Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե, իհարկե, լրագրողները նրանց չխանգարեն

Մարտ 31,2001 00:00

ՄՈՒՐԱՑԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԿԳՆԱՆ ԴՊՐՈՑ Եթե, իհարկե, լրագրողները նրանց չխանգարեն Քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանի գնահատականով՝ «երեխաների մուրացկանությունը վերելք է ապրել 90 թվականից»։ Վերջին տվյալների համաձայն, գրանցվել է 198 անչափահաս թափառաշրջիկ երեխա։ Վերջիններիս թիվը օր օրի ավելանում է։ Ըստ պրն Վաթյանի՝ թափառաշրջության դեմ միշտ պայքարել են, բայց դրական արդյունքի չեն հասել, որովհետեւ. «…ՆԳՆ աշխատակիցները առանձին էին պայքարում, թաղապետարանները՝ առանձին, հասարակական կազմակերպությունները՝ առանձին եւ մեկը մյուսի աշխատանքից տեղյակ չի եղել»։ Ներկայումս բոլորը համախմբվել են եւ քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի նախաձեռնությամբ այս տարի ստեղծվել է Երեւանի քաղաքապետարանի անչափահասների գործով հանձնաժողով։ Հանձնաժողովում աշխատում են ՆԳՆ-ի, թաղապետարանների, կրթության վարչության աշխատակիցներ, նաեւ բժիշկներ, մանկավարժներ, հոգեբաններ։ Ըստ քաղաքապետ Ռ. Նազարյանի՝ թափառաշրջությամբ զբաղվում են ոչ միայն ծնողազուրկ, այլ նաեւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները։ Նրանց հիմնական զբաղմունքը մուրացկանությունն է։ «Երեխաներին չենք կարող բռնի ստիպել, որ դպրոց գնան։ Դրա համար ստեղծված հանձնաժողովում ներառել ենք նաեւ հոգեբանի, որի բացատրական աշխատանքներից հետո, հուսով ենք, երեխան կշարունակի իր ուսումը»,- ասաց քաղաքապետը։ Կրթության վարչության պետը տեղեկացրեց, որ հանձնաժողովի աշխատանքը սկսվում է պարտուսի տարիքի երեխաների հաշվառմամբ։ Այնուհետեւ հոգեբանի, ՆԳ վարչության եւ թաղապետարանի աշխատակիցների հետ այցելում են նրանց բնակարանները։ Բացատրական աշխատանքներից հետո երեխան գրանցվում է ՀՕՖ-ի ընդունման եւ բաշխման կենտրոնում։ Բժշկական ստուգումից հետո երեխաները տեղավորվում են 10 գիշերօթիկ դպրոցներից որեւէ մեկում։ Պրն Վաթյանը նշեց, որ եթե երեխան մի քանի տարի չի հաճախել դպրոց, նա չի կարող ուսումը շարունակել իր տարեկիցների հետ։ Կազմակերպվել են հատուկ դասընթացներ, որի շնորհիվ երեխան սովորում է բաց թողած տարիների կուրսը, իսկ հետո ուսումը կշարունակի իր համադասարանցիների հետ։ Ինչպես շեշտեց պրն Վաթյանը, քաղաքում բնակվող անչափահասների հարցը կիսով չափ լուծված է, սակայն «Երեւան «աշխատանքի» են գալիս տարբեր շրջաններից բազմաթիվ անչափահաս երեխաներ եւ մուրալուց հետո վերադառնում են իրենց շրջանը»։ Սրա դեմ պայքարելու համար ստեղծվել են հսկիչ խմբեր, որոնք շրջայցեր են կատարում ավտոկայարաններով, եկեղեցիների, բարերի, ռեստորանների շրջակայքով, մետրոյում եւ այլ հասարակական վայրերում։ Օ. Վաթյանը պատմեց մի «գերազանցիկ, գեղեցիկ երեխայի» մասին, որին տեղավորել էին գիշերօթիկ դպրոցում եւ ապահովել անհրաժեշտ իրերով։ Սակայն մայրը կարոտի պատրվակով երեխային «տուն» է տարել։ Մի քանի շաբաթ հետո դպրոցի տնօրենը երեխային հանդիպել է մետրոյում մուրալիս՝ ցնցոտիներով, հիվանդ տեսք ունենալու համար՝ դեմքին ներկ քսած։ Երբ երեխային նորից դպրոց են բերում, նա փախչում է, «որովհետեւ մուրացկանության պահանջը մտած է նրա հոգեբանության մեջ, նրա համար դա դարձել է մասնագիտություն»։ Արդեն գիշերօթիկ դպրոցներում է տեղավորվել 50 երեխա։ Իսկ նրանց ծնողներին, ովքեր չէին ցանկանում երեխաներից բաժանվել, տեղավորել են դպրոցում՝ աշխատանքի։ Նրանց աշխատավարձը ութ հազար դրամի սահմաններում է։ Պրն Վաթյանը, հայտնելով քաղաքապետարանի անչափահասների գործերով հանձնաժողովի կարծիքը, շեշտեց, որ անչափահաս երեխաների մուրացկանությանը նպաստում է նաեւ մեր հասարակությունը, երբ խղճահարված մի քանի դրամ են տալիս՝ սովորեցնելով երեխային հեշտ ճանապարհով փող վաստակելուն, նրա մեջ կոտրում են ուսում ստանալու ցանկությունը։ Մեր հարցին, թե ինչը կխանգարի ծրագրի իրականացմանը՝ պարոն Վաթյանը շատ տարօրինակ պատասխան տվեց, թե՝ լրագրողները։ Կարծես թե ավանդույթ է դառնում չինովնիկների անճարակությունը լրագրողների վրա բարդելը։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել