Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱԲԱԹՎԱ ՄԵԿՆԱԲԱՆՆԵՐԸ

Մարտ 31,2001 00:00

ՇԱԲԱԹՎԱ ՄԵԿՆԱԲԱՆՆԵՐԸ Գեյդար Ալիեւը Որոշելով ոչնչով հետ չմնալ հայերից, Ադրբեջանի նախագահը բողոքեց աշխարհին առ այն, որ ադրբեջանցիները 20-րդ դարում ենթարկվել են բազմաթիվ ցեղասպանությունների: Անցած շաբաթ Ալիեւը հայտարարեց, որ երկու միլիոն ադրբեջանցի ցեղասպանության զոհ են դարձել, մասնավորապես, 1905-1907 եւ 1918 թվականներին: Պատմության այս խիստ յուրահատուկ ընկալման մեջ կա մի էական թերություն. Ալիեւի նշած ժամանակահատվածում այդ տարածքում ապրող թուրքական ցեղը ոչ ոք «ադրբեջանցի» չէր անվանում: Այդ ցեղը կոչվում էր «կովկասյան թաթարներ»: Գուրգեն Եղիազարյանը Փաստերին չտիրապետելու եւ իրականության սխալ ըմբռնումից ելնելով հեռուն գնացող մեկնաբանություններ անելու զարմանալի հատկություն դրսեւորեց Հայաստանի նշանավոր հետախույզը: Այդպես, պրն Եղիազարյանը կարծում է, որ կուսակցությունների ղեկավարները եւ նրանց թվում՝ Վանո Սիրադեղյանը պաշտպանության նախարարությունում էին հավաքվել հոկտեմբերի 27-ի ողբերգությունից անմիջապես հետո եւ երեկոյան ժամը 11-ին հենց նրանց ջանքերով է ստեղծվել նոր կառավարության չարաբաստիկ ցուցակը: Այնինչ, բավարար է նայել այն ժամանակվա ցանկացած թերթ (այդ թվում՝ Քոչարյանին սատարող), եւ պարզ կդառնա, որ քաղաքական դեմքերը ՊՆ-ում էին միայն հոկտեմբերի 28-ին: Մասնավորապես, մամուլը բազմիցս արձանագրել է, որ Վանո Սիրադեղյանը հոկտեմբերի 27-ին, մինչեւ ուշ երեկո, Ֆրանսիայի դեսպանատանն էր: Հայկ Հարությունյանը Ճիշտ մեկնաբանելով կոռուպցիայի դեմ պայքարի հրամայականը, ՆԳ նախարարը որոշեց սկսել իր տնտեսության մեջ կարգուկանոն հաստատելուց: Նա հետ վերցրեց իր գերատեսչության կողմից տարիներ առաջ «Չորրորդ իշխանություն» թերթին տրված խիստ թանկարժեք գույքը՝ չեչոտ խալիներն ու ջարդած աթոռները: Բնականաբար, նման դարակազմիկ որոշումները միայնակ չեն կայացվում. երեւում է պրն Հարությունյանի մանրախնդիր եւ գավառամիտ «շեֆերի» ձեռագիրը: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել