Լրահոս
Օրվա լրահոսը

Սպառնալիքի տակ է դրված զինադադարը

Մարտ 31,2001 00:00
zinvor

Երեկ Աջ (ազատական) ուժերի միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ներկա իրավիճակի վերաբերյալ:

Քոչարյան-Ալիեւ մեկուկես տասնյակ հանդիպումների արդյունքները վկայում են, որ դրանք, ինչպես եւ կանխատեսվում էր, միայն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ջանքերի պատրանք են ստեղծել:

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ի սկզբանե եղել է ժողովրդի ինքնորոշման խնդիր եւ այս ռազմավարությամբ հնարավոր եղավ.

ա) դիմակայել խորհրդային կենտրոնի ու Ադրբեջանի աննախադեպ ուժային ճնշումներին եւ մարզը բազմաթիվ թելերով կապել Հայաստանի հետ,

բ) ազատագրել Լեռնային Ղարաբաղը, այն դուրս բերել Ադրբեջանի գերիշխանությունից, հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստական անկախությունը,

գ) ռազմական հաջողությունների շնորհիվ Ղարաբաղի շուրջն ստեղծել հուսալի պաշտպանական գոտի եւ Հայաստանի հետ ապահով ցամաքային կապ,

դ) քաղաքական եւ ռազմական ներդաշնակ գործողությունների արդյունքում պարտադրել Ադրբեջանին զինադադար՝ հակամարտության խաղաղ կարգավորման իրական հեռանկարով,

ե) դիվանագիտական հաջողությունների շնորհիվ ԼՂՀ-ն միջազգայնորեն ճանաչվեց որպես հակամարտության կարգավորման լիիրավ կողմ:

Սակայն շահավետ եւ նպաստավոր պայմաններում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործնական նախաձեռնությանն ի պատասխան՝ պահանջատիրության հիմքի վրա հրահրվեց քաղաքական հիստերիա, կեղծ հայրենասիրության մի շքահանդես, որին տուրք տվեցին նաեւ ներկայումս իշխանության մեջ հայտնված քաղաքական ուժերը, «ազգային մտավորականությունը»: Շահարկելով կարգավորման նախաձեռնությունը եւ պիտակելով այն «պարտվողական»՝ պետական հեղաշրջման միջոցով կատարվեց իշխանափոխություն:

Հանրապետությունը կաթվածահարող զանգվածային արտագաղթի, քաղաքական ահաբեկչության, ժողովրդավարական ազատությունների ոտնահարման եւ միջազգային մեկուսացման մթնոլորտում Քոչարյանը, որի լեգիտիմությունը կասկածի տակ է դրվում նաեւ միջազգային հանրության կողմից, իրականացնում է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման սկզբունքից հրաժարման ուղեգիծ: Վերջին երեք տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցը փոխակերպվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճի, եւ դրա հետեւանքով.

ա) հակամարտության կողմ ճանաչված Լեռնային Ղարաբաղը կորցրեց իր այդ կարգավիճակը եւ հակամարտության սուբյեկտից վերածվեց հակամարտության օբյեկտի՝ արձանագրվելով որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վիճելի տարածք, ինչին ապարդյուն ձգտում էր Ադրբեջանը 1988-ից ի վեր,

բ) ըստ էության կանգ առավ ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղարար առաքելությունը,

գ) ստորագրելով Ստամբուլի խարտիան, Քոչարյանը ընդունեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման հիմքը պետք է հանդիսանա Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումը:

Արդարացան այն կանխատեսումները, որ ներկա վարչախումբն իրականացնում է հակամարտությունը չկարգավորելու եւ ստեղծված իրավիճակը սառեցնելու քաղաքականություն՝ մոլորեցնելով մեր հասարակությանը եւ միջազգային հանրությանը: Դրա հետեւանքով զինադադարից յոթ տարի անց թե8216 Ադրբեջանում, թե՛ Հայաստանում առաջին անգամ սպառնալիքի տակ է դրված անլուր զրկանքների եւ հազարավոր մարդկանց արյան գնով ձեռք բերված զինադադարը, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման հնարավորությունը. սկսվել է պատերազմի անթաքույց պրոպագանդա:

Մենք անթույլատրելի ենք համարում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հաշվին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը:

Ժամանակի հրամայականն է դարձել արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն ապահովող օրինական իշխանության ձեւավորումը:

ԱՋ (ազատական) ՈՒԺԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

«21-րդ դար» ժողովրդավարական ազգային կուսակցություն,

Լիբերալ դեմոկրատական կուսակցություն, «Ազատություն» կուսակցություն,

«Արմատ» ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031