Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Խաչատրյան. «Սատարենք Ռոբերտ Քոչարյանին»

Մարտ 31,2001 00:00
Armen khachatryan

Հայ իրականության մեջ ժամանակ առ ժամանակ, սովորական է արդեն, խոսակցություններ են ծայր առնում խորհրդարանի լուծարման մերթ՝ հեռանկարի, մերթ էլ՝ անհրաժեշտության մասին:

Ինչ վերաբերմունք ունի այսօրինակ դրսեւորումներին ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը. «Նշեմ, որ խորհրդարանի, կառավարության կամ որեւէ պաշտոնյայի մասին նման խոսակցություններն ուղղակիորեն վտանգում են մեր քաղաքական կայունությունը»:

Խորհրդարանը ցրելու կարիք չկա. կարծում է ԱԺ խոսնակը: Այդ կառույցը պետք է աշխատի, հստակորեն հետամուտ լինելով այն խնդիրների իրագործմանը, ինչին կոչված է, մանավանդ որ, այս խորհրդարանն ընտրվել է վերջին տարիներին անցկացված ամենաազատ ու արդար ընտրություններով: Ուստի ԱԺ լուծարման մասին անպատեհ խոսակցությունները վնասակար ազդեցություն են ունենում ինչպես ներքաղաքական կացության, այնպես էլ արտաքին քաղաքականության խնդիրների վրա. «Մեր երկրի հիմքերի հիմքը, առաջընթացի հիմքն անպայմանորեն օրենսդրական կայուն դաշտ ստեղծելն է»:

Յուրաքանչյուր օրենք, որ ընդունվում է խորհրդարանում, Արմեն Խաչատրյանի համոզմամբ, պետք է այնքան մտածված լինի, որպեսզի նախ հայեցակարգ ունենա եւ երկրորդ՝ դրսեւորվի իբրեւ օրենսդրական համալիրի մեկ դետալ: Այս սկզբունքն է, որ մշտապես առկա է կառավարության հետ հարաբերություններում, թե տվյալ օրենքը ինչպիսի օգտակար կամ վնասակար ազդեցություններ կունենա. «Կարծում եմ, որ օրենսդրական նպատակային քաղաքականության անցկացումը պարտադիր է: Մենք հետեւողականորեն այդ ուղիով ենք գնում՝ դեպի փաթեթային լուծումները»:

Այսինքն՝ օրենքները առանձնակի դիտարկման չեն ենթարկվում: Իբրեւ օրինակ ԱԺ նախագահը ներկայացրեց հետեւյալը՝ ընտրական օրենսգրքի քննարկումներին անպայմանորեն պետք է նախորդի «Կուսակցությունների մասին» օրենքի ընդունումը: Խորհրդարանի առաջիկա անելիքների թվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի ընդունումը: «Կարծում եմ, որ օրենքը պետք է դառնա պաշտպանը բոլոր քաղաքացիական ծառայողների եւ նրանց մարդկային արժանապատվության ու իրավունքների երաշխավորը»:

Այս շրջանակում ԱԺ նախագահը նպատակահարմար համարեց նաեւ «Կառավարության լիազորությունների մասին» օրենքի ընդունումը: Իսկ նրան, որ կառավարության անդամներից ոմանք, մասնավորապես արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, դժգոհում են, թե խորհրդարանում դրսեւորված լոբբինգի հետեւանքով կենսական նշանակության օրենքներ են տապալվում, Արմեն Խաչատրյանն անդրադարձավ հետեւյալ կերպ. «Եթե նկատի առնենք համաշխարհային փորձը, լոբբինգը բոլոր խորհրդարաններում էլ ընդունված պրակտիկա է, բայց այն պարագայում, երբ կառավարությունը խորհրդարան օրենք է բերում, կարծում եմ՝ նույն կառավարությունն ինքն իր դեմ լոբբինգ չպիտի անի, ինչով, կոնկրետ դեպքում, զբաղվում էին կառավարության որոշ անդամներ»:

Քանի որ խոսակցությունը ԱԺ խոսնակի հետ փաստորեն նախորդում էր Քի Ուեսթում կայանալիք Ալիեւ-Քոչարյան հանդիպմանը, զրուցեցինք նաեւ այս թեմայի շուրջ. «Մենք հաղթող կողմ ենք: Հաղթող կողմի հոգեբանությունը պետք է կարողանա հստակ մոտեցումներ որդեգրել՝ իբրեւ հիմք ապագա քաղաքական հայեցակարգի եւ վարվելիք բանակցությունների: Մենք պետք է մեծ արժեք տանք այն հանգամանքին, որ Ռոբերտ Քոչարյանը քաջածանոթ է արցախյան հիմնահարցի կարգավորման բոլոր նրբություններին: Ուստիեւ բոլորս դրսեւորելով պետական մտածողություն, պիտի սատարենք Ռոբերտ Քոչարյանին, թիկունք դառնանք նրան, եւ նրա ոգին զորացնելով, պայմանավորենք այն հաղթական լուծումները, որոնք ակնկալում ենք»:

Արմեն Խաչատրյանն այն կարծիքին է, որ Ռոբերտ Քոչարյանն իր փորձառությամբ ու հմտությամբ կկարողանա խնդիրը տանել համապատասխան հունով: Ուստի այն կարգախոսերը, թե՝ «Քոչարյան, հեռացիր», կամ էլի այսօրինակ ապակայունացնող կոչեր, պետք է բացասական գնահատականի արժանանան. «Պետք է այս պահին թեւութիկունք լինենք մեր նախագահին, որ նա կարողանա հզոր ոգով լուծել մեզ համար պատմական, պետական, ազգային խոշորագույն հարցը»:

Իսկ ԱԺ նախագահը՝ որպես պետության 2-րդ դեմք, որքա՞ն ազդեցություն ունի պետական եւ իշխանական գործերի վրա: Այս առումով Արմեն Խաչատրյանը նպատակահարմար համարեց, որպեսզի նախատեսվող սահմանադրական բարեփոխումների շրջանակում իշխանության թեւերի անկախությունը, հավասարակշռությունը, ինքնուրույնությունը, ներդաշնակությունն ու հակազդեցություններն ապահովվեն. «Այս իմաստով, իմ անձնական դերակատարությունը հիմնականում օրենսդրական է, քաղաքական: Մեծ նշանակություն եմ տալիս նաեւ պառլամենտական դիվանագիտությանը»:

Իսկ որ պետության մեջ 2-րդ դեմք լինելը որոշակիորեն սահմանափակում է անձնական ազատությունները, Արմեն Խաչատրյանի համար միանշանակ է. «Իմ ամբողջ օրն անցնում է աշխատանքային գործունեության մեջ՝ այսինքն տանից՝ կաբինետ եւ կաբինետից՝ տուն: Իսկ այն ազատությունը, որ կարող է երազել նորմալ մարդը, այսինքն՝ գնալ սրճարան, նստել դրսում, քայլել, սահմանափակված է: Եվ դա ինձ ճնշում է»:

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

«Ազատություն» ռ/կ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031