Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍԱՀՄԱՆԻՆ

Մարտ 31,2001 00:00
robert qocharyan

Մեծ հույսերը, որն Արեւմուտքը կապում է ամերիկյան Քի Ուեսթում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Հեյդար Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման հետ, կարծես թե չեն իրականանալու։ Երկու երկրների քաղաքական գործիչների եւ վերլուծաբանների կարծիքով, նախագահներն այնտեղ չեն ստորագրի ղարաբաղյան կարգավորման որեւէ փաստաթուղթ։

«Ղարաբաղի հարցով լիամասշտաբ պայմանագրի ստորագրումը Քի Ուեսթում բացառված է»,- կարծում է Ազգային ժողովի պատգամավոր, «Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հրանտ Խաչատրյանը։

Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը նույնպես բացառում է նախագահների առաջիկա հանդիպման ժամանակ որեւէ փաստաթուղթ ստորագրելու հնարավորությունը։ Ավելին, Վիլայաթ Գուլիեւը չի հավատում, որ ապրիլի սկզբին Ալիեւն ու Քոչարյանը կարող են ընդունել որեւէ դեկլարատիվ փաստաթուղթ։

Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը նախատեսված է ապրիլի 3-ին՝ Ֆլորիդայի Քի Ուեսթ քաղաքում։ Դա կլինի Հեյդար Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի 16-րդ հանդիպումը, որտեղ նրանք փորձում են ղարաբաղյան հակամարտության լուծումներ գտնել, որը տեւում է ավելի քան 10 տարի եւ խլել է 30 հազարից ավելի մարդկանց կյանք։

Զինադադարը հաստատվել է 1994թ. մայիսին, սակայն խաղաղ պայմանագիր չի կնքվել։ «Ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» իրավիճակը գոյություն ունի համարյա 7 տարի եւ այդ ողջ ժամանակահատվածում տեղի են ունենում բանակցություններ, որոնցում երկու պետությունների ղեկավարները աշխատում են գտնել փոխզիջումների այն հաշվեկշիռը, որը թույլ է տալիս խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։ Հանդիպումները տեղի էին ունենում ինչպես տետատետ, այնպես էլ միջնորդների մասնակցությամբ, որոնց դերում հանդես են գալիս ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան՝ այսպես կոչված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Մինսկի խումբը ստեղծվել է օգնելու Ադրբեջանին եւ Հայաստանին՝ խաղաղության հաստատման գործում։

«Մարտի սկզբին տեղի ունեցավ երկու նախագահների հանդիպումը Փարիզում։ Ապրիլի սկզբին նրանք հանդիպում են ԱՄՆ-ում։ Բոլոր քաղաքական պարամետրերը վկայում են, որ պետք է տեղի ունենա նաեւ երրորդ հանդիպումը Մոսկվայում՝ Մինսկի խմբի համանախագահների միջեւ պարիտետ ստեղծելու համար։ Հենց Մոսկվայում էլ կարելի է սպասել լուրջ հայտարարությունների, որոնք պաշտպանելու է Վլադիմիր Պուտինը»,- կարծում է վերլուծաբան Գագիկ Ավագյանը։

Ընդհանուր առմամբ, նմանատիպ տեսակետ է հայտնում ադրբեջանական «Ազադլիկ» թերթը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Միջնորդների ջանքերի ակտիվացումը միանշանակ չի ընկալվել երկու երկրներում։ Վերջին մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ սկսեցին խոսել պատերազմի մասին։

Փետրվարի 21-ին Փարիզում Ալիեւի հետ Քոչարյանի հանդիպման նախօրյակին Ադրբեջանի կառավարական թերթերը անսպասելիորեն հրապարակեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք առաջարկությունների ամբողջական տեքստերը։ Դրան անմիջապես հետեւեց Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունն այն մասին, որ այդ առաջարկությունները հնացել են եւ տվյալ պահին չեն քննարկվում։

Սակայն հետագա երկու օրվա ընթացքում Միլի մեջլիսը քննարկեց այդ առաջարկները եւ ղարաբաղյան հիմնահարցի լուծման ճանապարհները։ Հանդես գալով խորհրդարանում, Հեյդար Ալիեւը կոչ արեց բոլոր կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին տալ իրենց առաջարկությունները։ Մինչ այդ, 8 տարվա ընթացքում, Հեյդար Ալիեւը համոզում էր ժողովրդին, որ ընդհուպ զբաղված է այդ խնդրով եւ հասկացնել էր տալիս, որ որեւէ մեկի խորհրդի կարիքը չունի։ Այժմ առաջարկներ ներկայացնելու դիմումը կարող է նշանակել կա՛մ այդ հարցը լուծելու սեփական անկարողության խոստովանում, կա՛մ հնարավոր ոչ պոպուլյար լուծման համար պատասխանատվությունը կիսելու փորձ։ Իմանալով Հեյդար Ալիեւին, կարելի է ավելի մեծ հավանականությամբ ենթադրել երկրորդը։

Առաջարկություններն արվեցին։ Առավել նշանակալիցը եւ լայն արձագանք ստացածը կոչվում էր հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման հիմնական պլատֆորմ։ Այն պատրաստվել էր երկու հայտնի քաղաքագետների, նախկինում բարձրաստիճան պաշտոնյաների՝ նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովի եւ նախագահի աշխատակազմի քարտուղարության նախկին ղեկավար Էլդար Նամազովի կողմից։

Այդ հայեցակարգում նշվում է, որ կոնֆլիկտը հնարավոր չէ կարգավորել միայն բանակցությունների միջոցով։ Անհրաժեշտ է զուգահեռաբար ուժեղացնել պայքարը կոռուպցիայի դեմ, զարգացնել տնտեսությունը, ուժեղացնել վերջին 3-4 տարվա ընթացքում թուլացած ռազմական շինարարության տեմպերը, վերացնել սոցիալական լարվածությունը։ Նախատեսվում է նաեւ «մարդասիրական ակցիայի» անցկացում՝ փախստականների վերադարձը հայրենի զավթված հողեր։ Այդ տերմինի տակ հասկացվում է ուժային գործողություն Լեռնային Ղարաբաղի վարչական սահմաններից դուրս։ Հիշյալ հայեցակարգը պաշտպանվել է ընդդիմության մեծ մասի եւ որոշ իշխանամետ կուսակցությունների ու պարբերականների կողմից։

Հայաստանում այդ հայեցակարգը ընկալվել է որպես պատերազմի բացահայտ կոչ։ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը «Գոլոս Արմենիի» թերթին տված իր հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի զինված ուժերը այսօր պատրաստ են իրադարձությունների ռազմական զարգացմանը։ Նախարարը հայտարարել է նաեւ, որ ռազմական լուծման մասին Ադրբեջանում խոսում են մարդիկ, որոնք իշխանություն չունեն։ «Դա հեշտ է նրանց համար. նրանք հետո պատասխանատվություն չեն կրի պատերազմի համար։ Չէ՞ որ մարտական գործողությունների վերսկսումը կարող է նշանակել ինչպես ադրբեջանցիների հաջողություն, այնպես էլ, բնականաբար, անհաջողություն»։

Խնդրի խաղաղ կարգավորման օգտին արտահայտվեց նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը. «Ով կսկսի պատերազմը՝ նա էլ կպարտվի»,- ասաց նա, նշելով, որ Հայաստանը պատերազմ սկսելու մտադրություն չունի։

Ընդհանուր տրամադրությունը Հայաստանում ընդգծված խաղաղ է։ «Ես պատերազմ չեմ ուզում,- ասում է 30-ամյա երեւանցի Արամը,- թող խաղաղություն ստորագրեն, որպեսզի հնարավորություն ստեղծվի հանգիստ շփվել ադրբեջանցիների հետ։ Ճանապարհները կբացվեն, կյանքը կլավանա»։

Սակայն Արամը գտնում է, որ եթե հայրենիքը վտանգվի, նա զենքը ձեռքը կվերցնի։

«Հուսով եմ, որ պատերազմ չի լինի։ Մենք արդեն ապրել ենք պատերազմ եւ դա սարսափելի է,- ասում է Անահիտը, երեւանյան սրճարաններից մեկի մատուցողուհին (անունը փոխված է),- չգիտեմ, դա ճիշտ է արդյոք քաղաքականության տեսակետից, բայց ես ուզում եմ, որ Քոչարյանն անի ամեն ինչ, որպեսզի պատերազմ չլինի»։

Եթե Հայաստանը խաղաղ է տրամադրված, ապա Ադրբեջանում միասնություն չկա։ Խնդրի խաղաղ կարգավորման օգտին հանդես են գալիս կառավարական ուժերը՝ նախագահական «Ենի Ազարբայջան» կուսակցությունը, կառավարամետ «Անա վաթան» կուսակցությունը եւ իշխանության այլ արբանյակներ։

Ռազմական ճանապարհի առավել հայտնի կողմնակիցներն են Ադրբեջանում Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Արազ Ալիզադեն եւ Լիբերալ կուսակցության նախագահ Լալա Շովկաթ Գաջիեւան։ Ա. Ալիզադեն հիշեցրեց, որ դեռեւս 1994թ. նա առաջարկել է Հեյդար Ալիեւին «հայրենական պատերազմի» մոդելը։ Այդ մոդելի ընդունման դեպքում անհրաժեշտ է ցրել խորհրդարանը, սառեցնել քաղաքական կուսակցությունների գործունեությունը, տեղափոխել տնտեսությունը ռազմական ռեժիմի եւ ապրել «Ամեն ինչ ճակատի, ամեն ինչ հաղթանակի համար» կարգախոսով։

Ադրբեջանի Լիբերալ կուսակցության գործադիր քարտուղար Ա. Թեմիրխանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավարության հետ կարելի է համաձայնել միայն այն դեպքում, եթե նմանատիպ ինքնավարություն ստեղծվի Հայաստանի տարածքում փախստական ադրբեջանցիների համար։ Ազգային անկախության կուսակցության նախագահ Էթիբար Մամեդովը կոչ է արել Ալիեւին օրինակ վերցնել Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից եւ հրաժարական տալ, եթե նա ի վիճակի չէ լուծել խնդիրը։ Մամեդովն առաջարկել է, անհրաժեշտության դեպքում, անցկացնել «հակաահաբեկչական» օպերացիան։ «Դա մեր ներքին գործն է։ Նույնիսկ անհրաժեշտություն չկա դա դուրս բերել խորհրդարանի քննարկման»,- կարծում է նա։

Մինչդեռ ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասը հանդես է գալիս կոնֆլիկտի «սառեցման» օգտին՝ մինչեւ «պայմանների փոփոխությունը»։ Այդ դիրքորոշումն է արտահայտել Ադրբեջանի ժողովրդական ճակատի բարեփոխական թեւի նախագահ, խորհրդարանի անդամ Ալի Քերիմովը. «Արդար խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը շատ ավելի ուժեղ լինի, քան այսօր»։

Ադրբեջանական հասարակության մեջ նույնպես չեն բացառում խնդրի ռազմական լուծումը։ Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ բնակչության թեեւ աննշան, բայց, այնուամենայնիվ, մեծամասնությունը, գտնում է, որ ղարաբաղյան հարցը հնարավոր է լուծել միայն ռազմական ճանապարհով։ Բաքվի կենտրոնում արեւածաղկի սերմ վաճառող ծերուկը չի թաքցնում արցունքները. «Իմ մոտ որդի է զոհվել։ Հիմա ես գոնե լսում եմ, որ պետք է հետ նվաճել մեր հողերը, իսկ մինչ այդ, միայն խաղաղության դատարկ կոչեր էին հնչում»։

Սակայն Բաքվում մտավախություններ կան, որ իշխանությունները կարող են օգտագործել պատերազմը՝ հասարակ ժողովրդին էլ ավելի ճնշելու համար։ Շատրվանների հրապարակում մի աղջիկ, որը հրաժարվեց է նշել իր անունը, ասաց. «Ես ոչ մի դեպքում չեմ ուզում, որ պատերազմ լինի։ Ինձ զարմացնում են մարդիկ, որոնք այժմ պատերազմի կոչեր են անում, ասելով, իբր միայն այդպես է հնարավոր հողեր վերադարձնել։ Իսկ ո՞ւր էիք դուք, երբ ռազմական գործողություններ էին գնում։ Ի՞նչն էր ձեզ խանգարում կռվել հայրենի հողի համար։ Ես համոզված եմ, որ այն մարդիկ, որոնք այսօր կոչ են անում պատերազմի, հենց նրանք էլ պատերազմ չեն գնա։ Ոչ նրանք, ոչ էլ նրանց երեխաները»։

Պատերազմի վերսկսման վտանգը Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց «21-րդ դար» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը։ Նա մտավախություն հայտնեց, որ հանդիպումը Քի Ուեսթում կարող է դառնալ հայ-ադրբեջանական Քեմփ Դեւիդ։ Այն ժամանակ պաղեստինա-իսրայելական բանակցությունները տապալվեցին եւ Մերձավոր Արեւելքում իրավիճակը կտրուկ լարվեց։

Խնդրի բարդությունը եւ չափազանց լավատեսությունը այն արեւմտյան դիտորդների, որոնք կարծում են, թե ղարաբաղյան կոնֆլիկտը կարող է լուծվել արդեն Քի Ուեսթում, ընդգծում են երկու մեջբերումներ։

Իլհամ Ալիեւը հայտարարեց. «Հեյդար Ալիեւը երբեք չի ստորագրի Ադրբեջանի համար ոչ ձեռնտու խաղաղություն, որովհետեւ այդպիսի խաղաղությունը կապակայունացնի վիճակը Ադրբեջանում ու դրանից, առաջին հերթին, կտուժեն հենց իշխանությունները։ Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմին»։

Ռոբերտ Քոչարյանն իր հերթին ասել է. «1987 թվականից ղարաբաղյան հարցը դարձել է իմ կյանքի գլխավոր հարցը։ Այն երբեք ինձ հանգիստ չի տվել… ես ապրել եմ մի գաղափարով, մի երազանքով՝ անել ինձնից ամեն կախվածը Լեռնային Ղարաբաղի անկախությունն ապահովելու համար։ Ես, իհարկե, չեմ պատրաստվում հրաժարվել մեր ժողովրդի այդ նվիրական նվաճումից»։

Ուրեմն, ի՞նչ, նորի՞ց պատերազմ։

ՄԱՐԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ (Երեւան)

ՇԱՀԻՆ ՌԶԱԵՎ (Բաքու)

Հ. Գ. Այս հոդվածը առաջին փորձն է Ղարաբաղի եւ ղարաբաղյան կարգավորման մասին համատեղ նյութ գրելու Հայաստանի եւ Ադրբեջանի լրագրողների կողմից։ Հոդվածը հրապարակվում է Ինտերնետում, Լոնդոնի Պատերազմի եւ խաղաղության պրոբլեմները լուսաբանող ինստիտուտի վեբսայթում (www.iwpr.net), ինչպես նաեւ զուգահեռաբար Բաքվում՝ «Էխո» թերթում եւ Երեւանում՝ «Առավոտ» թերթում։ Մենք փորձել ենք ցույց տալ, թե ինչպես է իրավիճակը երեւում խրամատների երկու կողմից։ Մենք փորձել ենք նաեւ ցույց տալ, որ կարելի է լուսաբանել ամենասուր եւ արդիական խնդիրները, մնալով փաստերի եւ պրոֆեսիոնալիզմի շրջանակներում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031