Լրահոս
Օրվա լրահոսը

ՂԱՐԱԲԱՂԸ ՄԵՐՆ Ա, ԲԱՅՑ ՌՈԲԵՐՏԻ ՁԵՌՆ Ա

Մարտ 31,2001 00:00
Arcax

«Պատմութիւնն սպասում է այն քաղաքական ուժին, որը կը կարողանայ յաղթահարել ազգային եւ հանրային կեանքում հանգստութիւն պահպանելու» ճահճացնող կոչի ազդեցությունը»։ Սա ոչ անհաջող կատակ է, ոչ էլ՝ ոմն հոգեխեղվածի զառանցանք։ Սա պատմության փոշու տակ մաքուր խղճով նիրհող «Ազատամարտ» շաբաթաթերթի (1991թ. հոկտեմբեր 17-23) 1-ին էջը զարդարող մարգարիտ է։

Հիմա, երբ «եւ դարից երկար ձգվող» տեսլական ճամփեքին դեգերող դաշնակցության սուր անկյունները աղետալիորեն բթացել են, եւ այս հեղափոխական կուսակցությունը, Ռոբերտ Քոչարյանի «հանգստութիւն պահպանելու» ճահճացնող կոչի ազդեցության ներքո, սկսել է «ըմբռնումով մոտենալ» վերջինիս՝ Հայաստանը անշրջելիորեն ճահճի վերածելու համառ ցանկությանը, մտածել է պետք՝ ի՞նչ է կատարվում ազգիս հավատավոր բազեների հետ։ «Ազատամարտի» ընդամենը այս մի համարը (ամենախաղաղասերներից) թերթեցի ու ավելի «հուսահատվեցի»՝ ո՜ւր էին, ո՜ւր հասան։ 1-ին էջի լուսանկարներից մեկում մի ՀՀ քաղաքացի գլուխն է բռնել, նույն էջի մի այլ լուսանկարում ՀՀ քաղաքացին անտանելի մռայլ է, իսկ վերեւում՝ դաշնակցության պաթոսին անհարիր, անկյանք վերնագիր է. «Ավարտվեցին ՀՀ նախագահի ընտրությունները»։ Ամեն ինչ պարզ է՝ «անշրջելի ողբերգություն» է կատարվել. չնայած ընտրության արդյունքները դեռեւս հայտարարված չեն, բայց ակնհայտ է՝ դաշնակցության թեկնածու Սոս Սարգսյանը չի ընտրվել, ընտրվել է Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Հաջորդ էջերն ավելի «անողոք» են. մի մեծ խումբ հավատավորներ մանրակրկիտ «ուսումնասիրել են» Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հեռուստաելույթը։ Ոնց որ երանելի կոմունիստական ժամանակներում, ելույթից մի-մի պարբերություն է բաժանվել հոդվածագիրներին ու հանձնարարվել՝ անխնա քրքրե՛ք։ Դե, նրանք էլ բարախղճորեն քրքրել են։ Զորօրինակ՝ «Քաւ լիցի, գործ ունենք գեղեցիկ խոսքերի հետ, որի հետեւում պայքար չկայ, կռիւ չկայ»։ Շարունակե՞մ։ Ի՞նչ կարիք կա. վերընթերցեք անմահ Օտյանին։

Չհամբերելով անգամ մինչեւ ընտրությունների արդյունքների հրապարակումը, ՀՀ առաջին նախագահին սուր քննադատության թիրախ դարձրած դաշնակցությունն ի՞նչ իմանար, որ մի օր հենց ինքը պիտի հորդորեր հասարակությանը, թե ինչ լավ բան է համբերությունը, թե ինչ վատ բան է նախագահին 3-4-5 տարի ժամանակ չտալն ու չվստահելը, եւ, որ պարզապես հանցագործություն է պետության խորհրդանիշները վարկաբեկելը։

Բայց գլուխը քարը, թե ինչ գիտեին դաշնակները Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք, եւ ինչն էին ձեւացնում, թե չգիտեին։ Նրանք խնդիր ունեին վարկաբեկել անկախացած (ո՛չ իրենց շնորհիվ) Հայաստանը եւ իրագործեցին այն։ Հետեւողականորեն, մոլեգնորեն ու գերազանց։ Հիմա մենք ունենք գրեթե անվերադարձ վարկաբեկված նախկիններ եւ անկախությունից մինչեւ հոգու խորքը զզվող ու պետականության հանդեպ աչքերն անմեղսունակ արհամարհանքով ճպճպացնող հասարակություն։ Ունենք մի անզուգական նախագահ, որը մեկիկ-մեկիկ տանուլ է տալիս նախկինների մեծ ու փոքր հաղթանակները եւ առավելագույնս կատարելագործում նրանց սխալները։ Ունենք «վախը չափելու» սուր կարիք զգացող, կիսագրագետ իշխանամետ կուսակցություններ, եւ, իհարկե, մի շա՜տ խաղաղասեր ու ճահճասեր կուսակցություն՝ դաշնակցություն անունով։ Ի՞նչ է պատահել։ Դաշնակցությունը չի՞ գիտակցում, որ պահանջատիրությունն ու հեղափոխականությունն իրենց ծրագրից սրբագրելուց հետո՝ տակը մնալու է կոմունիստական կուսակցության մանիֆեստի պես մի բան։ Թե՞ իր ընտրյալից գեղջկական խորամանկության պարզունակ «նրբությունները» սերտել ու սպասում է։

Սպասում է, գիտակցելով, որ Քոչարյանի «շուստրի» (ասել է թե՝ կոմպլեմենտար) քաղաքականության արդյունքում հասել ենք մի փակուղու, որտեղ Ղարաբաղի հարցը պիտի լուծվի կա՛մ ակնհայտ զիջումներով, կա՛մ՝ պատերազմով։ Պատերազմ լինի՝ դաշնակցությունը կհիշի, որ եթե «պայքար չկայ, կռիվ չկայ», ապրելն առհասարակ անիմաստ է, չի լինի՝ ճահճում ճղփճղփացնելով կսպասի այնքան, մինչեւ Քոչարյանը կզիջի ինչ ուզում է եւ ինչքան ուզում է… Ու մեկ էլ՝ «Խեղդե՜ց, խեղդե՜ց, վա՜յ, իմ կատուն» վայնասունով՝ մեջլիս դուրս կգա պահանջատեր ու հեղափոխական դաշնակցությունը։ Դուրս կգա՝ եւ իրեն ու բոլորիս հայտնի միջոցներով իշխանությունն իր ձեռքը կառնի (խասյաթ է՝ դարասկիզբ է, չէ՞)։ Հետո, իհարկե, դիմակազերծ կանի ծպտված ՀՀՇ-ական ռեւանշիստ Քոչարյանին, կհայտարարի, որ ՀՅԴ-ն կատարվածի համար պատասխանատվություն չի կրում, որ… Կարեւոր չէ, թե էլ ինչ կհայտարարի դաշնակցությունը Ղարաբաղի հարցը մեջտեղից հանելուց հետո։ Կարեւորն այն է, որ Ղարաբաղը ծախելու «լաքան» իր ճակատին չի լինի, ու կորուսյալ հայրենիքի մասին բայաթի քաշելու ծովից ծով առիթներին կավելանա եւս մեկը։

… Եվ կթագավորի «ավերակացս» դաշնակցությունը մեռելապաշտ՝ տեսլական մղձավանջների ծոցում հեշտագին օրորելով կորուսյալ հայրենիքն ու կորսվող պետությունը մեր նաիրյան։

ԼԻԶԱ ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031