Արցախի խնդրի «կարգավորման» շուրջ բանակցությունների ֆոնի վրա ազատագրված տարածքների պաշտպանության համար օրեր առաջ արված հայտարարությունը ստորագրողներից մեկն էլ ՀՀ ԳԽ նախկին պատգամավոր, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Կյուրեղյանն էր։
– Վերոնշյալ հայտարարությունն արդյո՞ք կարող ենք դիտել նաեւ ԼՂՀ ԱԺ տրամադրությունների արտահայտում։
– Ղարաբաղում այդ տրամադրություններն իհարկե կան, սակայն ես արտահայտել եմ իմ տրամադրությունները։ Այսօր Հայաստանի քաղաքական կյանքում տարածված է մի այսպիսի մտայնություն, թե կարելի է տարածքները զիջել կարգավիճակի ապահովության ինչ-որ երաշխիքների եւ այլնի դիմաց, ինչը, գտնում եմ, ճիշտ չէ։ Տարածքը հենց ապահովության երաշխիքն է, ամեն ինչն է։ Տարածքը զիջելով, մենք կորցնում ենք նույնիսկ խաղաղության հնարավորությունը, որովհետեւ, երբ տարածքում տեղակայվեն նաեւ ադրբեջանական զինված ուժերը, ավելի կմեծանա նույն պատերազմի հավանականությունը։
Հակամարտության գիծը, որն առաջացել է պատերազմի արդյունքում՝ 1994-ին, դա նաեւ հավասարակշռության գիծն է, որը չպետք է խախտել ընդհանրապես։ Մենք հայտարարել ենք, որ առաջնայինը տարածքներին ուշադրություն դարձնելն է։ Եթե պետք է զիջենք, ապա ոչ տարածք։ Կարելի է զիջել կարգավիճակ, այլ մանր-մունր բաներ։
Կարդացեք նաև
Մեր հասարակությունը շատ է խոսում խաղաղության մասին, մի կողմից մեզ հանգստացնում են, որ Ադրբեջանը չի սկսի պատերազմ, մյուս կողմից ասում են, մեզ պետք չէ եւ այլ, ինչ-որ պացիֆիստական քարոզներ են անում։ Ես կարծում եմ, սխալ է ձգտել խաղաղության, որովհետեւ մենք հաստատ դրանով կհասնենք պատերազմի։ Ճիշտը լրջորեն պատերազմի պատրաստվելն է։ Ուղղակի ժողովուրդը գտնվում է այնպիսի անկումային տրամադրությունների մեջ, որ քվեարկում է ոտքերով, ուղղակի գնալով։
Եթե իմ առջեւ դրվի այլընտրանք՝ տարա՞ծք, թե՞ կարգավիճակ, կընտրեի առաջինը։ Խաղաղարար ուժերի տեղաբաշխման հետ կապված՝ նորից նույնը կասեմ. օրինակ, Կոսովոյում հաստատվեց այն, որ ՆԱՏՕ-ն իր խաղաղարար ուժերով ուղղակի պաշտպանում է կողմերից մեկին։ Չկա երաշխիք, թե Արցախում նույնը չի կրկնվի։ Մեր երաշխիքը ազատագրված տարածքներն են ու մեր բանակը։
Ղեկավարությունը (չեմ ուզում տարանջատել Հայաստան- Ղարաբաղը) պետք է մտահոգ լինի՝ իրականում նախապատրաստվելով հնարավոր ռազմական կոնֆլիկտին։
– Այսինքն, դուք, այնուամենայնիվ, հնարավոր համարո՞ւմ եք բախումը։
– Չեմ բացառում։ Եթե մենք չնախապատրաստվենք, իսկ Ադրբեջանը հաստատ նախապատրաստվում է, հաստատ հնարավոր է։ Ճիշտ է, մենք համեմատաբար վատ վիճակում ենք գտնվում, բայց չեմ կարծում, թե զրկված ենք մեր բոլոր հնարավորություններից, կարողություններից։ Կամավորներ էլի կլինեն։ Գաղափարների կրողները կան։ Քաղքենիական խոսակցություններն այն մասին, թե էլ ով է գնալու կռվելու, սուտ են։ Կկռվեն։
– Հանուն տարածքի՞, թե՞ չճշտված կարգավիճակի։
– Կռիվը հանուն տարածքի է լինում։ Կռվում են, բնականաբար, հանուն հայրենիքի։ Կռվողների մեջ նկատի չունեմ ասֆալտի ֆիդայիներին։ Բանակցությունների սեղանի վրա թե ինչ փաստաթուղթ է հիմա դրված, մենք չգիտենք, չենք տեսել։ Դրա մասին ավելի շատ խոսում է Ալիեւը, քան Քոչարյանը։ Մենք, ըստ էության, ադրբեջանական մամուլից ենք ինչ-որ բան իմանում, քան մեր իշխանություններից։ Նախորդ երեք փաստաթղթերը, որոնք էլի տպագրվեցին ադրբեջանական մամուլում, իրար նման են հենց այս պահով. տալիս ենք տարածք, ստանալով կարգավիճակ։ Էական չէ, տարածքը շատ ենք տալիս կամ քիչ, ինչ-որ միջանցք տալիս ենք, չենք տալիս, տարբերակը, ըստ իս, չի տարբերվի նախորդներից։ Մեծ է լինելու ճնշումը, եւ մտավախություն ունեմ հարցի լուծումից։ Ցանկացած լուծում վնասակար է եւ վտանգավոր։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ