Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲՈՒՌՆ, ԵՐԿԱՐԱՏԵՎ ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարտ 31,2001 00:00
hkk

ՀԿԿ 35-րդ համագումարն սկսվեց եւ ընթացավ բուռն, երկարատեւ ծափահարությունների ներքո։ Իսկական կոմունիստական համագումարի համար պակասում էր միայն, որ նախագահություն ընտրվեր ՍՄԿԿ քաղբյուրոն՝ ընկեր Բրեժնեւի գլխավորությամբ։

Թեպետ նախագահություն էլի ընտրվեց եւ շարքային ընկերներից մեկն իր անհամաձայնությունն արտահայտեց այս կապակցությամբ, ասելով մոտավորապես հետեւյալը՝ ընկեր Դարբինյանը միայն իր մոտ խորհրդակցության եկածներին է հրավիրում նախագահություն, միջադեպը շարունակություն չունեցավ եւ ընդվզող ընկերն արդեն Գենադի Զյուգանովի ելույթի ժամանակ հանգիստ ննջում էր եւ աչքերը բացում էր այն ժամանակ, երբ դահլիճը դղրդում էր ծափերից։ Համագումարի բացմանը ներս բերվեց ՀԿԿ դրոշը, որեւէ հիմն չհնչեց։ Պատճառները տեխնիկական էին։

ՀԿԿ 35-րդ համագումարին 376 պատվիրակներից բացի հրավիրված էին 200 հյուրեր։ Համագումարին մասնակցում էին Չինաստանի, Ուկրաինայի, Բելառուսի եւ այլ երկրների կոմունիստներ։ Տեղական կուսակցություններից ներկա էին «Օրինաց երկիրը» (Սերգո Երիցյան), ՀՀԿ-ն (Գալուստ Սահակյան), «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» նախաձեռնությունը (Աղասի Արշակյան), ՀԺԿ-ն (Ստեփան Դեմիրճյան, Գագիկ Ասլանյան), ՀՅԴ-ն (Աղվան Վարդանյան, Արմեն Ռուստամյան)։ Եթե բոլոր մյուս կուսակցությունների ներկայացուցիչները Վլ. Դարբինյանի 1 ժամ 20 րոպեանոց զեկուցումից հետո հեռացան, ՀԺԿ-ականները մնացին եւ ուշադիր լսեցին նաեւ ընկեր Զյուգանովի ելույթը։

Վլ. Դարբինյանն իր զեկուցման մեջ, ներկուսակցական հարցերից խոսելիս, անդրադարձավ նաեւ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին։ Վլ. Դարբինյանը մի թեթեւ անցավ օրվա իշխանությունների վրայով, մասնավորապես ասաց. «Երկիրը նետել են գործազրկության, աղքատության եւ թշվառության գիրկը, վերածել միջազգային ֆինանսական կազմակերպությունների կամակատարի, բառի բուն իմաստով՝ կիսագաղութի»։ Կոմունիստները ցանկանում են, որ երկրի հարցերը լուծվեն ոչ թե միջազգային կազմակերպություններում, այլ՝ Հայաստանի կառավարությունում, խորհրդարանում։ Կոմունիստների բուն նպատակն է՝ «վերածնել Հայաստանը որպես աշխատավորների երկիր եւ այն ընդգրկել անկախ պետությունների նոր միության կազմում, որն այժմ ներկայացնում են Բելառուսը եւ Ռուսաստանը»։ Ընդհանրապես, զեկուցման մեջ կարմիր թելի նման անցնում էր «Ռ.-Բ.»-ին Հայաստանի անդամակցության հարցը, եւ հենց որ այդ երկրների անունները հնչում էին, դահլիճն անզուսպ ծափահարում էր։

Զեկուցողն ասաց, որ իրենք այնքան միամիտ չեն, որ հավատան, թե երկրի «քրեածին-մաֆիոզ» տարրերը թույլ տան անցկացնել արդար ընտրություններ։ Բուրժուազիան կամավոր չի զիջի, հանուն իշխանության պահպանման ոչ մի բանի առաջ կանգ չի առնի, ընդհուպ՝ մինչեւ ամեն տեսակի ոճրագործությունները, ինչպես ցույց տվեցին «Հոկտեմբերի 27»-ի դեպքերը»։ Կոմունիստներն ուզում են իշխանության գալ եւ նրանց ոգեւորում է Մոլդովայի կոմունիստների հաղթական օրինակը։ Հայաստանի կոմունիստներն այս առիթով «մի կարեւոր դատողություն» արեցին, այն է՝ ժողովրդական զանգվածները շատ ավելի ուժեղ են, քան կոմունիստներին հաջողվել է տեսնել ու զգալ։ Այսօրվա իշխանությունների մասին կոմունիստները հետեւյալ կարծիքին են. «Ներկայիս իշխանությունների որդեգրած ազատական քաղաքականությունը եւ ռազմաոստիկանական համակարգի հետ սերտաճումը տանում են դեպի ռազմաոստիկանական բռնապետության հաստատում, մի խումբ հարուստների տնտեսական լծակների ամրացման եւ սոցիալական ճգնաժամի էլ ավելի խորացման»։ Կոմունիստները պատրաստ են մինչեւ վերջ պայքարել եւ կոմունիստաբար վերադառնալ իշխանության։ Դա նշանակում է՝ թափանցել ընտրովի օրենսդիր եւ տեղական ինքնակառավարման մարմիններ, ստանալ ժողովրդի լայն զանգվածների վստահությունը եւ աջակցությունը։ Այն պահին, երբ Վլ. Դարբինյանը հայտարարում էր, որ իրենք ուզում են եւ պետք է վերադարձնեն կորցրած իշխանությունը, մյուս կուսակցությունների ներկայացուցիչները՝ դեմքներին խիստ լրջմիտ արտահայտություն տված, լսում էին, ոչ մի դիմագիծ գրեթե չէր շարժվում։ Բայց դժվար չէր կռահել, թե յուրաքանչյուրի գլխում ինչ մտքեր էին ծնվում։ Թերեւս այսպիսի՝ «դուք մեկ անգամ իշխանություն եղել եք, հերթը մերն է»։

Լրագրողներին թույլ տվեցին մասնակցել համագումարի առաջին օրվա առաջին կեսին միայն։ Շարքային կոմունիստների ելույթները, ինչպես նաեւ կենտկոմի ընտրությունները տեղի ունեցան (այսօր կշարունակվեն) գաղտնի։

Զեկուցման վերջում Վլ. Դարբինյանը բնական ու բանական համարեց, երբ «կուսակցության ներսում ծավալվում են անկեղծ, առանձին դեպքերում՝ թեժ երկխոսություններ այս կամ այն մարտավարական գործընթացների շուրջ»։ Ի դեպ, հենց այս «թեժ երկխոսությունների» հետ կապված համագումարի ընդմիջմանը զրուցեցինք համագումարի պատգամավորների հետ։ ՀԿԿ կենտկոմի երկրորդ քարտուղար Լեոնիդ Հակոբյանը չափազանց ուրախ եւ առույգ էր համագումարի ամբողջ ընթացքում։ Նա կտրականապես մերժեց, թե հնարավոր է կենտկոմի առաջին քարտուղարի փոփոխություն. «կոմունիստների մոտ այդպիսի հարց չկա, մենք դրանով ենք մյուս կուսակցություններից տարբերվում, որ մեզ մոտ այդպիսի տարաձայնություններ չկան, միաձույլ է մեր կուսակցությունը»։

ՀԿԿ կենտկոմի ղեկավար Հրանտ Ոսկանյանը եւ Երեւանի քաղկոմի առաջին քարտուղար Յուրա Մանուկյանը եւս անհնարին համարեցին Վլ. Դարբինյանի չվերընտրվելը. «Մեր կուսակցությանը դա յուրահատուկ չէ։ Սա կուսակցություն է, հո խառնաժողով չի՞»։

Դե ինչ, սպասենք մինչեւ հաղթական ավարտ։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031