Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՌ ՈՒՆԻ ԼՈՒԾՈՒՄ…

Մարտ 31,2001 00:00
grel

Այս հոդվածը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 2000թ. հոկտեմբերի 17-ի համարում տպագրված ««Խաչմերուկ» ծրագրի իրագործումը հետաձգել այլեւս չի կարելի» հոդվածի տրամաբանական շարունակությունն է եւ ներկայացնում է հեղինակի մասնավոր տեսակետը այսօրվա վիճակի մասին, որում հայտնվել է Հայաստանը ֆլորիդյան հանդիպումից առաջ, ինչպես նաեւ՝ այդ վիճակից շահեկանորեն դուրս գալու հնարավորության մասին։

Այն վիճակը, որում հայտնվել է Հայաստանը ֆլորիդյան հանդիպումից առաջ, պայմանավորված է Բաքվում կայացած TRACECA ծրագրի կոնֆերանսի ժամանակ Հայաստանի ստորագրած փաստաթղթով, որով Փոթի-Թբիլիսի-Գյումրի-Հոկտեմբերյան-Նախիջեւան-Մեղրի-Նյուվադի-Բաքու երկաթգիծը ամրագրվեց որպես TRACECA-ի մի ճյուղ։

Այս ստորագրումով TRACECA ծրագրից պասիվություն ցուցաբերելու պատճառով դուրս մղված եւ այնուհետեւ TRACECA-ի մեջ ամեն կերպ մտնել ցանկացող Հայաստանը կատարեց գեոստրատեգիկ սխալ քայլ։

Բանն այն է, որ բեռնատեղափոխության որեւէ տրամաբանություն չի կարող բացատրել, թե ինչո՞ւ Եվրոպայից Միջին Ասիա եւ հակառակ ուղղությամբ գնացող բեռները պիտի տեղափոխվեն վերոնշյալ՝ Թբիլիսի- Գյումրի-Նախիջեւան-Մեղրի- Բաքու երկար ու բարդ երկաթգծով եւ ոչ Թբիլիսի-Եվլախ-Բաքու ուղիղ եւ կարճ երկաթգծով։

Ակնհայտ էր նաեւ, որ այդ գիծը օգտագործվելու էր ավելի շատ քաղաքական եւ գեոստրատեգիկ, քան տնտեսական նպատակով, քանզի միջանցքի բացումը կպահանջեր անվտանգության գոտու ստեղծում, այսինքն երաշխավորված եւ անվտանգ հաղորդակցություն Բաքվի եւ Նախիջեւանի միջեւ՝ մի կողմից, եւ Հայաստանի եւ Իրանի սահմանին կից անվտանգության «մեկուսիչ» գոտու ստեղծում՝ մյուս կողմից։

Այսինքն ակնհայտ էր, որ Հայաստանը պետք է շատ լուրջ գեոստրատեգիկ զիջումներ աներ նախապես, որպեսզի բացվի մի երկաթուղային միջանցք, որը ոչ միայն տրամաբանորեն աներթեւեկելի պիտի լիներ, այլ նաեւ, երթեւեկելի լինելու դեպքում անգամ, շատ ավելի քիչ օգտակար պիտի լիներ Հայաստանի տնտեսական զարգացման համար, քան Նախիջեւանի եւ Բաքվի համար։

Այսպիսով, Հայաստանը Բաքվում ստորագրեց մի պայմանագիր, որով գեոստրատեգիկ հաշվեկշռի նժարը շեղվեց Ադրբեջանի կողմը։ Եվ պատահական չէր, որ աշխարհի հզոր ուժերը գեղեցիկ կերպով օգտվեցին ստեղծված իրավիճակից եւ ԼՂՀ-Ադրբեջան հակամարտության խաղաղ-բանակցային կարգավորման «սեղանին» դրեցին «տարածքների փոխանակման» կոնցեպցիան (այսպես ասած՝ «Մեղրիի հարցը»)։

Հայաստանում եւ Սփյուռքում բարձրացրած մեծ աղմուկի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Իրանի համապատասխան քայլերի շնորհիվ տարածքների փոխանակման կոնցեպցիան այժմ ֆլորիդյան հանդիպումից առաջ շատ սահուն փոխարինվեց Հայաստանի հարավով երկաթգծի շուրջ «անվտանգության գոտու ստեղծման» կոնցեպցիայով։ Այդ կոնցեպցիան այժմ ակտիվ շրջանառվում է։

Այսօր Հայաստանը հայտնվել է ծանր վիճակում, քանզի Ադրբեջանի եւ եվրոպական երկրների հետ միասին ստորագրել է մի փաստաթուղթ, որից օգտվելով գլոբալ քաղաքականության հզոր ուժերը բեռնափոխադրումների միջանցքի ստեղծման ծրագիրը տեղափոխել են ԼՂՀ-Ադրբեջան հակամարտության կարգավորման համատեքստ։ Ավելին, այն դարձել է ավելի առաջնային, քան Ղարաբաղի կարգավիճակի հարցը։

Հայաստանը չի կարող այլեւս խուսափել քննարկումներից, քանզի ստորագրել է այդ փաստաթուղթը, իսկ հզոր ուժերը ստիպելու են, որ Հայաստան-Ադրբեջան, Ղարաբաղ- Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ բոլոր քննարկումների հիմքում դրվի հենց այդ միակ փաստաթուղթը, որի տակ միաժամանակ ստորագրել են թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը եւ թե՛ Եվրամիության երկրները միաժամանակ։

Սակայն այս ծանր վիճակից Հայաստանը ունի ելք եւ այն էլ՝ միակը. Ֆլորիդայում պետք է առաջ մղել «Խաչմերուկ» ծրագիրը, այսինքն՝ տրանսպորտային միջանցքը իր անվտանգության գոտիով Հայաստանի հարավային սահմանից պետք է տեղափոխել դեպի երկրի կենտրոնական մասը՝ դեպի Երեւան-Ղազախ առանցքը։

Սա աշխատող գեոստրատեգիկ քայլ է, եւ այն պետք է անել՝ նկատի ունենալով Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ այսօր առկա սրված հարաբերությունները։

ՌՈՒԲԵՆ ԵԳՈՐՅԱՆ

«Էդուարդ Եգորյան» ստրատեգիկ

հետազոտությունների կենտրոնի նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031