Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երեւանը» չլուծարվեց

Մարտ 30,2001 00:00
xzmalyan

Երեկ «Երեւան» կինոստուդիան մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում ցուցադրվեց կինոստուդիայում նկարահանված երկու նոր տեսաֆիլմ։

Ժիրայր Ավետիսյանի, Ռենալ Միրզոյանի եւ Տիգրան Խզմալյանի նկարահանած «Մոռացված փետրվարը» 22 րոպեանոց տեսաֆիլմ է, որը ներկայացնում է 88թ. փետրվարի քաղաքական անցուդարձը։ Իսկ երկրորդ ֆիլմի հեղինակներն են Արման Մելիքյանը, Զավեն Խաչիկյանն ու Տիգրան Խզմալյանը։ 27 րոպեանոց այս տեսաֆիլմը ներկայացնում է բարոնուհի Քոքսի հայամետ գործունեությունը 1991 -2001թթ. ընթացքում։ «Երեւան» կինոստուդիայի լուծարման աղմուկի հետ կապված, տնօրեն Տիգրան Խզմալյանն ասաց, որ դա «որոշ մարդկանց նախաձեռնությունն էր եւ ակնհայտ էր, որ դրա միտումը կինոստուդիայի հարուստ արխիվը (շուրջ 640 տեսաֆիլմեր) ձեռք բերելն էր»։ Տնօրենն ասաց, որ այս առիթով գրված «ստահոդ հոդվածների» հեղինակներին պատրաստվում է դատի տալ։

Դեռեւս փետրվարին «English film company» անգլիական ընկերության նախաձեռնությամբ Լոնդոնի երեք կինոթատրոններում պիտի ցուցադրվեր «Երեւան» ստուդիայում նկարահանված «Պիեռլեկինը»։ Անգլիական ընկերությունն իր վրա էր վերցրել ֆիլմը արտատպելու եւ նոր ձայնագրություն կատարելու պարտականությունը։ Սակայն Տ. Խզմալյանն ասաց, որ հենց այդ օրերին է բարձրացվել ստուդիայի լուծարման խառնաշփոթը, եւ ինքը չէր կարող թողնել կինոստուդիան (անգլիական ընկերության հետ պայմանավորվածության համաձայն կինոռեժիսորն էլ պիտի լիներ Լոնդոնում)։ Սակայն նա ավելացրեց, որ «Պեռլեկինն» այժմ Լոնդոնում է եւ ապագայում ընկերության հետ լրացուցիչ կպայմանավորվեն ցուցադրության համար։ «Ռադիոյի եւ հեռուստատեսության լուծարման հետ մեկտեղ, վերջին պահին, անհասկանալի պատճառներով, դրվեց նաեւ «Երեւան» ստուդիայի լուծարման հարցը։ Ես այդ մասին կառավարության նիստից մի քանի ժամ առաջ տեղեկացա»,- ասաց Տիգրան Խզմալյանը։ Սակայն նա միաժամանակ գոհունակությամբ ավելացրեց, որ կինոստուդիան չլուծարելու հարցում մեծ աջակցություն է ցուցաբերել ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը։

Վերջնահաշվում «Երեւան» ստուդիան չի լուծարվել։ Սակայն արդեն 2 ամիս է այն հոսանքազրկված է։ Տնօրենն ասաց, որ երեք օր առաջ նաեւ ջուրն են կտրել։ «Հարցն այն է, որ մենք հանրային հեռուստատեսության հետ նույն աղբյուրից ենք ստանում հոսանքն ու ջուրը։ Ուղղակի այդ գծի վրա առաջինը հեռուստատեսությունն է, հետո մեր ստուդիան։ Եվ հենց իրենք էլ չեն թողնում, որ հոսանքն ու ջուրը մեզ հասնեն»,- ասաց Տիգրան Խզմալյանը։

Իսկ ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված հատուկ հանձնաժողովը փետրվարին ստուգումներ է անցկացրել «Երեւան» ստուդիայում։ Արդյունքները դեռ ամփոփվում են։

Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, առավոտյան վիճաբանություն է եղել Տ. Խզմալյանի եւ ՀՀՀ-ի փոխտնօրեն Հ. Հարությունյանի միջեւ։ Հիշեցնենք, որ «Երեւան» ստուդիան գտնվում է ՀՀՀ տարածքում եւ Հ. Հարությունյանն առավոտյան փակել է տարածքի մուտքի դռներն ու «Երեւան» ստուդիայի 30 աշխատակիցներին առաջարկել այլ կերպ մտնել ստուդիա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031