Մայրաքաղաքում ընթացքի մեջ է «ԱրմենՏելի» թվայնացման աշխատանքը։ Ներկայումս մոնտաժվում են Արաբկիրի եւ Մալաթիա-Սեբաստիա համայնքների հեռախոսակայանները՝ 30 հազար ունակությամբ, որն, ըստ «ԱրմենՏել» կոմերցիոն տնտեսության վաճառքի վարչության պետ Լեւոն Ստեփանյանի, լրիվ բավարարելու է նշված տարածքների պահանջարկը։
Արաբկիրի 23, 24, 28 եւ 22, 26, 27, ինչպես նաեւ Մալաթիա-Սեբաստիա համայնքի 72, 73, 74 հեռախոսակայանների բաժանորդները ստիպված կլինեն ատամները սեղմած մի կերպ դիմանալ եւ օգտվել «ԱրմենՏելի» անորակ հեռախոսակապի ծառայությունից մինչեւ (լավագույն դեպքում) այս տարվա հունիս-հուլիս ամիսները։ Հիշյալ աղբյուրի հավաստմամբ, Արաբկիրում նոր թվային հեռախոսային հանգույց է կառուցվում, որը սպասարկելու է վերոնշյալ հեռախոսակայանների 2-ով սկսվող եւ 25 հեռախոսակայանները։ Միեւնույն ժամանակ, այն ծառայելու է որպես միջքաղաքային հեռախոսային կայան՝ հանրապետության տարբեր շրջաններ միանալու համար։ Դա փոխարինելու է մեր հին միջքաղաքային հեռախոսակայանին՝ ավելի նորմալ որակով եւ կատարելագործված տեխնիկայով։ Ըստ նրա, մինչեւ 2000թ. վերջը նախատեսված աշխատանքներն ավարտված էին եւ այժմ կատարվում է այդ կայանների միացումը համակցման ցանցին՝ այսինքն մուտք է արվում դեպի Երեւանի մյուս հեռախոսակայաններ։ Իրականացվում է դրանց հետ կապի կազմակերպումը եւ նախապատրաստվում է բաժանորդային ցանցի գործող բաժանորդներին միացնելու նոր թվային կայանների։
Բաժանորդային ցանցի 50-60%-ն արդեն միացված է համապատասխան ցանցին։ Նախատեսվում է ամռանը՝ հունիս-հուլիս կամ օգոստոս ամիսներին նշված հեռախոսակայանների (Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա) բոլոր բաժանորդներին վերամիացնել նոր թվային կայանների։ Այսքանով թերեւս չի սահմանափակվում մայրաքաղաքի հեռախոսակայանների թվայնացումը։ Այս տարի արդեն նախագծման փուլում է 63, 64-ի թվայնացումը եւ դրան զուգահեռ կառուցվելու է նոր՝ 66 հկ, որը սպասարկելու է 63, 64 կայանների նախկին տարածքը, այսինքն՝ Նորքի զանգվածը, ընդհուպ ընդգրկվելու են Նորքի 7, 8, 9 զանգվածները։ Գոյություն ունեցող 65 կայանից կսպասարկվի Ջրվեժ թաղամասը։ Նախագծվում է Երեւանի մյուս հկ-ների թվայնացում եւս։ Սակայն այդ մասին խոսելը դեռ վաղ է։
Դավիթաշենի հեռախոսակայանը, որ նախատեսված էր սպասարկելու 10 հազար բաժանորդի, այժմ ունի 3 հազար ազատ համար։ Նկատի ունենալով այս «դասը», «ԱրմենՏելի» աշխատակիցներն այլեւս նախօրոք հաշվարկում են բաժանորդներին, այնուհետեւ ձեռնամուխ լինում նախագծված գործընթացի իրականացմանը։ Ի դեպ, նոր կառուցվող թվային հեռախոսակայաններում բացառվում է զուգահեռ հեռախոսահամարների առկայությունը, իսկ տարանջատումը իրականացվում է անվճար։
Կարդացեք նաև
Թվայնացման գործընթացն ընթանալու է ողջ հանրապետությունով մեկ:
Թեեւ րոպեավճարի մեխանիզմի կիրառումը կա պված է տեխնիկական ինչ-ինչ խնդիրների հետ, այդուհանդերձ իրեն երկար սպասեցնել չի տա։ Ըստ էության, րոպեավճարի համակարգը կարող է կիրառվել միայն թվայնացված կայաններում, իհարկե կանխավ զգուշացնելով (ավելի կոնկրետ՝ 1 ամիս առաջ)։ Նախնական ուսումնասիրությունները պարզել են, որ միջին հաշվով յուրաքանչյուր հեռախոսից ամսվա կտրվածքով օգտված ժամանակը դրամի վերածելով, այն կազմում է 5 հազար դրամ՝ իհարկե սա վերաբերում է տեղային կապին, այսինքն Երեւանի ներսում։ «Րոպեավճարի դեպքում մարդն ինքը պետք է որոշի որքան խոսել, այսինքն՝ սեփական գրպանի պարունակությանը համապատասխան։ Աշխարհում չկա այնպիսի կապ, որ անվճար լինի»,- նշեց պրն Ստեփանյանը։ Այս պարագայում գուցեեւ հաշվի առնվի սոցիալապես անապահով լինելու հանգամանքը։
ԱՆՆԱ ՆԱԶԱՐՅԱՆ