Ըստ ամենայնի՝ դեռ 1993-ից խորհրդարանում իր մշտական տեղն ունեցող՝ «Ինտերագրոքիմռեակտիվ» ԲԲԸ-ի նախագահ, 43-ամյա Վոլոդյա Բադալյանը կգլխավորի ստեղծվելիք «Ագրո-արդյունաբերողների» պատգամավորական խումբը։
Անվանման երկրորդ մասնիկը հարցականներ չի առաջացնի՝ Վոլոդյա Բադալյանը գործարանի ղեկավար է, արդյունաբերողների եւ գործարարների միության անդամ։ Բայց հարկ է բացատրել, թե ինչ առնչություններ է ունեցել նա խմբի անվանման մեջ ներառված «ագրո» մասնիկին, այսինքն՝ գյուղատնտեսությանը։ Երկար տարիներ Վոլոդյա Բադալյանի ղեկավարած «Քիմռեակտիվներ» գործարանն արտադրել է հերբիցիդներ, որոնք օգտագործվում են գյուղատնտեսության մեջ։ Բացի այդ՝ շուրջ 1,5 տարի առաջ հունական ապրանքային վարկի շրջանակներում Վոլոդյա Բադալյանը ձեռնարկել է նոր գործարանի կառուցում, որը որակյալ սերմացու կապահովի Հայաստանի համար։ Սա էլ բոլորը չէ՝ նաեւ նրա նախաձեռնությամբ է ստեղծվում «Ագրոարդյունաբերողների եւ ֆերմերների» հասարակական կառույց» միությունը։
Որպես արտադրող, գյուղատնտեսության նրա ուսումնասիրությունները բերել են այն համոզման, որ գյուղացին, ճիշտ է, բավական վատ վիճակում է եւ պետք է օգնել, որ ստեղծվեն աշխատատեղեր. «Բայց բացի ֆինանսական պակասից՝ կա նաեւ գյուղի խնդիրներն օրենսդրորեն ձեւավորելու կարիք։ Եվ ոչ ոք չի զբաղվում այդ հարցով»։
Այսպես էլ, ըստ Վոլոդյա Բադալյանի, դեռ շուրջ 1 տարի առաջ ծնվեց անկախ պատգամավորներից նման խումբ ձեւավորելու գաղափարը, որը մասնագիտորեն կզբաղվի ե՛ւ քաղաքային, ե՛ւ գյուղատնտեսական արտադրությանն առնչվող խնդիրների օրենսդրական ձեւակերպմամբ։
Կարդացեք նաև
Հարկ է նաեւ նշել, որ թեեւ Վոլոդյա Բադալյանը նախկինում ՌԱ(ԼԴ)Կ-ի անդամ էր, բայց 1998-ի մարտից նա իր կայուն տեղն ուներ Կարեն Դեմիրճյանի կողքին։ Այժմ էլ նա ՀԺԿ-ի քաղաքական խորհրդի եւ վարչության անդամ է եւ մեր հարցին, թե ինչպե՞ս է կուսակցությունն արձագանքել իր այս նախաձեռնությանը՝ պատասխանեց. «Ես չեմ հեռանում ՀԺԿ-ից, ինձ էլ չեն «վռնդում»՝ ինչպես գրում են թերթերը։ Տեղյակ է մեր քաղաքական խորհուրդը եւ Ստեփան Դեմիրճյանը։ Ինձ բացասական ոչինչ չի ասվել։ Եվ ես շարունակելու եմ նույնն անել, ինչ կա մեր ծրագրերում»։
Մեր հարցին, թե արդյոք «Կառուցենք եւ պաշտպանենք» կարգախոսով խորհրդարան հասած խմբակցությունն արտադրությանն առնչվող օրինագծեր կյանքի չէր կոչում եւ այդ պատճառո՞վ անհրաժեշտություն առաջացավ նոր խումբ ձեւավորել, պրն Բադալյանը պատասխանեց. «Այդ կարգախոսը շատ ընդգրկուն է։ Ես դրա մի մասն եմ վերցրել՝ «Կառուցենք»-ը, այն ավելի արագ իրականացնելու համար։ Այլապես կարգախոսը եւ մեր ծրագրերի մեջ եղած խնդիրները նույնն են։ Եվ մենք կաջակցենք ու կօգնենք, որ «Միասնության» ծրագրերն իրագործվեն»։
Որպես կանոն՝ խումբ ստեղծողները զգուշանում են իրենց թվաքանակի եւ անդամների վերաբերյալ վաղաժամ բացահայտումներից՝ տեղին մտահոգվելով, թե իրենց պատգամավորներին մտքափոխ կանեն։ Այս կանոնից բացառություն չարեց նաեւ Վոլոդյա Բադալյանը եւ անուններ չտվեց։ Միայն նշեց, թե խումբը ստեղծելու համար անհրաժեշտ 10-ը կան. «Եվ ավելիի մասին ենք մտածում»։ Նաեւ պարզաբանեց, թե խմբին անդամակցելու համար «Միասնությունից» այլ պատգամավորներ դուրս չեն գա՝ «Ագրո- արդյունաբերողները» համալրվելու են բացառապես անկախ 27 պատգամավորների շրջանակից։
Մամուլում այս խմբի անդամների մասին եղած կցկտուր լուրերից մեկն այն էր, թե «Ագրո-արդյունաբերողներին» անդամակցելու է Հրանուշ Հակոբյանը. «Այո, նա եւս նման ցանկություն է հայտնել,- հաստատեց պրն Բադալյանը,- ճիշտ է, հոլովվում է, թե նա պիտի ղեկավարի ստեղծվելիք խումբը։ Բայց Հրանուշ Հակոբյանն այդ կարգի բաներ բացարձակապես չի ասել»։
Ինչպես համոզվեցիք՝ մեր զրուցակիցը ժխտողական վերաբերմունք չուներ «Միասնության» հանդեպ։ Նույն լոյալ վերաբերմունքը ստեղծվելիք խմբի հանդեպ փոխադարձում էին եւ «Միասնության» առաջնորդները։ Ուստի, գրեթե հռետորական պիտի հնչեր հարցը, թե «Ագրո-արդյունաբերողներն» ինչ դիրքորոշում են որդեգրելու կառավարության հանդեպ։ Սակայն Վոլոդյա Բադալյանն այսպես պատասխանեց. «Եթե կառավարությունն աջակցի այն ծրագրերին ու նպատակներին, որոնք օգուտ կբերեն երկրի արտադրությանը՝ պատրաստ ենք համագործակցել։ Հակառակ դեպքում՝ մեր ուղղությունն ունենք»։
Այսուհանդերձ, ինչ-որ բան հուշում է, թե նախորդ ԱԺ-ում «Բարեփոխումներ» խմբի անդամի ղեկավարելիք «Ագրո-արդյունաբերողները» նույն դերն են կատարելու «Միասնության» համար, ինչ «Բարեփոխումները»՝ «Հանրապետության»։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ