Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վազգեն I-ի անվան պատերազմի հաշմանդամների բարեգործական հասարակական կազմակերպությունը, երբեւէ չստանալո

Մարտ 31,2001 00:00

ԱՏԱՄՆ ԷԼ ԻՐԵՆՑԸ, ՑԱՎՆ ԷԼ Վազգեն I-ի անվան պատերազմի հաշմանդամների բարեգործական հասարակական կազմակերպությունը, երբեւէ չստանալով պետական աջակցություն, որոշել է ինքնուրույն լուծել իր հարցերը եւ շուրջ 700 հաշմանդամների համար ստեղծել աշխատատեղ։ Այդ նպատակով մարտի 16-ին կազմակերպության պատվիրակությունը մեկնեց Հունաստան «Հելլենական պատերազմի եւ ազգային ընդդիմության հաշմանդամների միության» հետ համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին փոխհամաձայնագիր կնքելու։ Համաձայնագիրը, ըստ կազմակերպության նախագահ Արշավիր Սահակյանի՝ «անաշխատունակ եւ աշխատունակ հաշմանդամների ընտանիքների համար է, որ այսուհետեւ ոչ թե մուրացկանությամբ գումար վաստակեն, այլ իրենց աշխատանքով»։ Ձեռնարկությունում պետք է պատրաստվեն ձեռնափայտեր, սայլակներ եւ հաշմանդամներին անհրաժեշտ այլ իրեր։ Կազմակերպության գործադիր տնօրեն Սերգեյ Գասպարյանի կարծիքով, Երեւանում նման ձեռնարկություն ստեղծելը օգտակար եւ նպաստավոր է նաեւ պետության համար. «Մեր պետությունը այսօր մուրացկանի նման ուրիշ պետություններից է խնդրում այդ սայլակները։ Եթե մեր տղաները կարող են պատրաստել, ինչո՞ւ ուրիշից ուզել»։ Ըստ նրա, նման ձեռնարկության ստեղծումը բոլոր հաշմանդամներին կապահովի թե սայլակներով եւ թե աշխատավարձով։ Ըստ Ա. Սահակյանի, թեեւ հաշմանդամների վիճակը շատ վատ է, բայց դե հույս էլ կա, քանի որ արվել է առաջին քայլը։ Պրն Սահակյանի կարծիքով, ամենացավալին պետական մարմինների անտարբերությունն է։ Սայլակներ արտադրող ձեռնարկության վայրը արդեն որոշված է (Արցախի փողոցում) եւ ինչպես Ս. Գասպարյանը խոստովանեց՝ «նույնիսկ ավելի մեծ է, քան մեզ պետք էր»։ Թե որքան մարդիկ կընդգրկվեն աշխատանքի մեջ, Ա. Սահակյանը հայտնեց, որ աշխատողների թիվը կախված է նրանից, թե ծրագրին ինչ գնահատական կտան Հունաստանում. «Նույնիսկ եթե 10-20 հոգու համար տեղ լինի՝ կաշխատեն»։ Շատ ավելի ծանր է տարեց հաշմանդամների վիճակը, որոնք, ըստ Ա. Սահակյանի «ոչ ուտելիք ունեն, ոչ հագնելիք»։ Նրանց մեծ մասը հայրենական պատերազմի մասնակիցներ են։ Հաշմանդամների համար ամենածանր հարցը լույսի, ջեռուցման խնդիրներն են։ «Ինչքան արտոնություն ունեին, ԱԺ-ն հանեց։ Երեւի իրենց ձեռք է տալիս մուրացկանի կարգավիճակը, երբ հաշմանդամները եկեղեցու մոտ նստած օրվա հացի փող են մուրում,- ասաց Ա. Սահակյանը։- Նրանք ամենաշատը 10 հազար դրամ թոշակ են ստանում։ Մի՞թե դրանով կարող են ե՛ւ ընտանիք պահել, ե՛ւ հեռախոսի, լույսի վարձ մուծել»։ Ըստ Ա. Սահակյանի, ծանր եւ անելանելի դրության մեջ է հայտնվում հաշմանդամը, երբ հիվանդանոցում է։ Նրանց ոչ միայն հենց այնպես բուժօգնություն չեն ցուցաբերում, այլեւ դեղ չեն տրամադրում։ «Վերջին անգամ դեղորայք ստացել ենք անցյալ տարվա դեկտեմբերին։ Այն դեղերը, որոնք կոնկրետ մարդկանց անհրաժեշտ են, չկան։ Իսկ այն դեղերը, որոնք օգնություն են եկել, ժամկետն անցած են։ Բացի վիտամիններից, ոչ մի բանը պիտանի չէ։ Լավագույն դեպքում երկու-երեք ամիս մնում է մինչեւ ժամկետի ավարտը»,- ասաց կազմակերպության նախագահի օգնական Ռաֆայել Հովհաննիսյանը։ Կազմակերպության նախագահը տեղեկացրեց, որ մի ժամանակ աշխատում էին իրենց ուժերով ստեղծած կարի արտադրամասում եւ մանկապարտեզների, հիվանդանոցների, ծերանոցների համար պատվերով սպիտակեղեն էին կարում։ «Եթե այդպես շարունակվեր, ամենաքիչը 16 հոգի կաշխատեին այսօր, բայց հիմա, քանի որ պատվերը քիչ է, արտադրամասը կանգնել է»,- ասաց Ա. Սահակյանը։ Նա տեղեկացրեց նաեւ, որ կան հաշմանդամ ընտանիքներ, որոնք տնային պայմաններում պատվերով կար են անում։ Արշավիր Սահակյանը իր հույսերը կապել է սայլակների արտադրության հետ. «Եթե դուստր ձեռնարկությունն աշխատի. շահույթի 50%-ը ներդրվելու է աշխատավարձի եւ կազմակերպության զարգացման, իսկ մյուս 50%-ը՝ բարեգործությունների մեջ»։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել