Фантомас разбушевался
Իսկ ահա Արշակ Խաչատրյանը ոչ կատաղել ա, ոչ էլ հեռավոր նմանություն ունի Ֆանտոմասին: Արշակ Խաչատրյանը դատավոր է: Դատում է Աշոտ Բլեյանին ու Ռիմա Պողոսյանին, եւ ինքզինքն իշխան Սաքո է զգում՝ դրա իրավունքը լիուլի վաստակելով: Վերջիվերջո, վերաքննիչ դատարանն իր մայլեն է, դատավորներ Սեւակ Համբարձումյանն ու Մհեր Արղամանյանը մայլի տղերքն են, մեղադրող-տրոյկան՝ ախպեր տղերքը, ավտոմատավորներն ու կարմիր բերետավորներն էլ (օրեցօր ավելացող)՝ նրանց կյանքի ու ինչքի «պահապան հրեշտակները»: Ճիշտ է, երբ վերջիններս աչքները ոլորելով ու «վրա քշելով» գոռում են դահլիճում նստած ուսուցչուհիների ու «ամբաստանյալների» հարազատների վրա, հասկանում ես, որ երկնքում նույնպես կրթությունն ու տարրական դաստիարակությունը բարձիթողի վիճակում են, բայց որ հասկանում ես՝ ի՞նչ. երկիրը հանձնել ենք «սարի չոբաններին», քթներս պիտի խոթենք երկնայի՞ն գործերի մեջ:
Այնպես որ, պարապ զբաղմունք է զա րմանալը, թե ինչու է նախագահող «իշխան Սաքոն» Աշոտ Բլեյանին ու վաթսունն անց կնոջը դու-ով դիմում, ինչու է դեմքը ծամածռում, երբ նրանք փորձում են ապացուցել իրենց անմեղությունը, ինչու է առանց բերանը ծածկելու լայնարձակ հորանջում եւ ինչու է «մայլի տղերքի» հետ ցուցադրական զրուցում ու զվարճանում հատկապես այն պահերին, երբ Աշոտ Բլեյանը հերթական օրինական միջնորդությունն է անում (կենացներն էլ, դե, «ծիծաղախիտ» դատավոր Սեւակ Համբարձումյանն է քաղցրացնում՝ «էլի սկսեց» արհամարհական ռեպլիկով):
Հասկանալի է, տղերքը ձանձրանում են ու ձանձրանալով զարմանում, թե ոնց մինչեւ հիմա Բլեյանը չի հասկացել, որ մեղադրական եզրակացությունից պատճենած-պատրաստ վճռի վրա արդեն մի մատ փոշի է նստել, իսկ այս դատավարությունն էլ ընդամենը թամաշա է:
Կարդացեք նաև
Հասկանալի է, «դու՞ ո՜վ ե՜ս» ռեպլիկը, որ դեպի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենը նետեց պարոն նախագահողը՝ թաղի «ավտարիտետին» արժանի հնչերանգով, ամենեւին էլ մտավորական «ամբաստանյալին» վիրավորելու նպատակ չէր հետապնդում: Արշակ Խաչատրյանը, վստահ եմ, իրոք, չգիտի, թե ով է Աշոտ Բլեյանը, որովհետեւ պատվարժան նախագահողի կեցվածքը պարզապես աղաղակում է, որ իր ողջ գիտակցական կյանքում նա դպրոցը համառորեն եւ հետեւողականորեն շփոթել է փողոցի հետ:
Слабо?
ԼԻԶԱ ՃԱՂԱՐՅԱՆ