Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ԹԱԳՆ ՈՒ ՊՍԱԿԸ

Մարտ 31,2001 00:00
zerbakalvel

Դատարանների ու դատավորների ներգրավմամբ

Քրեական գործի հարուցման նախապատրաստումը ՆԳ համակարգում, դատախազության լուռ համաձայնությամբ, իրականացվում է յուրահատուկ մեթոդներով եւ նույնիսկ դատարանների (դատավորների) ներգրավումով։ Հետաքննության, նախաքննության իրավունք ունեցող մարմինը, որոշելով, որ ենթադրվող հանցագործության բացահայտման համար որեւէ անձի պետք է արգելափակել որոշակի ժամկետով, վարչական կալանքի ենթարկելու համար ստեղծում են հիմքեր, իսկ դատարանը (դատավորը) երբեմն ոտքի վրա, երբեմն անսալով հետաքննական մարմնի պետի կամ տեղակալի խնդրանքը (նայած անձնական հարաբերություններին), հենց հետաքննական մարմնի ներկայացուցչի աշխատասենյակում, շատ դեպքերում՝ առանց «զոհին» տեսնելու, կայացնում է անձին վարչական կալանքի ենթարկելու որոշում։

Որպես կանոն, 10-օրյա վարչական կալանքը «հիմնավորվում» է իշխանության ներկայացուցչի հետ զազրախոսելու անհեթեթ, անորոշ պատճառաբանությամբ։ Կալանվածը այդ ժամանակահատվածում, մեր ուսադիրավորների արտահայտությամբ, ենթարկվում է «ներկամերային» մշակման, որն իր մեջ ներառում է նաեւ նեղ մասնագիտական միջոցառումներ, բայց այս մշակման «թագն ու պսակը» ոստիկանական մահակն է, որի արհեստավարժ օգտագործման շնորհիվ ընդունվում են «կամավոր» բացատրություններ, ձեռք բերվում «ապացույցներ»։ Այս ամենից հետո հասնում է քրդատօրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման հերթը՝ անձը ձերբակալվում է 96 ժամով, որի ընթացքում չարաբաստիկ մահակի «փաղաքշանք» տեսածը, նույն մահակի կիրառման սպառնալիքի տակ (կիրառումով), արդեն առկա բացատրությունները ուսադիրավորների թելադրած տեքստով դարձնում է ցուցմունքներ։ Այս «ապացույցների» հիման վրա դատարանը բավարարում է անձի նկատմամբ կալանքը խափանման միջոց ընտրելու մասին իրավասու մարմնի միջնորդությունը։ Այնուհետեւ կարող է տեղի ունենալ քրեադատավարական եւս մեկ անհեթեթություն՝ քրդատօրենսգրքի 151-րդ հոդվածը քրեական վարույթն իրականացնող մարմնին իրավունք է տալիս փոխելու դատարանի որոշումով սահմանված խափանման միջոցը, այսինքն՝ դատարանի որոշումը, որն անհամեմատ ավելի բարձր իրավական ուժ ունի, քան ցանկացած պաշտոնյայի ցանկացած որոշում, կարող է փոփոխվել ինչ-որ չինովնիկի կողմից, նույնիսկ առանց դատարանին տեղյակ պահելու, ավելին՝ եթե դատարանի կողմից խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու վերաբերյալ դատական որոշումը կարող է բողոքարկվել, ապա քրեական հետապնդման մարմնի կողմից դատարանի որոշման փաստացի վերացումը բողոքարկման ենթակա չէ։

Ձեւավորվում է անօրինականությունների մի շղթա, որի մեջ արդարադատություն իրականացնող մարմինը՝ դատարանը, դառնում է մի անզոր օղակ եւ չի կարող նույնիսկ հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող մարմնից հաշիվ պահանջել իր որոշման փոփոխման համար։ Վարչական կալանքի այս 10 օրվան շատ հաջող լրացնում է ՀՀ քրդատօրենսգրքի 180-րդ հոդվածը, ըստ քրգործի հարուցման առիթի՝ օրինականության հիմքերի բավարար լինելը ստուգելու անհրաժեշտության դեպքում սահմանում է 10-օրյա ժամկետ, որի ընթացքում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ, այլ նյութեր, ինչպես նաեւ կարող է կատարվել դեպքի վայրի զննություն եւ նշանակվել փորձաքննություն։ Այլ կերպ ասած՝ առաջին 10 օրվա ընթացքում քրգործ հարուցելու հիմքեր ստեղծելու, ստեղծագործելու համար արձակված են հետաքննության մարմնի «գործ» սարքելու ձեռքերը, ոտքերը, մահակները, նրանց ինքնակամ գործողությունները ոչ մի ձեւով սահմանափակված չեն՝ կալանվածները փաստաբանի ծառայությունից օգտվել չեն կարող, տեսակցություններ չեն թույլատրվում, պաշտպանվելու համար որեւէ գործուն մեխանիզմ գոյություն չունի, իսկ երկրորդ տասնօրյակն արդեն օգտագործվում է նպատակային՝ կամ պահանջած «փրկագինն» ստանալով մերժում են քրգործի հարուցումը եւ հերքում ստեղծած «ապացույցները», կամ քրգործ է հարուցվում եւ, հետագա ընթացք տալու համար, ուղարկվում նախաքննական մարմնին։

«Օրինապահների» համադրված գործողությունների «հերոսական» ջանքերի շնորհիվ ձեռք բերած «ապացույցներով», դատարանի օժանդակությամբ, դատախազության օրհնանքով գործը հասնում է դատարան։

Որպես կանոն, արգելափակումից եւ ծեծուջարդից հետո կալանվածի մոտ առաջանում է երկընտրանք՝ ֆիզիկական գոյությունը պահպանելու գնով ստորագրել կամ գրել պարտադրված բացատրությո՞ւնը, թե՞ չստորագրել՝ վտանգելով ֆիզիկական գոյությունը կամ, լավագույն դեպքում, դառնալ հաշմանդամ։ Բնական է, որպես կանոն, խոսում է ինքնապաշտպանական բնազդը, որին օգնում է նաեւ մի հեռավոր հույս՝ տեղի ունեցածի (եթե ինչ-որ բան եղել է) իրական պատկերը վերականգնել քննիչի միջոցով։ Իրականում նախաքննական մարմինը հարուցված գործի վարույթն իրականացնելիս ունի մեկ գերխնդիր՝ ցանկացած միջոցների եւ մեթոդների կիրառումով ամրապնդել հետաքննական մարմնի «ձեռքբերումները», որտեղ նրան մեծ ծառայություն են մատուցում քննչական մեկուսարանների արհեստավարժ տանջարարները։ Մնում է եւս մեկ հույս՝ դատարանը, սակայն սա եւս հեքիաթների ոլորտից է, որովհետեւ այստեղ դեմ են տալու նախաքննության ընթացքում «ձեռք բերած» ապացույցները, իսկ եթե փորձ արվի բարձրացնելու ծեծուջարդի հարցը, կհետեւի դատավոր կոչվող չինովնիկի զարմանքը՝ իսկ ո՞ւմ չեն ծեծում։ Այս ողջ գեհենի ընթացքում մեկուսարանի ադմինիստրացիայի եւ քննիչների միջոցով ամենայն հաջողությամբ, զանազան հնարքներով խափանվում է դատապաշտպանների աշխատանքը։

Հանուն օբյեկտիվության ասենք, որ քաղաքացին, անձը կարող է վարույթի ցանկացած փուլում, կաշառքի շնորհիվ փրկվել այդ պետական դժոխքից, եթե նրան դատապարտյալի կարգավիճակ «շնորհելու» պատվերը չի տրվել իշխանության կողմից։ ՀՀ քրդատօրենսգիրքը հիմնականում արտագրված լինելով նախկինից, ունի նաեւ դրական կողմեր։

ՍԵՐԳԵՅ ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031