղել, իսկ Տեր-Պետրոսյանը՝ փուլայինի: Իրականում Տեր-Պետրոսյանն ամեն բան արեց, որ կայանա փաթեթային տարբերակը, իսկ Քոչարյանն ամեն բան արեց, որ այն վիժեցվի:

1997 թ. փուլային տարբերակ

Փաթեթային տարբերակի վիժեցումից հետո պարզ դարձավ, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների եւ մասամբ` Ադրբեջանի (որը թեեւ հարկադրված եւ ձեւականորեն ընդունել էր փաթեթային լուծումը, այնուամենայնիվ պատրաստ չէր հետագա զիջումների) անճկուն դիրքորոշումների պատճառով հնարավոր չէ սահմանել Ղարաբաղի եւ Լաչինի այնպիսի կարգավիճակներ, որ ընդունելի լիներ երկու կողմերի համար: Արդյունքում առաջարկվեց փուլային տարբերակը: Այն անորոշ ժամանակով հետաձգում էր Լաչինի ու Ղարաբաղի կարգավիճակների ճշտումը, սակայն երեք հակամարտող կողմերը կնքում էին խաղաղություն՝ հիմնված ղարաբաղյան զինված հակամարտության դադարեցման մասին վերոհիշյալ համաձայնագրի վրա:

Ի՞նչն էր այս առաջարկի էությունը: Գաղտնիք չէ, որ այսօր իրականացված է Ղարաբաղի փաստացի միացումը Հայաստանին: Ղարաբաղցիք օգտվում են բոլոր իրավունքներից, որոնցից օգտվում են հայաստանցիները, օգտագործում են հայկական անձնագրեր եւ հայկական դրամը, անարգել ծառայում են եւ գործարարությամբ զբաղվում հայաստանյան բոլոր հաստատություններում, եւ, ինչպես փորձը ցույց տվեց, ոչ միայն գրավում են բարձրագույն պետական պաշտոններ, այլ նույնիսկ ընտրվում Հայաստանի նախագահ: Սակայն խնդիրն այն է, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ միջազգային համայնքը պատրաստ չէ հաշտվել նման փաստացի միացումի հետ:

Փուլային տարբերակի ամբողջ իմաստն այն է, որ վերադարձնելով 6 ադրբեջանական տարածք, հայկական կողմն ստանում է Ադրբեջանի եւ ամբողջ միջազգային համայնքի (այդ թվում, ի դեպ, եւ Թուրքիայի) լռակյաց համաձայնությունը՝ Հայաստանին Ղարաբաղի փաստացի միացմանը ԼՂԻՄ-ի եւ Լաչինի սահմաններում: Այս առումով ծիծաղելի են փուլային տարբերակի քննադատների այն պնդումները, թե հողերը ստանալուց հետո Ադրբեջանը այլեւս շահագրգռություն չի ունենա բանակցել Ղարաբաղի կարգավիճակը:

Բանն այն է, որ իրականում դա հայկական կողմն է, որ որեւէ շահագրգռություն չի ունենա ճշտելու Ղարաբաղի եւ Լաչինի կարգավիճակները հետագա բանակցություններում, քանի որ այն լիովին բավարարված կլինի Ղարաբաղի փաստացի միացումով: Համաձայնագրում որեւէ ժամկետ նշված չէ երկրորդ՝ այսինքն կարգավիճակների ճշտման՝ փուլի իրագործման համար եւ դա հատուկ է արված` հարցը անորոշ ժամանակով հետաձգելու նպատակով: Բանակցությունները կարող են տեւել 10, 20, 30, 40 տարի եւ փաստաթղթում չկա որեւէ մեխանիզմ, որ արագացներ այդ գործընթացի իրագործումը: Մինչդեռ, այդ ընթացքում` Լաչինի հյուսիսային եւ հարավային սահմաններում, ինչպես նաեւ ԼՂԻՄ տարածքի երկայնքով պիտի տեղակայվեին ԵԱՀԿ զինյալ ուժերը, որոնք կապահովեին խաղաղությունը: Ամբողջ ճակատի երկայնքով եւ գրավյալ տարածքներում կստեղծվեին ապառազմականացած բուֆերային գոտիներ: Բոլոր շրջափակումները կվերացվեին, որի արդյունքում Հայաստանը անմիջական երկաթուղային ելք կստանար դեպի Ռուսաստան, Իրան, Ադրբեջան, Թուրքիա եւ բազմաթիվ այլ երկրներ:

Իհարկե, այս լուծումը, ինչպես ցանկացած փուլային լուծում, նաեւ իր վտանգներն ունի: Չէ՞ որ, այնուամենայնիվ, Ղարաբաղի եւ Լաչինի կարգավիճակների չլուծվածությունը ապագա սերունդների վրա բեռ է մնալու եւ աշխարհաքաղաքական իրավիճակի կտրուկ փոփոխության դեպքում կարող է նորից հակամարտության հիմք դառնալ:

Հայկական դիվանագիտության պատասխանը փուլային տարբերակին

Փուլային տարբերակի վերոհիշյալ վերլուծությունը ցույց է տալիս, ինչքան կարեւոր է լուրջ երաշխիքներ նախատեսել, որ չլուծված հարցերի առկայությամբ այնուամենայնիվ հնարավորինս բացառվի հակամարտության վերսկսումն ապագայում: Այս նկատառումով հայկական դիվանագիտությունը իր պաշտոնական պատասխանում պահանջեց ընդլայնել խաղաղության երաշխիքները:

Ի թիվս այդ պահանջների նշեմ հետեւյալ երկուսը:

1. Փաստաթուղթը «պետք է ավելի պարզ ու ուղղակի ցույց տա Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը երաշխավորելու Հայաստանի դերը».

2. Հայաստանը նաեւ պահանջեց, որ «ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը, ԱՊՀ-ն, Եվրամիությունը եւ համանախագահներ՝ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները ստորագրեն համաձայնագիրը, ուշադիր հետեւեն դրա իրագործմանը եւ պարտավորություն ստանձնեն կանխարգելելու ու արձագանքելու համաձայնագրի լուրջ խախտումներին»:

Սակայն, եթե Հայաստանի իշխանությունները ընտրել էին փուլային տարբերակում երաշխիքների ընդլայնման մարտավարությունը, ապա Քոչարյանը եւ նրա ղարաբաղյան աջակիցները համարեցին երաշխիքների անբավարարությունը հիմնավոր պատճառ՝ առաջարկը մերժելու համար: Եվ այսպես, քոչարյանականների կոշտ դիրքորոշման պատճառով վիժեցվեց նաեւ Ղարաբաղի փաստացի միացումը Հայաստանին ամրագրող լուծումը: Սա երկրորդ բաց թողնված պատմական շանսն էր հայ դիվանագիտության համար՝ խաղաղություն կնքել պատերազմում հաղթողի, ուժի դիրքերից:

Ընդհանուր պետություն

Հիմա վերլուծենք Մինսկի խմբի համանախագահների 1998թ. «Ընդհանուր պետության» առաջարկը, որն արվել է արդեն Քոչարյանի նախագահության օրոք: Նախ, միանգամից նշենք, որ «Ընդհանուր պետության» առաջարկը փուլային տարբերակ է: Այս փաստը Հայաստանի պաշտոնական շրջանակները հասկանալի պատճառներով շրջանցում են, փաստորեն կեղծելով ճշմարտությունը: Բանն այն է, որ փաստաթղթում լուծված է միայն Ղարաբաղի կարգավիճակը, իսկ Լաչինի կարգավիճակը մնացել է ապագա պայմանավորվածության հարց: Սա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ամենալուրջ երաշխիք հանդիսացող Լաչինի կարգավիճակի սահմանումը փոխանցվել է երկրորդ փուլ: Ավելորդ է կրկնել, որ սա անմիջապես առաջացնում է փուլային բոլոր տարբերակներին բնորոշ վտանգներ` կապված ապագա սրման հնարավորությունների հետ:

Սակայն գոյություն ունի շատ լուրջ տարբերություն 1997թ. փուլային տարբերակի եւ «Ընդհանուր պետության» փուլային տարբերակի միջեւ: Եթե 1997թ. փուլային տարբերակում հաջողվում էր խուսափել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի ամրագրումից, ապա «Ընդհանուր պետության» փուլային տարբերակում Ղարաբաղը ամրագրված է որպես Ադրբեջանի մաս: Այս հանգամանքը փաստելու համար վերլուծենք առաջարկի մեջ Ղարաբաղի ամրագրված կարգավիճակը եւ համեմատենք այն, ի դեպ, 1997թ. փաթեթային տարբերակում Ղարաբաղին տրված կարգավիճակի հետ:

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ամրագրող կետը (de jure մասը) շարադրված է հետեւյալ կերպ. «Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է հանրապետության ձեւի պետական եւ տարածքային կազմավորում եւ Ադրբեջանի հետ միասին կազմավորում է ընդհանուր պետություն՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:

Համեմատելով 1997թ. փաթեթային տարբերակի հետ, նշենք, որ այնտեղ նույնպես Լեռնային Ղարաբաղը պետական եւ տարածքային կազմավորում է: «Հանրապետության ձեւով» բառակապակցությունը որեւէ բան այստեղ չի ավելացնում, քանի որ առանց այդ էլ պարզ է, որ Ղարաբաղը չի լինի միապետություն կամ այլ ոչ հանրապետական տիպի պետական կազմավորում: Հասկանալի է նաեւ, որ կազմելով ընդհանուր պետություն, Ղարաբաղը ինքնաբերաբար դառնում է այդ ընդհանուր պետության մաս: Ընդ որում, այդ ընդհանուր պետությունը, որի մասն է լինելու Ղարաբաղը, ունի հենց Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանները: Այնպես որ, տրամաբանորեն մտածող որեւէ մարդ կնկատի, որ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի մաս կազմելը այս փաստաթղթում ուղղակի այլ բառերով է ձեւակերպված:

Այդ դեպքում հարց է ծագում, իսկ ինչո՞ւ էին այդքան ուրախացել Հայաստանի իշխանությունները, ներկայացնելով «Ընդհանուր պետության» առաջարկը որպես դիվանագիտական հաղթանակ եւ զգալի առաջընթաց 1997թ. փաթեթային փաստաթղթի համեմատ: Միգուցե փաստաթղթի այլ դրույթներում իսկապե՞ս Լեռնային Ղարաբաղը, ինչպես իշխանությունները թմբկահարում էին, հանդիսանում է իրավահավասար սուբյեկտ, որն ունի միայն «հորիզոնական» կապեր Ադրբեջանի հետ: Մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ոչ միայն դա այդպես չէ, այլ իրականում բազմաթիվ կետեր սահմանում են Ղարաբաղի ուղղահայաց ենթակայությունը Ադրբեջանին: Ավելին, բազմաթիվ դրույթներ զգալիորեն թուլացնում են 1997թ. փաթեթային տարբերակի՝ Ղարաբաղի փաստացի անկախության սկզբունքը՝ ավելի սերտ կապելով Ղարաբաղը Ադրբեջանին: Այսինքն` հանուն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ավելի թույլ de jure ձեւակերպման, զոհաբերվել են Ղարաբաղի de facto անկախության որոշ տարրերը:

Հորիզոնակա՞ն, թե՞ ուղղահայաց կապեր

Այժմ փորձեմ համեմատել այն կարեւորագույն դրույթները, որոնք բացում են «Ընդհանուր պետություն» բառակապակցության տակ թաքնված իրական կարգավիճակը՝ համեմատելով այն 1997թ. փաթեթային տարբերակի հետ:

1. Սկսեմ Լեռնային Ղարաբաղի բանակ ունենալու իրավունքից, որպես անվտանգության եւ փաստացի անկախության ամենակարեւոր երաշխիք:

«Ընդհանուր պետություն». «Լեռնային Ղարաբաղը կունենա Ազգային Գվարդիա (անվտանգության ուժեր) եւ ոստիկանական ուժեր, որոնք կկազմավորվեն կամավորության սկզբունքով»:

1997թ. փաթեթային տարբերակ. «Լեռնային Ղարաբաղը կունենա Ազգային Գվարդիա եւ ոստիկանական ուժեր: Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները իրավունք կունենան անցնել ծառայությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում»:

«Ընդհանուր պետության» տարբերակով Ազգային Գվարդիան եւ ոստիկանական ուժերը ստեղծվում են կամավորության սկզբունքով: Այսինքն՝ բացառվում է համընդհանուր զինապարտության հիման վրա բանակի եւ ոստիկանության ստեղծումը: Պատահական չէ, որ 1997թ. փաթեթային տարբերակի` Ղարաբաղի տարածքում ղարաբաղցիների ծառայության իրավունքը հանված է «Ընդհանուր պետության» տարբերակում, ինչը նշանակում է, որ Ղարաբաղի քաղաքացիները կզորակոչվեն Ադրբեջանի կողմից եւ կծառայեն ադրբեջանական բանակում:

1997թ. փաթեթային տարբերակով Ղարաբաղը հնարավորություն ուներ զորակոչելու իր քաղաքացիներին համընդհանուր զինապարտության հիման վրա, եւ նրանք կծառայեին Ղարաբաղի բանակում կամ ոստիկանական ուժերում` Ղարաբաղի տարածքում: Այսպիսով, 1997թ. փաթեթային տարբերակով` բանակի կազմավորման հարցում Ղարաբաղը եւ Ադրբեջանը որեւէ կերպ չեն հատվում, իսկ «Ընդհանուր պետության» տարբերակով` Ղարաբաղը ամենա-«ուղղահայաց» կերպով զինվորներ է ուղարկում Ադրբեջան` ընդհանուր պետության միասնական բանակում ծառայելու համար: Դժվար չէ պատկերացնել՝ ինչի կվերածվի հայ ղարաբաղցիների ծառայությունը ադրբեջանական բանակում:

Ի դեպ, իրադրությունը չի փրկում անգամ Ղարաբաղի օրենքների առաջնայնությունը Ադրբեջանի օրենքների նկատմամբ, քանի որ այս համաձայնագրի դրույթները պետք է սահմանադրական օրենքի ուժ ստանային եւ գերակայություն ունենային օրենքների նկատմամբ: Այս խայտառակ դրույթը միայն բավարար է հասկանալու համար, թե ինչ է թաքնված «Ընդհանուր պետություն» հասկացության տակ, բայց շարունակենք:

2. Անդրադառնանք Ղարաբաղի՝ արտաքին կապերի իրագործման իրավունքին:

«Ընդհանուր պետություն». Արտասահմանյան պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ կապեր իրագործելիս «Լեռնային Ղարաբաղի կառավարությունն իր ներկայացուցիչները կարող է ունենալ արտասահմանյան պետություններում Ադրբեջանի այն դեսպանություններում կամ հյուպատոսական հաստատություններում, որտեղ ունի իր հատուկ շահերը, ինչպես նաեւ կարող է ադրբեջանական պատվիրակությունների կազմում իր փորձագետներին ուղարկել մասնակցելու միջազգային բանակցություններին, եթե դրանք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի շահերին»:

1997թ. փաթեթային տարբերակ. Արտասահմանյան պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ կապերը Ղարաբաղը իրագործում է «արտասահմանում համապատասխան ներկայացուցչության միջոցով»:

Այսինքն, ըստ 1997թ. փաթեթային տարբերակի, Ղարաբաղը կարող է ունենալ իր անկախ ներկայացուցչությունը, իսկ ըստ «Ընդհանուր պետության»` կարող է գործել միայն Ադրբեջանի ներկայացուցչությունների միջոցով: Պատկերացրեք Ղարաբաղի դիվանագետներին Ադրբեջանի դեսպանատներում գործելիս`հասկանալու համար, որ սրանով Ղարաբաղի` արտաքին կապերի իրավունքը հավասարեցվում է զրոյի:

Կրկին ի տարբերություն 1997թ. փաթեթային տարբերակի` «Ընդհանուր պետությունը» Ղարաբաղի արտաքին կապերը դնում է Ադրբեջանից ուղղահայաց ենթակայության մեջ:

3. Անդրադառնանք Ղարաբաղում դրամի շրջանառման կարգավորմանը:

«Ընդհանուր պետություն». «Լեռնային Ղարաբաղը կլինի ազատ տնտեսական գոտի, որն իրավունք կունենա թողարկել իր սեփական դրամանիշները, որոնք կշրջանառվեն ադրբեջանական դրամանիշների հետ համատեղ…»

1997թ. փաթեթային տարբերակ. «Լեռնային Ղարաբաղը կլինի ազատ տնտեսական գոտի՝ արժույթների ազատ շրջանառությամբ»: Այս դրույթը ընդգրկված էր 1997թ. փաթեթային տարբերակի մեջ այն նպատակով, որ Ղարաբաղը հնարավորություն ունենար օգտագործել հայկական դրամը:

«Ընդհանուր պետության» տարբերակը բացառում է հայկական դրամի շրջանառությունը եւ փաստորեն կապում է Ղարաբաղը Ադրբեջանի «մանաթային գոտուն»: Ցանկացած տնտեսագետ կբացատրի, որ փոքր Ղարաբաղի սեփական դրամը բնավ չի դիմանա ադրբեջանական մանաթի տնտեսական ճնշմանը: Նշանակում է, որ Ղարաբաղը ֆինանսապես կկապվի ոչ թե Հայաստանի հետ, ինչպես նախատեսված էր 1997թ. փաթեթային տարբերակով, այլ Ադրբեջանի հետ:

Կարելի էր մանրամասն վերլուծել եւ մյուս դրույթները, բայց հոդվածը չծանրաբեռնելու համար ամփոփենք: 1997թ. փաթեթային տարբերակում գոյություն ունեն միայն երկու դրույթ, որոնք ինչ-որ կերպ Ադրբեջանի հետ ուղղահայաց հարաբերություններ են նախատեսում Ղարաբաղի համար: Դա Ադրբեջանի` նախագահի եւ խորհրդարանում ներկայացուցիչների ընտրության իրավունքն է եւ «Լեռնային Ղարաբաղ» նշումով Ադրբեջանի անձնագրերի օգտագործումը: Ավելորդ է ասել, որ երկու դրույթներն էլ կան նաեւ «Ընդհանուր պետության» տարբերակում:

Այսպիսով, «Ընդհանուր պետություն» տարբերակը` Ղարաբաղի կարգավիճակի մասով զգալի նահանջ է 1997թ. փաթեթի համեմատ: Ղարաբաղի փաստացի անկախությունը ամրագրող դրույթները էապես թուլացված են եւ Ղարաբաղը ավելի սերտորեն է կապվում Ադրբեջանի հետ:

Հայկական դիվանագիտությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պատասխանները «Ընդհանուր պետություն» առաջարկին չեն դիմանում որեւէ քննադատության:

Այն տպավորությունն է ստեղծվում, թե միակ բանը, որ հետաքրքրում էր հայկական դիվանագիտությանը՝ «Ընդհանուր պետություն» բառակապակցության ընդգրկումն էր փաստաթղթի մեջ: Այնքան են պայքարել այդ բառերի համար, որ ընդունել են հենց նույն այդ բառերով ձեւակերպած Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Արդյունքում, հայկական դիվանագիտությունը նրբորեն կառուցված դիվանագիտական ծուղակում է հայտնվել: Այս փաստաթուղթը ընդունելով որպես հիմք՝ ղարաբաղյան խնդրի շուրջ ծավալված բանակցությունների ամբողջ պատմության մեջ առաջին անգամ եւ՛ Հայաստանը, եւ՛ Ղարաբաղը ընդունել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Ընդ որում, Հայաստանի իշխանությունները անգամ հարմար չեն գտել իրենց վերապահումները հայտնել պաշտոնական պատասխանի մեջ, նշելով միայն, որ «դրանց կանդրադառնան բանակցությունների ընթացքում»: Ինչու՞ է այսպես վարվել Քոչարյանը, չէ՞ որ մինչ այդ իր բոլոր պատասխաններում Հայաստանը մանրակրկիտ թվել է իր բոլոր վերապահումները: Պատասխանը պարզից էլ պարզ է: Քոչարյանը չի կարող վերապահում հայտնել այն ձեւակերպման դեմ, որի ընդունման համար այդքան եռանդուն հենց ինքն է պայքարել: Ծուղակը փակված է:

Արձանագրենք.

-1997թ. փաթեթային տարբերակին ի պատասխան՝ Հայաստանը հայտարարեց, որ չի ընդունում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը եւ այն քննարկման ենթակա չի ճանաչում,

-1997թ. փուլային տարբերակն ընդհանրապես չի պարունակում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը,

-1998թ. «Ընդհանուր պետություն» տարբերակը, որը միանշանակորեն ամրագրում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, ընդունվում է եւ՛ Հայաստանի, եւ՛ Լեռնային Ղարաբաղի կողմից, ընդ որում՝ առանց վերապահումների կամ ապագայում վերապահում անելու հնարավորության:

Այս փաստերի լույսի ներքո այլեւս պատահական չեն կարող դիտարկվել Հայաստանի կողմից ԵԱՀԿ-ի փաստաթղթերում տարածքային ամբողջականությանը վերաբերող դրույթների մերժումը Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք (ընդհուպ մինչեւ 1996-ին Լիսաբոնում սկանդալային վետոյի կիրառումը) եւ դրանց ընդունումը Ռոբերտ Քոչարյանի օրոք (Եվրոպական անվտանգության 1999 թ. Ստամբուլյան խարտիայի ստորագրումը):

«Ընդհանուր պետությունից» հետո

Այս հոդվածի նպատակն է միայն Մինսկի խմբի երեք բացահայտված առաջարկների ու Հայաստանի պաշտոնական պատասխանների վերլուծությունը, բայց չեմ կարող գոնե ընդհանուր գծերով չշոշափել հետագա առաջարկների եւ հնարավոր զարգացումների թեման:

Նախ, մտորումների տեղիք է տալիս այն հանգամանքը, որ «Ընդհանուր պետության» տարբերակում թեեւ լուծված է Ղարաբաղի կարգավիճակի բարդագույն խնդիրը, սակայն լուծում չի ստացել Լաչինի կարգավիճակի հարցը, ինչի պատճառով «Ընդհանուր պետության» տարբերակը ինչ-որ չափով արհեստականորեն փուլային լուծման է վերածվել: Հարցը կարելի է ձեւակերպել եւ այսպես. ինչո՞ւ «փաթեթը» լրացված չէ, ո՞րն է այն խնդիրը, որ խանգարում է լուծել Լաչինի հարցը:

Քանի որ հենց Ադրբեջանն է, որ չի ընդունել «Ընդհանուր պետության» առաջարկը, ապա կարելի է նույն այս հարցը վերաձեւակերպել հետեւյալ կերպ: Ո՞րն է այն գինը, որ Ադրբեջանը պահանջում է Լաչինի հարցի լուծման դիմաց: Այս հարցի պատասխանը կարելի է գտնել այն բազմաթիվ քննարկումներում, որոնք հետեւեցին «Ընդհանուր պետություն» տարբերակի մերժմանը: Ադրբեջանի կողմից ամիսներ շարունակ կազմակերպած արտահոսքերը, ինչպես նաեւ դիվանագիտական շրջանակներից մերթընդմերթ դուրս պրծնող ինֆորմացիան վկայում են այն մասին, որ Ադրբեջանն այսօր պահանջում է լուծման մեջ ներգրավել Մեղրիով Նախիջեւանը Ադրբեջանին կապող միջանցքի ստեղծումը: Տեր-Պետրոսյանի օրոք հայկական դիվանագիտությունը գիտակցում էր նման վտանգավոր պահանջի առաջացման հնարավորությունը: Ահա թե ինչու 1997 թ. փաթեթային տարբերակի այն դրույթի վերաբերյալ, որով «Լեռնային Ղարաբաղն ու Նախիջեւանն ազատ եւ անխափան տրանսպորտային հաղորդակցության իրավունք ունեն Հայաստանի ու Ադրբեջանի հետ», պաշտոնական Երեւանը պատասխանել էր, որ «Հայաստանը որեւէ ձեւական կապ չի տեսնում Ղարաբաղի եւ Նախիջեւանի միջեւ եւ գտնում է, որ Ադրբեջան-Նախիջեւան անխափան հաղորդակցության հարցը կարգավորվում է ապաշրջափակման մասին դրույթներով»: Հակառակ իր նախորդների վարած քաղաքականության` Մեղրիի մասին բանակցությունների մեջ Քոչարյանի ներքաշվելը բերել է այնպիսի իրավիճակի, երբ Մեղրիի հարցը քննարկվում է Լաչինի հետ նույն հարթության վրա:

Այդ սկզբունքի որդեգրումը նշանակում է հետեւյալը. ինչ որ Հայաստանը կստանա Լաչինում, Ադրբեջանը պետք է ստանա Մեղրիում: Խոսքն այսօր ըստ երեւույթին «ինքնիշխան ճանապարհների» ստեղծման մասին է, որի հետեւանքով Մեղրիի տարածքում Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող էստակադա-միջանցք կկառուցվի եւ կփոխանցվի Ադրբեջանի կամ միջազգային վերահսկողությանը: Սա է այն նոր էլեմենտը, որի պատճառով նախորդ երեք տարբերակները, մեր իշխանությունների պնդման համաձայն, «անցել են պատմության գիրկը»:

Քոչարյանի հաշվարկն, ըստ երեւույթին, հետեւյալն է. գնալով Մեղրիում Հայաստանի ինքնիշխանության սահմանափակմանը, ստանալ այնպիսի առաջարկ, որն առավել բարենպաստ լուծում է նախատեսում Ղարաբաղի համար: Սակայն նման մոտեցումը առնվազն մի քանի մտավախություն է առաջացնում:

Առաջին. նման մոտեցմամբ ղարաբաղյան խնդրի լուծումը ձեռք է բերվում Հայաստանի տարածքային ամբողջականության հաշվին: Ընդ որում, անգամ եթե որեւէ վերջնական պայմանավորվածություն ձեռք չբերվի, ներքաշվելով Մեղրիի մասին բանակցությունների մեջ` հայկական դիվանագիտությունը նպաստում է Մեղրիի միջանցքի ստեղծման վերաբերյալ Ադրբեջանի պահանջների փաստացի լեգիտիմացիային: Նման պահանջներ Ադրբեջանը մինչեւ 1998թ. երբեք չէր ներկայացրել, եւ այսօր այդ պահանջի գոյությունը կրկին վկայում է Ադրբեջանի դիրքերի կարծրացման մասին, մինչդեռ դա քննարկելու Հայաստանի ցանկությունը՝ մեր դիվանագիտական դիրքերի թուլացման մասին:

Երկրորդ. անգամ եթե նման հսկայական զիջումով ձեռք է բերվելու Ղարաբաղի հարցի բարենպաստ լուծում, Հայաստանի ընդհանուր աշխարհաքաղաքական դիրքերը այնպիսի փոփոխություն կկրեն, որը կարող է էապես նվազեցնել Հայաստանի քաղաքական կշիռը տարածաշրջանում:

Երրորդ. «ինքնիշխան» ճանապարհները` համապատասխան անվտանգության ուժերի առկայությամբ` ինքնին կարող են դառնալ ապակայունացման վտանգի մշտական աղբյուր, հատկապես, քանի որ փոքրիկ հողակտորի վրա կհատվեն մի քանի մեծ ու փոքր պետությունների շահերը:

Սակայն թողնենք նոր տարբերակների քննարկումները մինչեւ այն պահը, երբ դրանք ի հայտ կգան բոլոր մանրամասներով:

Ամփոփում

Մեկ հարցում չպետք է ունենանք որեւէ պատրանք: Երեք նախորդ առաջարկները չի կարելի «պատմության գիրկն անցած» համարել. դրանք արտահայտում են տարածաշրջանում գործող շահագրգիռ աշխարհաքաղաքական ուժերի (այսինքն` եւ հակամարտող կողմերի, եւ գերտերությունների) շահերի եւ հնարավորությունների միջեւ բալանսը, ուստի, արմատական փոփոխության ենթակա չեն, եթե այդ բալանսն ինքը չփոխվի: Հետեւաբար, միամտություն է կարծել, թե հնարավոր էր ավելի բարենպաստ առաջարկների հասնել, քան հայկական դիվանագիտությունը բանակցել էր 1997 թվին փաթեթային եւ փուլային՝ կամ 1998-ին «Ընդհանուր պետության» առաջարկների ի հայտ գալու ժամանակ:

Խնդիրը միանգամայն այլ է: Ոչ թե հայ դիվանագետներն են լավ կամ վատ բանակցում, այլ աշխարհաքաղաքական խաղի մասնակիցների միջեւ վերոհիշյալ բալանսի փոփոխություններն են անդրադառնում դիվանագիտական լուծումների վրա: Եթե մի քանի տարի առաջ Հայաստանը խոսում էր ուժի դիրքերից, ապա հետագա տարիների ընթացքում իրավիճակը դանդաղորեն փոխվում է ի վնաս Հայաստանի: Հակամարտությամբ պայմանավորված տնտեսության անկումը, զանգվածային արտագաղթը, առանցքային քաղաքական եւ ռազմական առաջնորդների կորուստը թուլացրել են եւ շարունակում են թուլացնել Հայաստանի դիմակայության ներուժը Ադրբեջանի համեմատ: Այդ գործընթացն անդրադառնում է, բնականաբար, նաեւ դիվանագիտական դիրքորոշումների վրա, որի հետեւանքով, ինչպես համոզվեցինք, Հայաստանին առաջարկվում են ավելի ու ավելի անբարենպաստ պայմաններ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:

1997-ին Հայաստանը՝ Քոչարյանի եւ նրա քաղաքական աջակիցների դիմադրության հետեւանքով, երկու անգամ պատմական շանս կորցրեց` պսակելու ռազմական հաղթանակները պատվաբեր խաղաղությամբ՝ Ղարաբաղի փաստացի անկախության (փաթեթային տարբերակ) կամ փաստացի միացումի (փուլային տարբերակ) հիման վրա:

Հայաստանի համար խաղաղության առաջարկվող պայմանների վատթարացմանը զուգահեռ, Ադրբեջանն էլ ավելի է կոշտացնում իր պահանջները, մինչդեռ Հայաստանն աննախադեպ զիջումների է գնում: Նման զիջումների շարքում է եւ՛ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը «Ընդհանուր պետության» տարբերակի ընդունումով, եւ՛ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վտանգող` Մեղրիի միջանցքի հարցի ընդգրկումը լուծման նախագծում:

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Քոչարյանի քաղաքական թիմի գործունեությունը (եւ՛ ընդդիմության կարգավիճակով 1997-1998թթ.-ին, եւ՛ արդեն որպես իշխանություն 1998-ի փետրվարից սկսած) հանգեցրել է Հայաստանի լուրջ եւ, ըստ երեւույթին, անվերադարձ կորուստների՝ դիվանագիտական դիրքերում: Արդյունքում այսօր հայտնվել ենք դժվարագույն կացության մեջ, որում խաղաղությունը եւ ղարաբաղյան հարցի բարենպաստ լուծումը առաջարկվում է ձեռք բերել մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող Մեղրիում Հայաստանի ինքնիշխանության սահմանափակման գնով: Ադրբեջանում եւ Հայաստանում պատերազմի մասին խոսակցությունների վերսկսումով հանդերձ` սա, իհարկե, քոչարյանականների՝ 1998 թվականի փետրվարյան բախտախնդրության անփառունակ ավարտի ամենապերճախոս վկայությունն է:

Արդյոք սա դաս կլինի՞ ներկա ղեկավարների համար: Արդյոք նրանք վերջապե՞ս գիտակցել են, որ Հայաստանը այսօր չունի այլընտրանք` հաշտության ձգտելուց զատ, քանի դեռ Հայաստանի մեկուսացման եւ անխուսափելի թուլացման հետեւանքով մեզ չեն առաջարկվել իսկապես նվաստացուցիչ պայմաններ, որ հավասարազոր են պարտության եւ Ղարաբաղի կորստին: Այս առումով թող չկասկածեն «նախկինների» սկզբունքայնությանը: Հայաստանի շահերը այսօր միանշանակ պահանջում են, որ քաղաքական ուժերը հրաժարվեն քոչարյանական դիվանագիտության ճչացող պարտությունների շահարկումներից եւ օգնեն Հայաստանի նախագահին, եթե նա հասկացել է սեփական քաղաքականության անհեռատեսությունը եւ իսկապես պատրաստ է խաղաղություն կնքել: Վստահ եմ, որ անհրաժեշտության դեպքում` երրորդ հանրապետության հիմնադիրների թիմը, որը 1997 թվականին ջանում էր ժամ առաջ խաղաղությամբ ամրագրել ռազմական հաղթանակը, այսօր իրեն հաջորդողներից շատ ավելի ազնիվ կգտնվի եւ ելնելով իր սկզբունքներից` կաջակցի արժանավայել խաղաղության համաձայնագրի մշակմանը եւ կնքմանը: Սակայն, ցավոք, որեւէ հիմք չկա ենթադրե լու, որ Քոչարյանը եւ նրա թիմակիցները հրաժարվել են status quo-ն պահպանելու քաղաքականությունից եւ գիտակցում են դժվարին խաղաղություն կնքելու անհրաժեշտությունը: Քոչարյանի ամբողջ նախորդ գործելակերպը, քաղաքական մտայնությունը եւ նրան սատարող քաղաքական ուժերի անհեռատես մաքսիմալիզմը միայն այն են վկայել ցայսօր, որ նա չունի խաղաղություն կնքելու համար անհրաժեշտ քաղաքական կամք եւ հնարավորություններ:

Մինչդեռ, խաղաղության այլընտրանքը, ի վերջո, միայն մեկն է՝ պատերազմը: Լինի դա Հայաստանին դանդաղ մահ բերող տնտեսական պատերազմ, թե գնալով ավելի հավանական դարձող իսկական պատերազմ, այն միայն նորանոր կորուստներ եւ փորձություններ է բերելու մեր երկրի:

Լեւոն ԶՈՒՐԱԲՅԱՆ

Հեղինակը 1991-1998 թվականներին եղել է ՀՀ նախագահի օգնականը, Նյու-Յորքի Կոլումբիայի համալսարանում ստացել է միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031